«Անկախ իմ զբաղվածության աստիճանից` միշտ պատրաստ եմ հանդիպել ձեզ հետ: Ազգային ժողովի դռները միշտ բաց են ձեզ համար»,- հերթական «Բաց դաս»- ի ժամանակ դիմելով մասնակիցներին ` ասաց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Փետրվարի 10-ին անցկացված «Բաց դաս»- ի մասնակիցները Երեւանի Նոր Նորք եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների բարձր դասարանցիներ էին, ովքեր խորհրդարանի ղեկավարի հետ հանդիպման էին եկել ԱԺ նիստին ներկա գտնվելուց հետո: Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարեց նման հանդիպումները` նշելով, որ 2008 թվականից իրականացվող ԱԺ « Բաց դռներ»-ի քաղաքականությունը հնարավորություն է ընձեռում հասարակությանը, այդ թվում դպրոցականներին, ավելի մոտիկից շփվել ու ծանոթանալ ԱԺ-ին ու նրա աշխատանքներին:
ԱԺ նախագահի ու դպրոցականների զրույցն այնքան անկաշկանդ ստացվեց, որ հանդիպմանը ներկա մանկավարժներից մեկն իր տպավորությունները հայտնելով` նշեց, որ այսպիսի հանդիպումների միջոցով կոտրվում է այն պատնեշը, պատկերացումը, թե Ազգային ժողովը բարձր կանգնած, հասարակությունից կտրված մարմին է:
Անմիջական մթնոլորտից տպավորված էին նաեւ հանդիպմանը ներկա ` Ազգային ժողովում պրակտիկա անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մի խումբ ուսանողներ, ովքեր ԱԺ նախագահին խնդրեցին իրենց հետ եւս հանդիպել, ինչին ԱԺ նախագահը արձագանքեց պատրաստակամությամբ:
Իսկ դպրոցականների հարցերը բազմազան էին, բնականաբար, կրթական խնդիրների գերակշռությամբ: Մասնավորապես օտար լեզուների իմացությանը եւ հայերենը դրանց ստորադասելուն վերաբերող հարցին պատասխանելով` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ առաջինը պետք է ամեն ինչ անել, որ հայերենի իմացությունը գտնվի բարձր հիմքերի վրա: «Մեզ համար շատ կարեւոր է, որ մեր երեխաները շատ լավ տիրապետեն հայերենին եւ առաջինը պետք է ուշադրություն դարձնել հայերենի բարձր մակարդակին ,- ասաց ԱԺ նախագահը:Բայց նաեւ մեր ապագա սերնդին անհրաժեշտ է օտար լեզուներ իմանալ »:
Ինչպես մյուս, այնպես էլ այս «Բաց դաս»-ի ժամանակ ԱԺ նախագահն իր հարգանքը արտահայտեց մանկավարժի ու նրա աշխատանքի նկատմամբ, նշելով, որ մանկավարժներն ավելի լավ են պատկերացնում ոլորտի խնդիրները, եւ նրանց անպայման պետք է մասնակից դարձնել դրան վերաբերող քննարկումներին ու լսել նրանց: «Յուրաքանչյուր ողջամիտ առաջարկ պետք է ընդունել»,- ասաց Հովիկ Աբրահամյանը` տեղեկացնելով, որ առաջարկել է կրթության զարգացման 2011-2015 թվականների ծրագրի շուրջ հաջորդ շաբաթ անցկացվելիք խորհրդարանական լսումներին հրավիրել նաեւ մանկավարժների:
Խորհրդարանի նիստերի դահլիճում լուսանկարվելուց հետո շարունակված անմիջական զրույցի ժամանակ ուսուցիչներն իրենց մտահոգությունը հայտնեցին հեռուստատեսությամբ ցուցադրվող «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալի վերաբերյալ: ԱԺ նախագահը խոստացավ փոխանցել մտահոգություն , եւ ԱԺ նիստի ժամանակ հարցը ուղղվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին: