ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այս տարվա հունիսին, ասմունքի հանրապետական մանկապատանեկան երրորդ մրցույթ-փառատոնի շրջանակներում, որը նվիրված էր Հովհաննես Շիրազի ծննդյան 95-ամյակին, այցելել էր Երեւանի Հովհաննես Շիրազի անվան թիվ 169 դպրոց: ԱԺ նախագահի հետ հանդիպման ժամանակ ուսուցիչները մասնավորապես խնդրել էին լուծել դպրոցի ջեռուցման հարցը: Խորհրդարանի ղեկավարը խոստացել էր իր աջակցությունը: Հովիկ Աբրահամյանը խնդրանքը ներկայացրել էր հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին, վերջինս էլ հանձնարարել էր կառավարությոանը: Եվ ահա նոր ուսումնական տարին դպրոցը դիմավորեց գազաֆիկացված եւ ջեռուցման համակարգով:
Սեպտեմբերի մեկին` Գիտելիքի, գրի եւ դպրության օրը, Հովիկ Աբրահամյանը կրկին այցելեց թիվ 169 դպրոց: Խորհրդարանի ղեկավարին ուղեկցում էին Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ:
ԱԺ նախագահին դիմավորեցին հանդիսավոր արարողությամբ, որի ժամանակ դպրոցի տնօրեն Սուսաննա Կիրակոսյանը մանկավարժների, աշակերտների եւ ծնողների անունից իրենց երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնեց Հովիկ Աբրահամյանին` հարցի լուծմանն աջակցելու համար: ԱԺ նախագահին իրենց շնորհակալական խոսքերն ուղղեցին աշակերտության, մանկավարժական կոլեկտիվի եւ ծնողական խորհրդի ներկայացուցիչները: Հաշվի առնելով Հովիկ Աբրահամյանի գործունեությունը, վերաբերմունքը դպրոցի եւ մանկավարժի աշխատանքի նկատմամբ` Հովհաննես Շիրազի անվան թիվ 169 դպրոցի տնօրինության, աշակերտական կոմիտեի, մանկավարժական եւ ծնողական խորհուրդների կողմից ԱԺ նախագահին շնորհվեց պատվավոր շիրազականի կոչում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նախ շնորհավորեց բոլորին սեպտեմբերի մեկի տոնի առթիվ եւ նշեց, որ հնչած շնորհակալական խոսքերը կփոխանցի հանրապետության Նախագահին, ում անմիջական աջակցությամբ է լուծվել դպրոցի գազաֆիկացման հարցը: Դպրոցը համարելով ապագա սերնդի կրթության եւ դաստիարակության կարեւորագույն ինստիտուտ` նա նշեց, որ ապագայում միասին դեռ շատ անելիքներ ունեն:
ԱԺ նախագահի ներկայությամբ հանդիսավորությամբ կտրվեց կարմիր ժապավենը: Հովիկ Աբրահամյանը շրջեց դպրոցում. դասասենյակներից մեկում ԱԺ նախագահը զրուցեց առաջին դասարանցիների հետ, հետաքրքրվեց նրանց տպավորություններով եւ հորդորեց լավ սովորել: Այնուհետեւ կրթօջախի` արցախյան ազատամարտում զոհված սաների հիշատակը հավերժացնող փառքի սրահում Հովիկ Աբրահամյանը ներկա գտնվեց առաջին դասարանցիների երդման արարողությանը:
Լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի նախագահը կրկին կարեւորեց կրթության նշանակությունը` հորդորելով երեխաներին ուսման 12 տարիները արդյունավետ օգտագործել, ստանալ շատ գիտելիքներ: Նշենք, որ այս տարի առաջին դասարան է գնացել նաեւ ԱԺ նախագահի թոռնիկը:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` Հովիկ Աբրահամյանն ասաց, որ դեռ 1990-ականներից շատ ամուր է իր կապը դպրոցների ու մանկավարժների հետ.«Միշտ հենվել եմ դպրոցի, մանկավարժների վրա»,- նշեց Հովիկ Աբրահամյանը` կարեւոր համարելով կազմակերպված դպրոցներ ունենալն ու մանկավարժների համար լավ հնարավորությունների ապահովումը, որպեսզի նրանք կարողանան որակյալ գիտելիքներ փոխանցել ապագա սերնդին: ԱԺ նախագահի խոսքով` 21-րդ դարում հարիր չէ չգազաֆիկացված ու ջեռուցում չունեցող դպրոցներ ունենալ.«Եթե 90-ական թվականների դա հասկանալի էր, այժմ դա ընդունելի չէ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ դպրոցը, կրթությունը, գիտությունը հանրապետության Նախագահի, իշխանությունների ուշադրության կենտրոնում են, եւ ամեն ինչ պետք է անեն, որ առկա խնդիրները լուծում ստանան: