Օգոստոսի 23-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցեց «Բազե-2011» ամենամյա համահայկական երիտասարդական հավաքի փակման արարողությանը: Հավաքին մասնակցել են 18-ից 30 տարեկան ավելի քան 350 երիտասարդներ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից, Ջավախքից։
Ողջունելով երիտասարդական հավաքի մասնակիցներին` Աժ նախագահը խորհրդանշական համարեց, որ երիտասարդների հետ հանդիպումը տեղի է ունենում Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 21-րդ տարեդարձի օրը, ինչի առթիվ շնորհավորեց բոլորին:
«Ես մշտապես կարեւորում եմ երիտասարդությանը համախմբված տեսնելու գաղափարը»,- ասաց ԱԺ նախագահը, նշելով, որ ձեւավորված բազմակուսակցական Երիտասարդական խորհրդարանը, որն իր առաջին նիստն է գումարել, յուրատեսակ ինքնադրսեւորման հարթակ է երիտասարդության համար: Նրա խոսքերով «Բազե» ամենամյա համահայկական երիտասարդական հավաքը կարելի է համարել համախմբվածության ու միասնականության յուրօրինակ մանրակերտ ու խորհրդանիշ: «Ի դեպ, շատ խորհրդանշական է պետական դրոշի ներքո համախմբվելը, որովհետեւ պետական խորհրդանիշերն արտահայտում են պետության պատիվն ու հպարտությունը, որոնք, ինչպես եւ այդ խորհրդանիշերը, որեւէ քաղաքական ուժի, գործչի սեփականությունը չեն, բայց բոլորն են պարտավոր հարգանք ունենալ դրանց նկատմամբ,- նշեց Հովիկ Աբրահամյանը:- Դրոշակակիր լինելը չափազանց պատվաբեր ու պատասխանատու առաքելություն է: Այնպես որ, կարծում եմ, ինքներս մեր մեջ պիտի մի քիչ դրոշակակիր լինենք, եթե մեզ ինչ- որ չափով պատասխանատու ենք զգում երկրի ճակատագրի, նրա անվտանգության ու առաջընթացի համար»:
ԱԺ նախագահն ասաց, որ երկիրն այսօր գիտակից, կրթված, մրցունակ երիտասարդության կարիք ունի, ովքեր ի վիճակի են ներդրում ունենալ երկրի առաջընթացին, ովքեր կարող են պետական, հասարակական-քաղաքական, տնտեսական կյանքի ակտիվ մասնակից լինել, ովքեր կարող են երկրի ներսում լինել նրա շարժիչ ուժը, իսկ երկրից դուրս` նրա արժանապատիվ դեմքը: «Անկախության 20-ամյակը բոլորող մեր պետությունը ձեր նման երիտասարդ է,- դիմելով հավաքի մասնակիցներին` ասաց ԱԺ նախագահը: 20 տարին տարիքի առումով ակտիվ երիտասարդության շրջան է, երբ ծնվում եւ իրագործվում են նոր գաղափարներ ու մտահղացումներ: Այս առումով երկիրը եւ իր նոր սերունդը նման են իրար, մանավանդ որ ձեզանից մի մասը տարեկից են մեր պետությանը: Անշուշտ, երկիրն իր պատասխանատվությունն ու պարտականություններն ունի քաղաքացիների` հատկապես երիտասարդության նկատմամբ: Ուրեմն` անհրաժեշտ է ձեռք ձեռքի տված գնալ առաջ` համատեղ հաղթահարելով առկա մարտահրավերները, հզորացնելով Հայաստանը»:
Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ հավաքի անցած օրերի ընթացքում նրա մասնակիցները կարողացել են ձեւավորել համերաշխության ու հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի մթնոլորտ, միասնականության ոգի, առողջ մրցակցություն` այս ամենի համադրումով զարգացնելով պետականության հզորացման, աշխարհասփյուռ հայության` հայրենիքի շուրջ համախմբվելու «բազեական» բանաձեւը: «Վստահ եմ, որ այն ամենը, ինչ ձեռք բերեցիք ծաղկաձորյան այս հավաքի ընթացքում, կլրացնեն ձեր գիտելիքներն ու փորձը, ձեր ներաշխարհն ու ընկերական շրջապատը, որոնք ձեզ կուղեկցեն ու կառաջնորդեն ձեր հետագա ձեռնարկներում»,- նշեց Հայաստանի խորհրդարանի ղեկավարը:
Ելույթ ունեցողները շնորհակալություն հայտնեցին ԱԺ նախագահին` հավաքն իր ներկայությամբ պատվելու համար, իսկ մրցումներում հաղթած բազեական ճակատներից մեկը նվեր հանձնեց նրան:
Հովիկ Աբրահամյանն այնուհետեւ ներկա գտնվեց վոլեյբոլի եւ պարանի ձգման մրցումներին, ինչպես նաեւ սեղանի թենիսում մրցեց բազեականների հետ:
Հավաքի մասնակիցների հետ ընթրելուց հետո ԱԺ նախագահը հանդիպեց ճակատների ու ջոկատների ղեկավարների հետ, ծանոթացավ նրանց տպավորություններին: «Այս նախաձեռնության արդյունավետությունն ակնհայտ է մի քանի առումներով, -գնահատելով «Բազե»-ի նշանակությունը` ասաց Հովիկ Աբրահամյանը:- Այն հնարավորություն է տալիս երիտասարդներին շփվելու, ծանոթանալու, նոր ընկերներ ձեռք բերելու, ինտելեկտուալ խաղերում հնարավորություններն ու գիտելիքները ցուցադրելու, շփվելու երկրի ղեկավարության հետ»:
ԱԺ նախագահը վերստին կարեւորեց երիտասարդների ակտիվ մասնակցությունը հասարակական-քաղաքական գործընթացներին, այդ թվում նաեւ ընտրություններին. «Մենք պետք է տարբեր հարթակներում, տարբեր ուղղություններում երիտասարդներին դրսեւորվելու հնարավորություններ տանք»:
Ծավալված անկեղծ զրույցի ընթացքում ԱԺ նախագահը պատասխանեց երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին ազգապահպանության, երիտասարդության, հաշմանդամների հիմնահարցերին, փոքր ու միջին բիզնեսին եւ այլ թեմաների:
«Ես բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում այս հանդիպման, այս քննարկումների համար: Յուրաքանչյուր նման հավաք նպաստում է հետագայում ավելի մեծ խնդիրներ միահամուռ լուծելուն»,- հանդիպման ավարտին ասաց Հովիկ Աբրահամյանը եւ պատրաստակամություն հայտնեց այսուհետ եւս մասնակցել նման հավաքների ու աջակցել երիտասարդների նախաձեռնություններին: