Փետրվարի 9-ին ՀՀ Ազգային ժողով էին այցելել Երեւանի Կենտրոն վարչական շրջանի տարբեր դպրոցների բարձր դասարանների աշակերտներ, ովքեր որպես ԱԺ «Բաց դաս» ծրագրի հերթական մասնակիցներ, ծանոթացան խորհրդարանին եւ ներկա գտնվեցին քառօրյա նստաշրջանի աշխատանքին:
Ազգային ժողովի եւ նրա աշխատանքների հետ ավելի հանգամանալից ծանոթությունը կայացավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ, որը վերածվեց անկաշկանդ զրույցի եւ աշխույժ հարց ու պատասխանի:
Խորհրդարանի նախագահը ներկայացրեց օրենսդիր բարձրագույն մարմնի գործառույթներն ու ընտրակարգը, կառուցվածքն ու գործունեության շրջանակները, նշելով, որ նման շփումներն Ազգային ժողովն ավելի թափանցիկ դարձնելու ծրագրի մի մասն են:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ խորհրդարանն ակտիվորեն է մասնակցում պետականաշինության գործընթացին, կարեւոր դեր կատարում ներքին ու արտաքին հարցերի կարգավորման մեջ: Մասնավորապես արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ խոսելով` ԱԺ նախագահն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացների այսօրվա վիճակին, նշելով, որ խորհրդարանն իր լծակներն ակտիվորեն օգտագործում է դրանց վերաբերյալ արտերկրում օբյեկտիվ կարծիք ձեւավորելու համար: Եվրոպական կառույցներում հայկական պատվիրակություններն ակտիվ գործունեություն են ծավալում, անհրաժեշտ տեղեկատվություն ապահովում, որպեսզի օտարերկրացի պատգամավորները ճիշտ պատկերացումներ կազմեն Հայաստանի,Լեռնային Ղարաբաղի մասին: Կազմակերպվում են փոխայցելություններ, շփումներ արտերկրյա գործընկերների հետ: ԱԺ նախագահը նշեց, որ անցյալ տարի հունիսին Եվրախորհրդարան կատարած իր այցի շրջանակներում ունեցած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են այցելել Եվրախորհրդարանի տարբեր խմբակցություններ ներկայացնող պատգամավորներ, տեղում անմիջականորեն ծանոթացել իրավիճակին եւ օբյեկտիվ տեղեկատվության հիման վրա ճշգրտել ու հստակեցրել իրենց դիրքորոշումները: Նախատեսվում են նաեւ այլ պատգամավորների այցելություններ, շփումներ գործընկերների հետ, ակտիվորեն օգտագործվում են խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները:
Հանդիպման մասնակիցների հարցերի շրջանակը շատ լայն էր, դրանց մի մասը վերաբերում էր կրթական ոլորտին: Հարցուպատասխանը, որ հաճախ վերածվում էր քննարկման ԱԺ նախագահի, մանկավարժների ու աշակերտների մասնակցությամբ, յուրօրինակ դրսեւորումն էր խորհրդարանը բազմակարծության ամբիոն դարձնելու` ԱԺ նախագահի խոսքերի: Դպրոցականների հետ հանդիպման մթնոլորտին համահունչ էին ԱԺ նախագահի այն խոսքերը, որ ընթացքի մեջ են Աշակերտական խորհրդարան ստեղծելու աշխատանքները: Իսկ հանդիպմանը ներկա ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշեց, որ նման հանդիպումները, որ նախաձեռնել է ԱԺ նախագահը, միմյանց հարստացնելու առիթ են: Կրթական ոլորտին վերաբերող հարցերից մեկին ի պատասխան` նա տեղեկացրեց, որ շուտով քննարկվելու է կրթության զարգացման 2011-2015 թվականների ծրագիրը, որի շուրջ հաջորդ շաբաթ անցկացվելու են խորհրդարանական լսումներ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նպատակահարմար համարեց դրանց մասնակից դարձնել նաեւ մանկավարժներին, ովքեր, որպես կրթական գործընթացի անմիջական մանակիցներ, հնարավորություն կունենան ներկայացնել իրենց տեսակետներն ու դիտարկումները: ԱԺ նախագահը առաջարկեց մինչեւ լսումները նրանց ապահովել քննարկմանը վերաբերող անհրաժեշտ նյութերով: Նա տեղեկացրեց, որ խորհրդարանական լսումներ են նախատեսվում նաեւ դպրոցական դասագրքերի վերաբերյալ:
Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպել մանկավարժների հետ ու քննարկել նրանց առաջարկությունները: ԱԺ նախագահի խոսքերով` դպրոցին պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնել, որովհետեւ այն մեր պետության հիմնասյուներից մեկն է, ինչպես բանակը:
Դպրոցականների եւ ԱԺ նախագահի հերթական հանդիպման ավանդական ավարտը համատեղ լուսանկարն էր խորհրդարանի նիստերի դահլիճում: