ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցեց ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությանը: Դիմելով ներկաներին` ԱԺ նախագահն ասաց.
«Հարգելի պարոն նախարար,
դիվանագիտական կորպուսի
հարգելի ներկայացուցիչներ
Ողջունում եմ բոլորիդ եւ իրոք ուրախ եմ ձեզ հետ կրկին շփվելու այս առիթի համար: Ավանդական դարձած այս հավաքն արդեն ապացուցել է իր կենսունակությունը եւ հուսով եմ, որ այս ձեւաչափն ապագայում նույնպես կշարունակի արդյունավետորեն ծառայել ՀՀ արտաքին քաղաքականության խնդիրների նպատակային ու համակարգված իրականացմանը:
Հաշվի առնելով արտաքին մարտահրավերներն ու տարածաշրջանային խնդիրները, առավել քան հրատապ է, որպեսզի իշխանության բոլոր մարմինները համապետական նշանակության ու ազգային հարցերում, հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում, գործեն առավելագույնս համակարգված` առաջնորդվելով իշխանությունների տարանջատման ու յուրաքանչյուրի առանձնահատկությունները հաշվի առնելու սկզբունքով:
Հայաստանի Հանրապետությունը մշտապես հավատարիմ է միջազգային ասպարեզում ստանձնած իր հանձնառություններին եւ Հայաստանի քաղաքական թիմը` հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, դրսեւորում է կամք ու սկզբունքայնություն ստանձնած բոլոր պարտավորությունների կատարումն երաշխավորելու համար:
Աշխարհում աճող մարտահրավերների հետ մեկտեղ, օրեցօր ավելի է միջազգայնացվում պետությունների ներքին քաղաքականությունը, մասնավորապես ներքաղաքական իրավիճակի, անվտանգության, տնտեսական, բնապահպանական եւ սոցիալական ոլորտներում: Արդյունքում օբյեկտիվորեն մեծանում են նաեւ պետությունների խորհրդարանների դերն ու կշիռը այդ խնդիրները հնչեցնելու եւ համակարգելու հարցում:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը իր զգալի ներդրումն ունի պետականության ամրապնդման եւ Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման գործընթացներում` նախաձեռնելով ու ընդունելով բարեփոխումներին ուղղված օրենսդրական ակտեր: ՀՀ Ազգային ժողովի կողմից որդեգրած գործունեության թափանցիկությունն ու քաղաքացիների հետ երկխոսելու պրակտիկան կենսական նշանակություն ունի երկրի ներքաղաքական գործընթացների համար:
Օրենսդրական գործունեությանը զուգահեռ ՀՀ Ազգային ժողովը շարունակաբար իր նպաստն է բերում տարբեր ոլորտներում երկրի միջազգային համագործակցության խթանմանը: ՀՀ Ազգային ժողովը համապատասխան ձեւաչափով մասնակցում է արտաքին հարաբերություններին առնչվող գործընթացներին` ընդլայնելով միջխորհրդարանական կապերը, զարգացնելով հարաբերությունները տարբեր միջազգային կառույցների հետ, ներդաշնակեցնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը միջազգային եւ եվրոպական չափանիշներին, վավերացնելով երկկողմ ու բազմակողմ միջազգային պայմանագրեր:
ՀՀ Ազգային ժողովը ակտիվ մասնակցություն ունի օտարերկրյա խորհրդարաններում եւ տարբեր միջազգային կառույցներում ՀՀ արտաքին քաղաքական կարեւորագույն խնդիրներին միջազգային հնչեղություն հաղորդելու գործում` մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերում:
Ցանկանում եմ նշել, որ վերջին երկու տարիների ընթացքում հիշյալ խնդիրները մեր խորհրդարանականների կողմից արդյունավետ կերպով ներկայացնելուն մեծապես նպաստել է ՀՀ ԱԳՆ-ի հետ իրականացված համատեղ աշխատանքը: Միջազգային տարբեր կառույցների խորհրդարանական վեհաժողովներում ՀՀ խորհրդարանական պատվիրակությունների ներգրավվածությունն արդեն իսկ պարտավորեցնում է ունենալ հայեցակարգային եւ համակարգված մոտեցումներ:
Գոհունակությամբ նշեմ, որ բազմաթիվ խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերում ակնհայտ է ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ դեսպանությունների համակարգված եւ արդյունավետ գործակցությունը` ուղղված մեր ազգային շահերի պաշտպանությանը: Դրա վառ օրինակն է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ ազգային պատվիրակության եւ ՀՀ դեսպանության համագործակցությունը:
ՀՀ Ազգային ժողովի նախաձեռնությամբ եւ ԱԳ նախարարության անմիջական ներգրավվածությամբ Երեւանը մի շարք խոշոր համաժողովների հավաքատեղի է հանդիսացել: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ապագայում եւս Երեւանը որպես տարբեր ֆորումների անցկացման վայր ընտրելու վերաբերյալ: Մենք կարեւորում ենք այս հանգամանքը որպես միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության բարձրացման գործոն:
Իմ խորին համոզմամբ ՀՀ Ազգային ժողովի միջազգային գործունեությունը զգալի ներուժ է պարունակում մեր երկրի արտաքին քաղաքականության ռազմավարության իրականացման գործում: ՀՀ Ազգային ժողովը մշտապես կարեւորել է երկկողմ միջխորհրդարանական կապերի խորացումն ու աշխուժացումը` դիտարկելով այն որպես օտարերկրյա քաղաքական գործիչների հետ շփումների հաստատման լավագույն միջոց եւ համահայկական հնչեղություն ունեցող հարցերն առաջ մղելու եւ հայանպաստ դիրքորոշում ապահովելու օգտակար գործիք:
Կարեւորում եմ խորհրդարանական դիվանագիտությունը որպես միջպետական հարաբերությունների զարգացման հզոր գործոն, որպես երկրների ու ժողովուրդների միջեւ երկխոսության ու համագործակցության հաստատման կարեւոր ձեւաչափ:
Տարածաշրջանային զարգացումների համատեքստում, ինտեգրման եւ գլոբալացման գործընթացներին զուգահեռ գնալով մեծանում է խորհրդարանական դիվանագիտության դերը միջազգային հիմնահարցերի կարգավորման գործընթացներում: Այն արդեն դարձել է մեր երկրի ընդհանուր դիվանագիտության բաղկացուցիչ մաս: ՀՀ Ազգային ժողովն այսօր ամենաակտիվ կերպով ներգրավված է բոլոր միջազգային խորհրդարանական հաստատություններում, ինչը դիվանագիտության ուրույն արտահայտություն է:
ՀՀ խորհրդարանական պատվիրակություններն ակտիվ գործունեություն են ծավալում տարբեր միջազգային կառույցների ու կազմակերպությունների շրջանակներում, մասնավորապես ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում, Միջխորհրդարանական միությունում, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում:
Ինտենսիվ բնույթ են կրում տարբեր մակարդակի խորհրդարանական փոխայցելությունները, ընդլայնվում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ միջխորհրդարանական կապերը, հաճախակի են Եվրախորհրդարանի ամենաբարձր մակարդակի այցելությունները Երեւան: Ցանկանում եմ ընդգծել, որ Ազգային ժողովի հյուրերի Լեռնային Ղարաբաղ այցելությունները նույնպես հաճախակի բնույթ են կրում: Դրանք մեծապես նպաստում են վերջիններիս մոտ անաչառ դիրքորոշման ձեւավորմանը եւ հակամարտության հանգուցալուծման հայկական տեսակետի ըմբռնմանը:
Նշանակալից է խորհրդարանական շփումների դերը Եվրոպային Հայաստանի մերձեցման քաղաքականության իրականացման գործընթացում: Մենք պատրաստ ենք համագործակցելու Եվրոպական խորհրդարանի տարածաշրջանային բոլոր նախաձեռնությունների շրջանակներում:
Եթե նախկինում Հայաստանը անդամակցում էր արդեն իսկ կայացած միջազգային կառույցներին, ապա այսօր մենք հանդիսանում ենք Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի` ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի հիմնադիր երկիր: Դա լրացուցիչ հնարավորություն է ընձեռում դիվանագիտության կարեւոր ռեսուրսի գործադրմամբ եվրաինտեգրմանն առնչվող բազում հարցեր լուծելու համար:
Երկրի միջազգային հարաբերություններում խորհրդարանի մասնակցության մասով կարեւորում եմ ինչպես խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերի միասնական եւ գործուն աշխատանքը, այնպես էլ խորհրդարանական պատվիրակությունների ու ԱԳՆ ներկայացուցիչների պարբերական խորհրդատվությունների անցկացումը:
ՀՀ պաշտոնական դիվանագիտությանը զուգահեռ` ՀՀ Ազգային ժողովը կարող է նաեւ առավել ազդեցիկ ու կառուցողական գործել, հատկապես այն դեպքերում, երբ որոշ հանգամանքներից ելնելով սահմանափակված են գործադիր իշխանության հնարավորությունները: Բացի այդ, խորհրդարանը կապող օղակ է պաշտոնական դիվանագիտության ու հասարակության միջեւ:
Համոզված եմ, որ միայն համատեղ աշխատանքով կարող ենք բարձրացնել մեր պատվիրակությունների աշխատանքի արդյունավետությունը: Թեեւ ՀՀ ԱԳՆ-ի հետ այս ուղղությամբ համագործակցության հարցում առկա է զգալի առաջընթաց, սակայն դեռեւս շատ անելիքներ կան: Առաջարկում եմ ձեւավորել համապատասխան աշխատանքային խմբեր` ՀՀ ԱԺ-ՀՀ ԱԳՆ համագործակցության մեխանիզմների մշակման ու այդ համագործակցությանն առավել ինստիտուցիոնալ բնույթ հաղորդելու համար:
Յուրաքանչյուր տարի խորհրդարանում ՀՀ բյուջեի շուրջ անցկացվող քննարկումները մեզ առիթ են տալիս, ի թիվս այլ խնդիրների, ծանոթանալ ու մանրակրկիտ ուսումնասիրել նաեւ ՀՀ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերը, ուստի արտաքին քաղաքական խնդիրներում խորհրդարանի իրազեկության բարձր մակարդակը, կարեւոր տեղեկատվության ու փաստաթղթերի երկուստեք տրամադրումը, կարող է էապես նպաստել օրենսդրի կողմից ճիշտ շեշտադրումների կատարմանը: Շուտով ՀՀ ԱԺ-ում կսկսվեն 2012 թ. ՀՀ բյուջեի քննարկումները, եւ ի թիվս այլ պետական կառավարման մարմինների, կքննարկվի նաեւ ՀՀ ԱԳՆ բյուջեն: Հաշվի առնելով մեր երկրի տնտեսական հնարավորությունները` կփորձենք նախորդ տարիների համեմատ առավելագույնս օժանդակել արտաքին քաղաքական ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցների մասով:
Մեր բոլորիս առաջիկա մարտահրավերը լինելու է գալիք տարի կայանալիք խորհրդարանի հերթական ընտրությունները, որը հանդիսանալու է վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում սկիզբ առած, օրենսդրության բացթողումների վերացմանն ուղղված բարեփոխումների արդյունավետության առաջին փորձությունը:
Այսօր մենք նաեւ կարեւոր պատմական իրադարձությունների շեմին ենք. սեպտեմբերին Հայաստանում ու արտերկրում տոնելու ենք հայկական երկու պետությունների` Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 20-ամյակները: Նախօրոք շնորհավորելով մեզ բոլորիս այս հոբելյանների առթիվ, ուզում եմ փաստել, որ մեր խորհրդարանը եւ պետական կառավարման մարմիններն իրենց քսանամյա գործուն աշխատանքով զգալիորեն նպաստել են իրավական ու ժողովրդավարական պետության կայացման գործին, ինչպես նաեւ ԼՂՀ միջազգային ներգրավվածության ընդլայնմանն ու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:
ՀՀ Ազգային ժողովը միջխորհրդարանական համագործակցության մեխանիզմների օգտագործման միջոցով կարող է մեծապես նպաստել Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունավետության բարձրացմանը, միջպետական հարաբերությունների զարգացմանը: Մենք շարժվում ենք այդ ուղղությամբ եւ համոզված ենք, որ համատեղ ու նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ մեզ կհաջողվի հասնել մեր ընդհանուր նպատակին»: