Սեպտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրախորհրդարանի փոխնախագահ Լիբոր Ռուչեքին, ով ԱԺ նախագահի հրավերով գտնվում է Հայաստանում եւ մասնակցում է Անկախության հռչակման 20-ամյակին նվիրված միջոցառումներին:
Ողջունելով հյուրին` ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց անկախության տոնակատարություններին մասնակցության համար եւ հույս հայտնեց, որ նրա այցը Հայաստան լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստան-Եվրամիություն եւ Հայաստան-Եվրախորհրդարան երկկողմ կապերի սերտացմանը:
Լիբոր Ռուչեքը նշեց, որ իր համար մեծ պատիվ է այս օրերին գտնվել Հայաստանում: Նա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին փոխանցեց Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի շնորհավորանքները եւ բարեմաղթանքները: Անդրադառնալով Հայաստանի հետ համագործակցությանը` նա նշեց, որ Եվրախորհրդարանում պատրաստակամ են աջակցել Հայաստանին` հաղթահարելու առկա խնդիրներն ու դժվարությունները: Լիբոր Ռուչեքը կարեւոր համարեց խորհրդարանների մակարդակով համագործակցությունը եւ ընդգծեց այդ գործում ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը: Նրա խոսքերով` անցած 20 տարիների ընթացքում Հայաստանը մեծ առաջընթաց է արձանագրել, եւ Եվրախորհրդարանը պատրաստ է աջակցել բոլոր ուղղություններով, այդ թվում եւ 2012 թվականին կայանալիք ընտրություններին:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ընդունվել է նոր Ընտրական օրենսգիրքը, որը հնարավորություն է տալիս անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ, իսկ Հայաստանի իշխանությունները դրա համար ունեն անհրաժեշտ քաղաքական կամք:
Անդրադարձ կատարվեց Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովին: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ինքը դեռ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստին իր բրյուսելյան այցի ժամանակ էր հայտարարել, որ Եվրանեսթը չպետք է դարձնել անիմաստ վիճաբանությունների եւ մասնավոր հարցերի քննարկման բեմ, հակառակ դեպքում կառույցը հաջողություն չի ունենա: Ցավոք, առաջին իսկ նիստում տեղի ունեցավ այն, ինչի վերաբերյալ հայկական կողմը մտավախություն ուներ: ԱԺ նախագահի խոսքով` ԼՂ հակամարտության կարգավորման համար հայկական կողմի համար ընդունելի է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը:
Եվրախորհրդարանի փոխնախագահը համաձայնեց Հովիկ Աբրահամյանի այն մտքին, որ Եվրանեսթը չպետք է հարթակ դառնա այդ հակամարտությունը քննարկելու համար: Այդ կառույցն իր ուշադրությունը պետք կենտրոնացնի Արեւելյան գործընկերության նպատակների վրա:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հայկական կողմը Եվրանեսթը դիտարկում է որպես այդ կառույցի նպատակներից բխող տարածաշրջանային ընդհանուր խնդիրների քննարկման հարթակ: