Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում Լիբանանի Հանրապետության Նախագահ Միշել Սուլեյմանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպեց ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հետ: Հանդիպմանը ներկա էին ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը, Սամվել Բալասանյանը, մշտական հանձնաժողովների նախագահներ, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ:
Ողջունելով Լիբանանի Նախագահի եւ նրա ղեկավարած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն` ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը համոզմունք հայտնեց, որ այն խթան կհանդիսանա հայ-լիբանանյան հարաբերությունների, ինչպես նաեւ միջխորհրդարանական համագործակցության զարգացման գործում: Գոհունակությամբ փաստելով, որ հայ-լիբանանյան միջխորհրդարանական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա ` պարոն Նիկոյանը նշեց, որ իր կողմից կանի հնարավորը, որ փոխգործակցությունն ավելի խորանա եւ զարգանա: Կարեւորելով միջխորհրդարանական կապերը ` պարոն Նիկոյանը նշեց, որ դրանք հանդիսանում են միջպետական հարաբերությունների կարեւոր բաղադրիչ եւ խորհրդարանների շփումների ակտիվացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով նպաստում են փոխըմբռնման եւ փոխվստահության ամրապնդմանը, միասնական տեսակետների շրջանակի ընդլայնմանը եւ երկրների միջեւ համագործակցության զարգացմանը:
Նրա խոսքով` Հայաստանը Լիբանանի հետ ունենալով բազմաթիվ ընդհանրություններ ու ժողովուրդների միջեւ բարեկամության պատմական ավանդույթներ ` շարունակելու է արդյունավետ համագործակցությունը թե? միջազգային ասպարեզում եւ թե? երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ? ՀՀ ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ պարոն Սուլեյմանի պաշտոնական այցը Հայաստան մեծ լիցք կհաղորդի երկկողմ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը բոլոր ուղղություններով: Պարոն Նիկոյանը բարձր գնահատեց Լիբանանի եղբայրական վերաբերմունքը լիբանանահայության հանդեպ: Նրա խոսքով` Լիբանանի հայ համայնքը, հանդիսանալով հուսալի եւ ամուր կամուրջ երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների միջեւ, միաժամանակ, կարողացել է պահպանել իր ազգային հարուստ մշակույթն ու արժեքները, ակտիվորեն մասնակցել Լիբանանի քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքին: Սամվել Նիկոյանը նշեց, որ բազմազգ եւ բազմակրոն քաղաքակրթություն ունեցող Լիբանանը մշակույթների եւ կրոնների երկխոսության, կրոնական հանդուրժողականության, ժողովրդավարության լավագույն օրինակ է հանդիսանում:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ԱԺ նախագահը կարեւորեց տարածաշրջանային կայունությունը եւ խաղաղությունը ու այս համատեքստում շնորհակալություն հայտնեց Լիբանանի կառավարությանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հավասարակշռված դիրքորոշման համար: Նա անթույլատրելի համարեց նման հարցերում երկակի ստանդարտների կիրառումը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Լիբանանի Նախագահը իր, պատվիրակության եւ Լիբանանի Ազգային ժողովի նախագահի անունից շնորհավորեց Սամվել Նիկոյանին ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնեց, որ նրա նախագահության օրոք հայ-լիբանանյան միջխորհրդարանական գործակցությունը կշարունակի զարգանալ եւ ամրապնդվել: Նա բարձր գնահատեց Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործընթացները: Պարոն Սուլեյմանը կարեւորեց միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցությունը եւ փոխաջակցությունը: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին, նա նշեց, որ այն պետք կարգավորվի միջազգային չափանիշներին համապատասխան, ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
Հանդիպման վերջում Լիբանանի Նախագահը գրառում կատարեց ԱԺ պատվավոր հյուրերի գրքում: