Օրերս Ազգային ժողովում անցկացված «Բաց դաս»- երից մեկին դպրոցականների հետ միասին ներկա էին նաեւ Ազգային ժողովում պրակտիկա անցնող` ԵՊՀ մի խումբ ուսանողներ, ովքեր, տպավորված հանդիպման անմիջական մթնոլորտից եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ անկաշկանդ զրույցից, խնդրել էին ԱԺ նախագահին` հանդիպել նաեւ իրենց հետ:
Փետրվարի 25-ին խորհրդարանում պրակտիկա անցնող ԵՊՀ իրավաբանական եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողները հանդիպեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:
ԱԺ նախագահի նախաձեռնած անմիջական ու ջերմ զրույցն այնքան մտերմիկ ստացվեց, որ երիտասարդները հանդիպման ավարտին խնդրեցին եւս մի հանդիպում խորհրդարանի ղեկավարի հետ: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մշտապես պատրաստ է հանդիպել երիտասարդների հետ, նրանց հետ քննարկումներ անցկացնել իրենց հուզող հարցերի շուրջ, լսել նրանց առաջարկությունները: Իսկ Ազգային ժողովի դռները միշտ բաց են նրանց համար ոչ միայն պրակտիկայի ընթացքում, այլ նաեւ դրանից հետո:
Ուսանողները շնորհակալություն հայտնեցին պրակտիկայի ընթացքում ԱԺ նախագահի եւ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից իրենց նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի ու աջակցության համար, նշելով, որ իրենց հնարավորություն է ընձեռված անմիջականորեն ծանոթանալ խորհրդարանի կառուցվածքին եւ աշխատանքներին: Դրանց վերաբերող իրենց հարցերը համալսարանականներն ուղղեցին նաեւ ԱԺ նախագահին` օրենսդրությունից մինչեւ խորհրդարանական դիվանագիտություն եւ ոչ միայն:
Հովիկ Աբրահամյանը կարեւորեց խորհրդարանական դիվանագիտության դերը, նշելով, որ այն լայն հնարավորություն է միջազգային կառույցներում տեսակետների ներկայացման, դիրքորոշումների արտահայտման, երկրի մասին օբյեկտիվ պատկերացում ստեղծելու եւ կարծիքներ ձեւավորելու տեսանկյունից: Եւ անհրաժեշտ է մշտապես ակտիվություն ցուցաբերել:
Ուսանողների հարցերին պատասխանելով` ԱԺ նախագահն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ներկայացրեց արձանագրությունների ստորագրումից հետո ստեղծված իրավիճակը եւ Հայաստանի տեսակետն ու դիրքորոշումը:
Չշրջանցվեց նաեւ այս օրերին հրատապ` վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների մաքսազերծման խնդիրը, որի վերաբերյալ ջավախքցի ուսանողի հարցին պատասխանելով` Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ամեն ինչ պետք է արվի, որ որեւէ մեկը` ոչ Հայաստանի քաղաքացիները, ոչ էլ Ջավախքի բնակիչները, չտուժեն:
Ուսանողների կողմից բարձրացված հարցերի շրջանակում խոսելով օտարալեզու դպրոցների եւ ընդհանրապես կրթության մասին` ԱԺ նախագահը նշեց, որ քննարկման ընթացքում է 2011-2015 թվականների կրթության զարգացման ծրագիրը: Այդ թեմայով անցկացվել են խորհրդարանական լսումներ, որին , ԱԺ նախագահի նախաձեռնությամբ, մասնակցել են նաեւ մանկավարժներ: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ «Բաց դաս»-երի ժամանակ ուսուցիչները բազմաթիվ հարցեր են բարձրացնում, եւ ինքը նպատակահարմար է համարել, որ նրանք իրենց խնդիրները բարձրաձայնելու անմիջական հնարավորություն ունենան` մասնակցելով կրթությանն առնչվող քննարկումներին: Նա առաջարկեց, որ ուսանողները եւս իրենց առաջարկություններն ու դիտարկումները ներկայացնեն:
Երիտասարդների խնդրանքով Ազգային ժողովի նախագահն անդրադարձավ իր նախաձեռնած Երիտասարդական խորհրդարանին` հանդիպմանը ներկա ուսանողներին կոչ անելով ակտիվորեն մասնակցել դրա ստեղծմանն ու աշխատանքներին: Համալսարանակնները ողջունեցին ԱԺ նախագահի նախաձեռնությունը եւ մեծ ոգեւորությամբ ցանկություն հայտնեցին մասնակցություն ունենալ այդ կառույցում:
Եթե Երիտասարդական խորհրդարանի ստեղծման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, ապա երկպալատանի խորհրդարանը, ինչպես ի պատասխան իրեն ուղղված հարցի նշեց Հովիկ Աբրահամյանը,«մեր քննարկվող հարցերի շրջանակում է»:
Հանդիպման վերջում ԱԺ նախագահը եւս մեկ անգամ պատրաստակամություն հայտնեց հանդիպել ուսանողների հետ: