Ազգային ժողովում շարունակվում է «Բաց դաս»-երի անցկացումը խորհրդարանի «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում: Փետրվարի 7-ին Հայաստանի օրենսդիր բարձրագույն մարմին էին այցելել Երեւանի Արաբկիր վարչական շրջանի շուրջ 40 դպրոցականներ, ովքեր նախ ներկա գտնվեցին Ազգային ժողովի նիստին, ապա հանդիպեցին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, ում նախաձեռնությամբ էլ անցկացվում են խորհրդարանական հանդիպումները Երեւանի եւ մարզերի դպրոցականների հետ:
Բացելով այս տարվա առաջին «Բաց դաս»-ը եւ ողջունելով պատանի հյուրերին` ԱԺ նախագահը նշեց, որ նախորդ հանդիպումներից ստացած արձագանքները վկայում են, որ նման հանդիպումների կարիք կա, եւ այսօր էլ շատ դպրոցներից ցանկություն ունեն այցելել խորհրդարան ու ծանոթանալ նրա աշխատանքներին: Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարեց նման հանդիպումները եւ ընդհանրապես խորհրդարանի ու պատգամավորների շփումները հասարակության հետ: Նրա խոսքերով` խորհրդարանը պետք է լինի բազմակարծության ամբիոն, գործի թափանցիկ, եւ որպես ԱԺ նախագահ, իր ընտրվելու օրվանից ամեն ինչ անում է այդպիսի միջավայր ապահովելու համար: Դպրոցականներին ԱԺ հրավիրելը, նրա գործունեությանն անմիջականորեն ծանոթանալու հնարավորություն ընձեռելը դրա դրսեւորումներից է: Մանավանդ որ, ինչպես աշակերտներից մեկի հարցին պատասխանելով ասաց Հովիկ Աբրահամյանը, այսօր մեզանում քաղաքացիական հասարակության ձեւավորումը դեռեւս բարձր մակարդակի վրա չէ, իսկ խորհրդարանը մեծ ու կարեւոր դերակատարություն ունի այդ հասարակության կայացման հարցում:
ԱԺ ձեւավորման կարգը, կառուցվածքը, գործառույթները, ինչպես նաեւ կառավարության հետ հարաբերությունների աշխատակարգը ներկայացնելուց հետո խորհրդարանի նախագահն անդրադարձավ նաեւ արտաքին քաղաքականության առանցքային հարցերից ԼՂ հակամարտությանը եւ հայ- թուրքական հարաբերություններին:
Աշակերտների կողմից ԱԺ նախագահին ուղղվեցին բազմաթիվ հարցեր: Եւ անսպասելի չէր, որ այդ շրջանակում չշրջանցվեց նաեւ այսօր շատ շոշափվող երկպալատանի խորհրդարանի թեման, որի վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելով` Ազգային ժողովի նախագահը նշեց, որ իր կարծիքով հարցը արժանի է համակողմանի քննարկման:
Եւս մի` այս անգամ ԱԺ նախագահի կողմից Երիտասարդական խորհրդարան նախաձեռնելու մասին հիշեցնելով` դպրոցականներից մեկը առաջ քաշեց աշակերտական խորհրդարանի ստեղծման հարցը, ինչին ի պատասխան `ԱԺ նախագահն ասաց, որ նախորդ հանդիպումներում եւս նման հարց հնչել է, եւ այժմ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:
Աշակերտների հնչեցրած հարցերի մեծ մասը վերաբերում էին կրթության, այդ թվում` մասնավորապես դասագրքերի բովանդակությանը: Խորհրդարանի ղեկավարը հանդիպմանը ներկա ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին առաջարկեց այդ թեմայով կազմակերպել խորհրդարանական լսումներ: Պարոն Դավթյանը առաջարկեց, որ հարցի հեղինակ աշակերտուհին եւս մասնակցի լսումներին:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց նաեւ, որ ԱԺ նախագահը հանդես է եկել կրթության ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնությամբ, որը ուղղված է կարգավորելու դպրոցներում աշակերտների բացակայության խնդիրը: Այն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ, նախատեսվում են հետագա քննարկումներ հանձնաժողովում, որոնց մասնակցելու հրավիրվեցին նաեւ աշակերտները:
«Բաց դաս»-ին մասնակցող աշակերտներից մի քանիսը, ովքեր ներկայացնում էին տարբեր դպրոցներ, Աժ նախագահին հրավիրեցին այցելել իրենց կրթօջախներ, ինչին Հովիկ Աբրահամյանը սիրով համաձայնեց:
Հանդիպման ավարտին դպրոցականները ԱԺ նախագահի հետ լուսանկարվեցին խորհրդարանի դահլիճում: