Դեկտեմբերի 26-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: ԱԺ նախագահին ուղեկցում էին խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Տաճատ Վարդապետյանը, Հովհաննես Սահակյանը, Կարեն Սարիբեկյանը, Գագիկ Մելիքյանը, Վահե Հակոբյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Լոռու մարզպետարանից հետո Ազգային ժողովի նախագահն այցելեց Վանաձորի մանկատուն: Սամվել Նիկոյանը շրջեց մանկատան կարի արտադրամասում, որտեղ երեխաները սովորում են կար ու ձեւ, ինչպես նաեւ իրենց համար զգեստներ են պատրաստում: ԱԺ նախագահը զրուցեց երեխաների հետ, դիտեց նրանց աշխատանքները: Շրջելով մանկատանը` Սամվել Նիկոյանը անմիջական մթնոլորտում խոսեց մանկատան անձնակազմի եւ սաների հետ, ծանոթացավ վերջիններիս կեցության պայմաններին: Շնորհավորելով գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոների առթիվ` ԱԺ նախագահը նվերներ հանձնեց նրանց: Երեխաներն իրենց երգ ու պարով եւ ասմունքով ողջունեցին հյուրերին, իսկ մանկատան անունից Ազգային ժողովի նախագահին ձեռագործ աշխատանք ընծայվեց:
Եւ մանկատան սաների ու աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, եւ լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի նախագահն արտահայտեց իր երկակի զգացողությունն ու տպավորությունները: Նրա խոսքերով, անշուշտ, ողջունելի է, որ մանկատունն ունի լավ պայմաններ եւ երեխաների համար ապահովում է ընտանեկան ջերմ միջավայր, սակայն, մյուս կողմից, ցավոք, կան երեխաներ, ովքեր իրենց ընտանիքի, ծնողների հետ չեն, եւ ավելի լավ կլիներ, որ ոչ մի երեխա մանկատանը չլիներ:
Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահը ՀՀԿ Լոռու տարածքային կազմակերպությունում հանդիպեց կուսակցական ակտիվի հետ, քննարկեց մի շարք հարցեր:
Լոռի այցի վերջնակետը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն էր, որտեղ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան 4-րդ մրցույթ-փառատոնի գալա համերգը:
Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 4-րդ մրցույթ-փառատոնը նվիրված էր արեւմտահայ բանաստեղծներ Պետրոս Դուրյանին, Միսաք Մեծարենցին, Ռուբեն Սեւակին եւ Վահան Թեքեյանին: Ինչպես նախկինում, մրցույթ-փառատոնն անցկացվել էր երեք փուլով, 11-14 եւ 15- 17 տարեկանների տարիքային խմբերում: Այս տարի եւս մրցույթ- փառատոնին մասնակցել էին հանրապետության բոլոր մարզերի, Լեռնային Ղարաբաղի եւ Ջավախքի շուրջ 123000 աշակերտներ ավելի քան 1500 դպրոցներից:
Դեկտեմբերի 15-ին Երեւանի Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցում տեղի ունեցած փառատոնի եզրափակիչ փուլին մասնակցած 79 դպրոցականներից ժյուրիի կողմից հաղթող ճանաչվեցին 11-14 եւ 15-17 տարիքային խմբերի 18 աշակերտներ, ովքեր դեկտեմբերի 26-ին մասնակցեցին Վանաձորի գալա համերգին:
Գրան պրին ստացավ Երեւանի Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի աշակերտուհի Անահիտ Հակոբյանը: Երկու տարիքային խմբերում 3-ական լավագույն մասնակիցներն արժանացան առաջին, երկրորդ եւ երրորդ մրցանակների եւ ԱԺ շնորհակալագրերի: Հանձնվեցին նաեւ խրախուսական մրցանակներ:
Հաղթողներին հանձնելով պարգեւներն ու մրցանակները` ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ողջունեց դպրոցականներին, նրանց ծնողներին, ժյուրիի անդամներին ու կազմակերպիչներին` փառատոնին մասնակցության եւ այն բարձր մակարդակով անցկացնելու համար: Նշելով, որ ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնը 3 տարի առաջ նախաձեռնվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից եւ անցկացվել նրա հովանու ներքո` Սամվել Նիկոյանը բարձր գնահատեց փառատոնի դերը եւ պատրաստակամություն հայտնեց ապահովել դրա շարունակականությունը, որովհետեւ, նրա խոսքերով` լավ գործը, լավ միտքը պետք է շարունակություն ունենան: Խորհրդարանի ղեկավարը խորհրդանշական համարեց փառատոնի անցկացումը մեծն Թումանյանի հայրենիքում, ով լավ գիտեր բառ ու բանի արժեքը եւ պարզ բառերի մեջ խորը տիեզերական փիլիսոփայություն էր դնում: Սամվել Նիկոյանը ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնը համարեց նաեւ ոգու սովին դիմակայելու միջոցներից մեկը:
Միջոցառումն ավարտվեց Ձմեռ պապի ամանորյա շնորհավորանքներով ու մաղթանքներով: