Սեպտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՊՏՀ-ում մասնակցեց «Մենք փոխվում ենք» խորագրով շնորհանդեսին, որի ժամանակ ներկայացվեց բուհի նոր ապրանքային նշանը: Միջոցառմանը ներկա էին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, բուհի խորհրդի անդամներ, շրջանավարտներ, դասախոսներ եւ ուսանողներ:
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն իր ելույթում պարզաբանելով «Մենք փոխվում ենք» խորագիրը, մասնավորապես կարեւորեց ժամանակի պահանջներին համահունչ պահանջված մասնագետների պատրաստումը, նշելով, որ պահպանելով ավանդույթները` բուհը վերափոխվում եւ բարեփոխվում է:
Շարունակելով գործատուների հետ համագործակցելու ավանդույթը` ՀՊՏՀ-ն եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը` ի դեմս ռեկտոր Կ. Աթոյանի եւ նախարար Ա. Գրիգորյանի, ստորագրեցին համատեղ հետազոտական աշխատանքներ եւ կրթական ծրագիր իրականացնելու մասին համաձայնագիր:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նոր ապրանքային նշանի ներկայացումից հետո բուհի ռեկտորը հրապարակեց համալսարանի` նոր խորհրդանիշով առաջին պաշտոնական փաստաթուղթը` ՀՊՏՀ գիտխորհուրդը որոշել է Հայաստանի տնտեսության, կրթության համակարգի եւ Հայաստանի տնտեսագիտական համալսարանի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Ազգային ժողովի նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանին շնորհել համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: ՀՊՏՀ ռեկտորը ներկաներին տեղեկացնելով, որ սեպտեմբերի 29-ին լրացել է Հովիկ Աբրահամյանի` որպես Ազգային ժողովի նախագահ պաշտոնավարելու երեք տարին, շնորհավորեց նրան` մաղթելով նորանոր հաջողություններ:
Շնորհակալություն հայտնելով կոչման համար` ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանն այն պարտավորեցնող համարեց իր հետագա գործունեության համար, նշելով, որ հպարտ է, որ ՀՊՏՀ-ի շրջանավարտն ու նրա խորհրդի նախագահն է: Արագ փոփոխվող աշխարհում Հովիկ Աբրահամյանը կարեւորեց տնտեսագիտական բուհի շրջանավարտների մակարդակն ու գիտելիքներըը եւ համոզմունք հայտնեց, որ ՀՊՏՀ-ն ի դեմս արհեստավարժ պրոֆեսորադասախոսական կազմի` ունի բավարար ռեսուրսներ եւ ներուժ` տալու որակյալ շրջանավարտներ:
Ազգային ժողովի նախագահը կարեւոր համարեց նաեւ, որ բուհի շրջանավարտը գիտելիքի հետ միասին նաեւ որոշակի փորձ ունենա եւ պատրաստակամություն հայտնեց բոլոր հնարավորությունները ներդնել այդ փորձի ձեռքբերմանն աջակցելու համար: «Ամեն ինչ անելու ենք, որ բուհը միշտ լինի առաջատարներից: Մենք փոխվենք` եղած լավը պահպանելով եւ ձեռք բերենք ավելի լավը»,-անդրադառնալով բուհի որդեգրած` «Մենք փոխվում ենք» խորագրով քաղաքականությանը` ասաց Հովիկ Աբրահամյանը: