Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի Եվրոպայի պահպանողականներ եւ ռեֆորմիստներ խմբի անդամներ Չարլզ Թանոքին եւ Ռիշարդ Չառնեցկուն:
Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը կարեւորեց նրանց այցը Հայաստան եւ նշեց, որ այն կնպաստի Եվրոպական խորհրդարանի հետ գործակցության խորացմանը: Խորհրդարանի ղեկավարը նշեց, որ Հայաստանը հանձնառու է եվրոպական արժեքներին ու սկզբունքներին եւ վճռական է ընդլայնելու եւ խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը: ԵՄ - Հայաստան համագործակցությունը ԱԺ նախագահը կարեւորեց նաեւ Հայաստանում տնտեսության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում բարեփոխումները խորացնելու տեսանկյունից : Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարեց խորհրդարանական համագործակցության շրջանակներում տեղի ունեցող քաղաքական երկխոսությունը: Նրա գնահատմամբ` Հայաստանը մեծ ակտիվությամբ մասնակցում է նաեւ Արեւելյան գործընկերության բազմակողմ ձեւաչափով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին:
Նա Չարլզ Թանոքին շնորհավորեց Երեւանի պետական համալսարանի կողմից պատվավոր դոկտորի կոչմանն արժանանալու կապակցությամբ:
Եվրախորհրդարանի Եվրոպայի պահպանողականներ եւ ռեֆորմիստներ խմբի անդամ Չարլզ Թանոքը կարեւոր համարեց Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացումը` այս համատեքստում անհրաժեշտ համարելով միջկուսակցական փոխգործակցության խորացումը: Նա բարձր գնահատեց եվրոպական արժեքներին հավատարիմ մնալու Հայաստանի ձգտումը: Նա պատրաստակամություն հայտնեց սատարելու Հայաստանի յուրաքանչյուր նախաձեռնությանը, որն ուղղված կլինի եվրոպական կառույցների հետ փոխգործակցության ընդլայնմանը: Անդրադառնալով Հայաստանի Մաքսային միությանը միանալու մտադրությանը, պարոն Թանոքը նշեց, որ հարգում են Հայաստանի որոշումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային խնդիրներ, երկուստեք կարեւորվեց հակամարտությունների խաղաղ կարգավորումը, տարածաշրջանի կայունությունը եւ անվտանգությունը: