Ուսուցչի տոնի առթիվ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կարգադրություն է ստորագրել կրթության բնագավառում ներդրած մեծ ավանդի համար հանրապետության տարբեր դպրոցների մի խումբ ուսուցիչների պարգեւատրելու մասին: Երեւանն ու մարզերը ներկայացնող մանկավարժները հոկտեմբերի 7-ին հյուրընկալվել էին խորհրդարանում: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիսավոր պայմաններում անձամբ հանձնեց Ազգային ժողովի Պատվո մեդալները, ԱԺ պատվոգրերն ու Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրերը:
Շնորհավորելով մանկավարժներին` Հովիկ Աբրահամյանն ասաց.
«Բոլորս էլ երախտագիտությամբ ենք հիշում մեր ուսուցիչներին, ովքեր մեզ համար բացել են կյանքի առաջին արահետները եւ ուղղորդել դեպի լայն ճանապարհ:
Գիտության ու կրթության հարգն իմացող մեր ժողովուրդը միշտ էլ բարձր է գնահատել ուսուցչի դերն ու վաստակը: Մեր ազգի համար ճակատագրական պահերին հայ ուսուցիչը ոչ միայն գրիչ է բռնել, այլեւ զենք, ոչ միայն լեզու եւ գիր է սովորեցրել, այլեւ` կռվել, անձնական օրինակով սխրանքների կոչել հայ մարտիկին:
Եվ սա էլ իր բացատրությունն ու հիմնավորումն ունի. ուսուցիչը, իր ժողովրդի հոգեկերտվածքի ձեւավորողը լինելով, շատ ավելի լավ է գիտակցում նրա արժեքը ու այն վերահաս վտանգից պաշտպանելու, փրկելու անհրաժեշտությունը:
Դուք` ուսուցիչներդ, ոչ միայն գիտելիք ու կրթություն եք տալիս, այլեւ ձեր առաքինությամբ օրինակ դառնում աշակերտի համար, դաստիարակում մեր երկրի վաղվա քաղաքացուն: Պատահական չէ, որ հաճախ են նույնացվում ուսուցիչն ու ծնողը, դպրոցն ու տունը:
Սիրելի ուսուցիչներ, դուք միշտ հավատարիմ եք եղել ձեր կոչմանը, դժվարություններից անկախ` համեստորեն ու նվիրվածությամբ եք կատարել ձեր առաքելությունը` գիտակցելով ձեր պատասխանատվությունը ազգի ու երկրի ապագայի հանդեպ, ձեզ պահելով քաջարի զինվորի պես: Ձեզանից ստացած ոգին է ուժ տվել զենքը ձեռքին մարտնչող, սահմանը պաշտպանող զինվորին, ձեր մատուցած գիտելիքն է եղել յուրաքանչյուր գիտնականի հայտնագործության ակունքը, ձեր տված քաղաքացիական կեցվածքի դասերն են ուղենիշ դարձել պետական ու հասարակական գործիչների համար:
Ուսուցիչն այն մարդն է, ով ծնողի հետ կամ երբեմն էլ նրանից առավել ավանդ ունի երեխայի` ապագա քաղաքացու կերպարի ձեւավորման գործում: Ձեր հայրենանվեր աշխատանքը մեր ժողովուրդը գիտի գնահատել եւ դա անում է ձեր հանդեպ ունեցած ակնածանքով ու երախտագիտությամբ:
Շնորհակալ եմ ձեր անձնուրաց աշխատանքի, ձեր կոչմանը հավատարիմ մնալու ու հաստատակամության համար: Ցավով պիտի արձանագրեմ, որ այսօր պետությունը դեռեւս չի կարողանում նյութապես ըստ արժանվույն փոխհատուցել ձեր կատարած աշխատանքը: Միաժամանակ համոզված եմ, որ քաղաքացիական ձեր կեցվածքով ու դիրքորոշմամբ, պետության այսօրվա հնարավորությունները գնահատելու ձեր կարողությամբ դուք քաղաքացիական հասարակության հենասյուներից եք, այն ներուժը, որի վրա էլ խարսխվում է հավատն ու վստահությունը վաղվա օրվա հանդեպ: Ուզում եմ համոզված լինեք, որ վաղն ունենալու ենք ավելի բարեկեցիկ երկիր եւ ավելի բարեկեցիկ քաղաքացի, ավելի բարեկեցիկ ուսուցիչ ու շինարար: Շնորհավորում եմ ձեր տոնի եւ Ազգային ժողովի պարգեւներին արժանանալու համար եւ մաղթում ձեզ առողջություն եւ երջանկություն, բարեկեցություն եւ լավատեսություն»:
Պարգեւատրման հանդիսավոր արարողությունից եւ միասին լուսանկարվելուց հետո Ազգային ժողովի նախագահի ու մանկավարժների միջեւ անկեղծ ու մտերմիկ զրույց ծավալվեց ուսուցչի աշխատանքի, կրթության երեկվա, այսօրվա ու վաղվա շուրջ: