Հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Հանդիպմանը ներկա էին ԱԺ գլխավոր քարտուղար Գեղամ Ղարիբջանյանը եւ ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանը:
Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը շնորհավորեց նրան նշանակման առիթով եւ համոզմունք հայտնեց, որ ներկայումս բարձր մակարդակի վրա գտնվող հայ-ամերիկյան հարաբերությունները նրա պաշտոնավարման ժամանակ ավելի կզարգանան: ԱԺ նախագահը բարձր գնահատեց այն բոլոր ծրագրերը, որ ԱՄՆ-ի կողմից իրականացվել են Հայաստանում եւ գնահատանքի խոսքեր ուղղեց ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի հասցեին` դրանցում ունեցած ավանդի համար:
Հովիկ Աբրահամյանը մասնավորապես կարեւորեց այս տարի ավարտվող «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագիրը, որի շնորհիվ իրենց լուծումը ստացան մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք հարցեր: Նա հույս հայտնեց, որ դեսպան Հեֆերնը ջանքեր կգործադրի Հայաստանին վերաբերող ծրագրերը շարունակելու ուղղությամբ:
ԱՄՆ նորանշանակ դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նույնպես հավաստեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում, եւ վերջերս ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները Հայաստան դրա վկայությունն են:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային խնդիրներին: ԱՄՆ դեսպանը բարձր գնահատեց Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Հայաստանի կողմից այդ երկրին առաջարկված օգնությունը: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նույնպես կարեւոր քայլ համարելով Հայաստանի կողմից օգնություն առաջարկելը` նշեց, որ այդ առաջարկով Թուրքիայի իշխանություններին եւս մեկ հնարավորություն տրվեց բանակցություններ սկսել Հայաստանի հետ:
ԼՂ հակամարտության վերաբերյալ Հովիկ Աբրահամյանը ներկայացնելով հայկական կողմի տեսակետը` եւս մեկ անգամ նշեց, որ այն պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով ու ԵԱՀԿ Մինսկի Խմբի շրջանակներում, եւ որեւ այլ ձեւաչափ անընդունելի է:
Դեսպան Հեֆերնի խոսքերով` ԼՂ խնդիրը չի կարող ռազմական լուծում ունենալ:
Զրուցակիցները քննարկեցին նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, կարեւորեցին ՀՀ Ազգային ժողովի եւ ԱՄՆ կոնգրեսի միջեւ կապերի ակտիվացումը` անհրաժեշտ համարելով միջխորհրդարանական համագործակցության խթանումը: