National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
19.11.2023
Կոռումպացված ռեժիմները զենքերն օգտագործում են ոչ թե իրենց երկրների օրինական ինքնապաշտպանության, այլ` իրենց ռեժիմները պաշտպանելու համար. Մարիա Կարապետյան
1 / 1

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը ելույթ է ունեցել Երեւանում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի երկրորդ նիստում, երբ քննարկվել են կոռուպցիայի դեմ համատեղ պայքարի մեխանիզմները, անվտանգության սպառնալիքները:

«Շնորհակալ եմ, տիկին փոխնախագահ,

Հարգելի՛ գործընկերներ,

Հաճելի է ձեզ բոլորիդ տեսնել Հայաստանում:

Մեր այս նիստի թեման կոռուպցիայի եւ անվտանգության սպառնալիքների միջեւ կապն է: Այս առումով, իհարկե, խաղաղության եւ անվտանգության ամենամեծ սպառնալիքն այն է, երբ զենք է վաճառվում կոռումպացված ռեժիմներին, քանի որ կոռումպացված ռեժիմներն այդ զենքերն օգտագործում են ոչ թե իրենց երկրների օրինական ինքնապաշտպանության համար, այլ իրենց ռեժիմները պաշտպանելու համար:

Այնուամենայնիվ, ես կցանկանայի տեղափոխել մեր քննարկումը դրական դաշտ եւ խոսել այն մասին, թե ինչպես է կոռուպցիայի դեմ պայքարը նպաստում խաղաղությանը եւ անվտանգությանը:

Կոռուպցիայից զերծ պետությունն ու հանրությունն անխուսափելիորեն կապված են ժողովրդավարական, թափանցիկ, հաշվետու ինստիտուտների, ասել է թե առողջ ինստիտուտների հետ՝ բանակից մինչեւ ընտրական ինստիտուտներ, դպրոցներից մինչեւ նախարարություններ: Իսկ սա նշանակում է դիմակայանություն: Դիմակայունությունը կարեւոր պաշտպանական վահան է ժամանակակից հանրությունների համար, հատկապես` հիբրիդային պատերազմների դարաշրջանում, որոնք ներառում են ոչ միայն սովորական սպառազինություն, այլեւ տեղեկատվական տեխնոլոգիաներ, գաղափարախոսություններ, ինչ ասես:

Այսպիսով, հենց այս ըմբռնումով է, որ մենք Հայաստանում համատեղել ենք Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղության մեր ձգտումները ներքին բարեփոխումների խիստ օրակարգի հետ՝ ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարը:

Թույլ տվեք ընդգծել սա՝ այս աշնան ամիսներին ինչպես Հայաստանի խորհրդարանում, այնպես էլ աշխարհի տարբեր խորհրդարաններում ընթացող բյուջետային քննարկումներով: Մենք համեմատում ենք 2024 թվականի բյուջեի թվերը 2018 թվականի բյուջեի թվերի հետ: Սրա պատճառն այն է, որ 2018 թվականը շրջադարձային էր Հայաստանի ժողովրդավարացման համար:

Այսպիսով, 2024 թվականին Հայաստանի բյուջեում եկամուտները կկազմեն 2018 թվականի բյուջեի եկամուտների ավելի քան կրկնապատիկը: 2024 թվականի կապիտալ ծախսերը եռապատկվելու են 2018 թվականի կապիտալ ծախսերի համեմատ: Մեր առողջապահության բյուջեն 2018 թվականի առողջապահության բյուջեի կրկնապատիկն է լինելու: Մեր կրթության բյուջեն 2018 թվականի կրթության բյուջեի ավելի քան կրկնապատիկ է լինելու:

Ինչպե՞ս է հնարավոր դարձել ընդամենը մի քանի տարում կրկնապատկել բյուջեի եկամուտները: Շնորհիվ միայն կոռուպցիայի դեմ անողոք պայքարի եւ ազատ տնտեսության: Եվ մենք վստահ ենք, որ ներքին եւ արտաքին խաղաղության մեր ճանապարհը կապված է ավելի դիմակայուն եւ ավելի ժողովրդավարական Հայաստան ունենալու հետ:

Շնորհակալություն»,- նշել է պատգամավորը: