Մարտի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի գլխավորած պատվիրակությանը:
ԱԺ նախագահը կարեւորեց ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հարավային Կովկաս` նշելով, որ այն լավ հնարավորություն է տարածաշրջանի խնդիրներին տեղում ծանոթանալու, ինչպես նաեւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու համար: Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ նրա նախագահության օրոք ԵԱՀԿ-ն կշարունակի իր ջանքերը ներդնել խաղաղության եւ միջազգային անվտանգության ամրապնդման, ժողովրդավարության զարգացման եւ օրենքի գերակայության գործում: Նա նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ կառույցների հետ սերտ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում եւ կարեւորեց ԵԱՀԿ ԽՎ դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործընթացում: ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարեւոր դեր է ստանձնել միջազգային հարաբերությունների արդի կառուցվածքում: Խորհրդարանի ղեկավարի խոսքով Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց ԵԱՀԿ անդամ երկրներում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ի կողմից անաչառ դիտորդական առաքելության իրականացումը: ԱԺ նախագահը նշեց, որ ՀՀ Ազգային ժողովը կարեւորում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը եւ գոհունակությամբ փաստեց որ այն լավ հիմքերի վրա է դրված, ինչը տարիների ընթացքում տվել է իր դրական արդյունքները: Նա բարձր գնահատեց ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ կնքված Համագործակցության հուշագիրը, որն արդեն հաջողությամբ իրականացվում է տարբեր բնագավառներում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Աուդրոնիուս Աժուբալիսը նշեց, որ միշտ առիթը օգտագործում է հանդիպել նախկին գործընկերների հետ, քանի որ խորհրդարանն է այն հիմքը, որը հնարավորություն է տալիս ժողովրդավարական պետությունների միջեւ փոխգործակցությունը զարգացնելու համար: Նա գոհունակությամբ փաստեց, որ Հայաստանը բազմաթիվ բարեփոխումներ է իրականացրել դատաիրավական համակարգում, սոցիալ-տնտեսական եւ այլ ոլորտներում: Նա անհրաժեշտ համարեց համագործակցության շարունակականությունը ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների հետ եւ կարեւորեց 2012թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բարեփոխված ընտրական օրենսգրքի ընդունումը:
Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ ՀՀ ընտրական օրենսգրքի, «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքներում առաջարկվող փոփոխություններին:
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն եւ միակ ձեւաչափ: Նրա համոզմամբ ԵԽԽՎ ԼՂ հարցով ժամանակավոր հանձնաժողովի վերստեղծումը կխոչընդոտի խաղաղ կարգավորման գործընթացին: «Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով եւ կարեւորում է վստահության մթնոլորտի հաստատումը` բանակցությունները կառուցողական ուղով շարունակելու համար: Կողմերը պետք է զերծ մնան որեւէ քայլերից, որոնք կարող են հավելյալ լարվածություն եւ խոչընդոտներ ստեղծել խաղաղ գործընթացի ճանապարհին»,- նշեց Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով ԼՂ հակամարտության կարգավորման հիմքը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու այդ իրավունքի իրականացումն է: ԱԺ նախագահի համոզմամբ ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման ցանկացած փորձ կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ ոչ միայն հակամարտության կողմերի, այլեւ ողջ տարածաշրջանի համար: Նա հույս հայտնեց, որ Լիտվան որպես ԵԱՀԿ նախագահող երկիր քայլեր կձեռնարկի միջազգային կառույցներում, ինչպես նաեւ երկկողմ հարաբերություններում ադրբեջանական ռազմատենչ հայտարարությունները եւ ապակառուցողական քարոզչությունը չեզոքացնելու ուղղությամբ:
ԵԱՀԿ գործող նախագահը նշեց, որ երեկ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորաման գործընթացում դրական տեղաշարժ է նկատում: Նրա համոզմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը պետք է միակը լինի խաղաղ կարգավորման գործընթացում: Նա մտահոգություն արտահայտեց շփման գծում տեղի ունեցող միջադեպերի առնչությամբ եւ իր ծավակցությունը հայտնեց երեկվա ողբերգական դեպքի կապակցությամբ: «Մենք պետք է աջակցնեք շփման գծում հրամանատարների միջեւ վստահության մթնոլորտի ստեղծման, դիպուկահարների հեռացման գործում, ինչը մեծապես կնպաստի լարվածության թուլացմանը»,- նշեց ԵԱՀԿ գործող նախագահը:
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: