Հունվարի 13-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստ: Նիստին մասնակցում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՀՊՏՀ խորհրդի անդամ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ նիստի օրակարգային առաջին հարցը ՀՊՏՀ խորհրդի նախագահի ընտրությունն է, եւ դիմեց խորհրդի անդամներին` ներկայացնելու թեկնածություններ:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ, պրոռեկտոր Վարդան Սարգսյանը խորհրդի նախագահի թեկնածու առաջադրեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Պարոն Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար, նշելով որ խիստ պարտավորեցնող է հանրապետության ամենահեղինակավոր բուհերից մեկի խորհրդի նախագահ լինելը եւ այդ պաշտոնում երկրորդ անգամ առաջադրվելը: Շնորհավորելով բոլորին Ամանորի տոների առթիվ, նա համոզմունք հայտնեց, որ 2011 թ. մեր երկրի ու ժողովրդի համար լինելու է առաջընթացի, հանդուրժողականության եւ փոխվստահության վերականգնման, բարեկեցիկ Հայաստան կառուցելու տարի: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ բուհի պրեֆեսորադասախոսական կազմի, խորհրդի անդամների եւ ուսանողների հետ միասին ինքը` որպես ԱԺ նախագահ եւ ՀՀԿ քաղաքական հանձնաժողովի նախագահ, ամեն ինչ անելու է, որ 80-ամյա պատմություն ունեցող բուհի վարկանիշը ավելի բարձրանա հանրության շրջանում եւ նվազագույնի հասցվեն ու վերանան բոլոր կոռուպցիոն երեւույթները:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ ՀՀ օրենսդրությամբ բուհի խորհրդի նախագահի ընտրությունը կարող է իրականացվել եւ բաց քվերակությամբ, եւ փակ գաղտնի: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով որոշվեց ՀՊՏՀ խորհրդի նախագահի ընտրությունը իրականացնել փակ գաղտնի քվերակությամբ:
Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած ՀՊՏՀ խորհրդի 26 անդամները միաձայն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ ընտրեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Հովիկ Աբրահամյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամներին ցուցաբերված վստահության եւ համատեղ աշխատանքի համար: Հպարտությամբ ընդգծելով, որ ինքը այս բուհի շրջանավարտ է եղել` պարոն Աբրահամյանը գոհունակությամբ նշեց այն հանգամանքը, որ երկրորդ անգամ հնարավորություն է ընձեռվում աշխատել հարազատ միջավայրում, որի հետ իր կապը սկսվել է դեռ տարիներ առաջ, երբ ուսանում էր այս բուհում: ԱԺ նախագահի կարծիքով` այս տարիների ընթացքում բուհում զգալի աշխատանք են կատարել միասին ուսումնական, կրթադաստիարակչական եւ կազմակերպչական առումներով: Խորհուրդն իրեն դրսեւորել է որպես ակտիվ գործող մարմին` բուհի եւ ընդհանրապես կրթության խնդիրներով մտահոգ: Հովիկ Աբրահամյանը վստահ է, որ այսուհետ եւս խորհուրդը շարունակելու է իր արդյունավետ գործունեությունը: «Համոզված եմ, որ միասին ի վիճակի ենք իրականացնել այն քայլերը, որոնք հնարավորություն կտան բարձր պահել 80-ամյա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի անունը եւ ամրապնդել նրա տեղը կրթական դաշտում: Ինքս պատրաստ եմ ամեն ինչ անել ի նպաստ հարազատ բուհի եւ երկրի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի առաջընթացի»,- նշեց ԱԺ նախագահը: Ըստ նրա` ժամանակն ու իրադարձությունները ցույց են տալիս, որ աշխարհում օրեցօր ավելի են մեծանում գիտելիքի արժեքն ու բարձրակարգ մասնագետների պահանջարկը, ինչը նշանակում է, որ մեծանում են նաեւ կրթությանը ներկայացվող պահանջները: Պարոն Աբրահամյանը վստահ է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կա այս ամենի հստակ ըմբռնում, ժամանակի պահանջների հիմնավոր գիտակցում, եւ որքանով տեղեկացել է իրականացված աշխատանքների հաշվետվությունից, կատարվում են իրատեսական ու շոշափելի քայլեր` ապահովելու բարձր արդյունք եւ որակյալ գիտելիք:
Այնուհետեւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ խորհրդի նիստը շարունակվեց: Քննարկվեցին բուհի` 2010 թվականի ուսումնագիտական, գիտահետազոտական եւ ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներին եւ 2011 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներին վերաբերող օրակարգային հարցերը, որոնք ներկայացրեց ՀՊՏՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը: Նշվեց, որ բուհում ինտենսիվ կրթական բարեփոխումներ են իրականացվում, ընդլայնվում են կրթական նոր տեխնոլոգիաները, բոլոր ֆ?ակուլտետներում ինտերակտիվ լսարաններ են ստեղծվել, ներդրովում են հեռահար կրթական համակարգի ստեղծման որոշ էլեմենտներ: Ռեկտորը վստահեցրեց, որ ամեն ինչ արվում է բուհում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ: Նրա խոսքով` բուհի ռազմավարական խնդիրներից է նաեւ կրթության միջազգայնացումը. ՀՊՏՀ-ն համագործակցում է տարբեր երկրների 11 բուհերի հետ: Պարոն Սուվարյանը նշեց, որ 2011թ-ից բուհի լավագույն 20 ուսանողները ԱԺ նախագահի ֆոնդից կստանան 20 հազար դրամ կրթաթոշակ: