Սեպտեմբերի 5-ին Ծաղկաձորում բացվեց Հայ մարմնակրթական ընդհանուր միության 10-րդ պատգամավորական ժողովը: ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանն ընթերցեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը ժողովի մասնակիցներին, որում ասված է.
«Հայ մարմնակրթական ընդհանուր միության 10-րդ պատգամավորական ժողովի հարգելի մասնակիցներ,
Ողջունում եմ բոլորիդ, ողջունում եմ ոչ որպես հյուրերի, այլ որպես մարդկանց, ովքեր հարազատ երկրում են, քանի որ շուրջ 95-ամյա իր գործունեության ընթացքում Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը մշտապես կապված է ժողովրդին թե ստեղծման առաջին օրերին`անցյալ դարասկզբին, հայության համար ծանրագույն տարիներին, թե այսօր միությունը մտահոգ է հայրենիքի ճակատագրով, հայ մարդու նկարագրով: Որպես մի մեծ ընտանիք` կազմակերպությունը շուրջ 100 մասնաճյուղերով եւ աշխարհի տարբեր երկրներում գտնվող ավելի քան 25 հազար անդամներով ունի ազգապահպան ու դաստիարակչական նշանակություն: Լինելով համահայկական պատանեկան- երիտասարդական կազմակերպություն` այն իսկապես մեծ դերակատարություն ունի հայրենիք-սփյուռք հարաբերությունների զարգացման գործում: Հետեւում եք եւ գիտեք, որ հայրենիքում մշտապես անցկացվում են համահայկական միջոցառումներ, որոնք հենց այդ նպատակն են հետապնդում: Մասնավորապես, անցյալ ամիս Հայաստանում տեղի ունեցան համահայկական հերթական խաղերը, մի քանի օր հետո կայանալու է Հայաստան -սփյուռք համաժողովը, մի քանի տարի է գործողության մեջ է «Արի տուն» ծրագիրը եւ այլն: Այս ամենի ելակետը մեկն է` Հայաստանն ու սփյուռքը միասին ավելի մեծ հնարավորություն ունեն հասնելու մեր համազգային նպատակներին, քան առանձին -առանձին, որովհետեւ Հայաստանն ուժեղ է սփյուռքով , սփյուռքը` Հայաստանով, բազմաթիվ երակներով փոխկապակցված ենք միմյանց, որոնցից մեկն էլ դուք եք:
Հարգելի մասնակիցներ,
խորհրդանշական է, որ ձեր հերթական ժողովն անցկացվում է Հայաստանի անկախության հռչակման 20-ամյակի օրերին: Հայաստանը ոչ թե աշխարհագրական տարածք է, այլ` հայրենիք, որ բոլոր հայերինն է` անկախ նրանց գտնվելու վայրից:
Բայց ես ցանկանում եմ, որ ձեր կապը հայրենիքի հետ լինի ոչ թե խորհրդանշական, այլ` գործնական: Ես համոզված եմ, որ բոլորիդ մեջ ամուր նստած է հայի այն պրպտուն ոգին, որ մշտապես իր կարողություններն իրացնելու հնարավորություն եւ ասպարեզ է որոնում: Հայաստանը լավագույն վայրն է այդ ամենի համար եւ զգացմունքային վերաբերմունքից զատ նաեւ այդ զգացմունքների գործնական դրսեւորումների կարիքն ունի, ինչին դուք ընդունակ եք: Որովհետեւ երիտասարդությունն այն ուժն է, որ յուրաքանչյուր երկրի ու հասարակության կյանքում թարմություն եւ ակտիվություն է բերում:
Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում պատանիների ու երիտասարդության հետ կապին ու նրանց հետ տարվող աշխատանքներին: Մի քանի տարի է, Ազգային ժողովում իրականացվում է «Բաց դաս» ծրագիրը, որի շրջանակներում դպրոցների բարձր դասարանցիներն այցելում են Ազգային ժողով, անմիջականորեն ծանոթանում նրա աշխատանքներին, շփվում խորհրդարանի ղեկավարության եւ պատգամավորների հետ: Մի քանի ամիս առաջ ձեւավորվել է Երիտասարդական խորհրդարան: Այն հարթակ է ոչ միայն երիտասարդության, այլեւ ողջ երկրին վերաբերող խնդիրների քննարկման, ինչու չէ` նաեւ լուծումներ առաջարկելու համար, որովհետեւ մենք հնարավորություն ենք ստեղծել, որ Երիտասարդական խորհրդարանի անդամները մասնակցեն նաեւ Ազգային ժողովի եւ նրա հանձնաժողովների աշխատանքներին` անմիջական մասնակցություն ունենալով օրենսդիր աշխատանքին: Եթե սփյուռքի մեր երիտասարդներից եւս ցանկացողներ լինեն մասնակցել նրա աշխատանքներին, պատրաստ ենք աջակցելու նրանց ընդգրկվելու հաջորդ Երիտասարդական խորհրդարանում: Եւ ընդհանրապես, պատրաստ եմ աջակցել յուրաքանչյուր ողջամիտ քայլի ու նախաձեռնության, որը կարող է ավելի մերձեցնել եւ միավորել հայրենիքն ու ողջ աշխարհով սփռված մեր հայրենակիցներին: Մենք ոչ միայն պարտավոր ենք, այլեւ պարտադրված ենք միասնական լինել` հանուն հզոր Հայաստանի ու հզոր սփյուռքի, հանուն նոր հաղթանակների, հանուն մեր ընդհանուր շահերի եւ նպատակների:
Եւս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ եւ մաղթում արգասաբեր աշխատանք»: