Փետրվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին:
Շնորհավորելով Ժան Միշել Հափին Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ նա իր աշխատանքով կշարունակի նպաստել Համաշխարհային բանկի եւ Հայաստանի միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցության զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը ողջունեց ՀԲ-ի գործունեւթյունը Հայաստանում` բարձր գնահատելով Համաշխարհային բանկՀայաստանի Հանրապետություն համագործակցությունը, որը տվել է իր դրական արդյունքները:
ՀԲ Երեւանի գրասենյակի ղեկավարը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` արձանագրեց, որ հատկապես վերջին տասնամյակում Համաշխարհային բանկի համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ առավել ակտիվ եւ արդյունավետ է եղել: Նրա խոսքերով` Հայաստանում տնտեսության զարգացման եւ սոցիալական բարեփոխումների լավ հիմքեր կան:
Զրուցակիցները կարեւորեցին նաեւ համագործակցությունը ՀԲ Երեւանի գրասենյակի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ: Ժան Միշել Հափը կարեւորեց նաեւ աշխատանքը խորհրդարանի մշտական հանձնաժողովների հետ` քննարկելու արդեն գործող եւ ապագա ծրագրերը, այն առաջնահերթությունները, որոնք պետք է ֆինանսավորվեն ՀԲ-ի տրամադրած միջոցներից:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել նման քննարկումների եւ հանդիպումների անցկացմանը: Նշելով, որ դեռ կառավարությունում աշխատելու տարիներից է ծանոթ ՀԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին` նաեւ մասնակցելով դրանց իրականացմանը, նա կարեւոր համարեց, որ ՀԲ կողմից տրամադրվող վարկերն արդյունավետ օգտագործվեն:
Կարեւորվեց տեղեկատվության եւ կարծիքների փոխանակումը, ինչը կնպաստի ծրագրերի ավելի արդյունավետ իրականացմանը:
Որպես Ազգային ժողով- Համաշխարհային բանկ համագործակցության կոնկրետ օրինակ` կողմերը կարեւորեցին ԱԺ-ի քաղաքականության ձեւավորման եւ հանրության հետ երկխոսության կարողությունների հզորացման ծրագրի համար Համաշխարհային բանկի կողմից Ազգային ժողովին դրամաշնորհի տրամադրումը: Այդ շրջանակում նախատեսվում է Ազգային ժողովում քաղաքականության կարողությունների ստեղծման համար խորհրդատվության մատուցում, ԱԺ գրադարանի արդիականացում, ինչպես նաեւ հանրության եւ լրատվամիջոցների հետ արդյունավետ հաղորդակցության համար անհրաժեշտ մեխանիզմների կատարելագործում: