National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
18.11.2023
Այսօր խաղաղությունը պարտադիր է. Լիլիթ Մինասյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում
1 / 1

Երեւանում անցկացվող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Մինասյանը:

«Հարգելի՛ գործընկերներ,

Բարի գալուստ Հայաստան, հուսով եմ՝ կվայելեք մեր երկրի հյուրընկալությունը:

Մենք բոլորս հավաքվել ենք այստեղ քննարկելու ԵԱՀԿ-ի դերը կոնֆլիկտների տարածաշրջաններում: Բազմիցս խոսելով պատերազմների սպառնալիքների, դրանց հետեւանքների, աշխարհում տիրող ահագնացող տագնապալի երեւույթներից՝ մենք՝ որպես խորհրդարանականներ, Հելսինկյան ակտին հղում անելով՝ շեշտել ենք խաղաղ լուծումների եւ երկխոսության կարեւորության մասին: Բայց իրականությունը գնալով ավելի ու ավելի դաժան է դառնում:

Երբեմն տպավորություն է, որ աշխարհում քաղաքական գործիչների խոսույթը, դիվանագիտական լեզուն, գործող համակարգերն այլեւս կորցրել են իրենց ուժը: Գնալով ավելի անորոշ է դառնում ապագան, ծնվում եւ մեծ թափ են հավաքում նորանոր ճգնաժամային կետեր, օրեցօր աճում է պատերազմներից զոհված մարդկանց թիվը:

Ես կփորձեմ մի քանի օրինակով խոսել պատերազմի այլ երեսի մասին: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ երկրների կառավարությունները չեն տեսնում, չեն լսում այդ կողմը: Պատերազմը մարդկանց կյանքերի մասին է: Իսկ մարդը բարձրագույն արժեք:

Ես ուզում եմ ձեզ պատմել Կամոյի պատմությունը, որը 30 տարեկան տղա է, իր կյանքից շատ սիրում է իր հայրենիքն ու իր հայրենակիցներին: Կամոն կռիվ է գնացել 2020 թվականին, Լեռնային Ղարաբաղում: Կամոն չի մահացել, բայց հետ չի եկել կռվից: Կամոն երազներում կռվի դաշտում է, հավաքում է արկի պայթյունից մահացած իր ընկերոջ մասունքները պարկի մեջ: Կամոն 12 օր ապրել է սարի գլխին՝ առանց ջուր, հաց, որովհետեւ սարը շրջափակված էր թշնամու կողմից:

Պատմեմ ձեզ Էլմիրա տատի պատմությունը: Էլմիրան 62 տարեկան կին է: Սեպտեմբերի 19-ի կռիվը սկսելուց հետո թոռներն ու երեխաները հասցրել են փախնել գյուղից, որի վրա հարձակվել էին ադրբեջանցիները: Էլմիրա տատը չի հասցրել, գերի են վերցրել: 6 օր պահել են ձեղնահարկում՝ խոշտանգելով, վախեցնելով, ծեծելով ծեր կնոջը: Կարմիր խաչը կարողացել է փրկել: Հանդիպեցինք նրան Գորիսում: Աչքերը թաց՝ փնտրում էր երեխեքին, երեխեքն էլ գիտեին տատն այլեւս չկա:

Պատմեմ ձեզ 13 տարեկան Գոռի մասին: Սեպտեմբերի 19-ին, երբ ժողովուրդը մազապուրծ փախչում էր ԼՂ-ից, Գոռը որոշել է ինքը ընտանիքին դուրս հանի մեքնայով: 55 ժամ մեքենայի ղեկին՝ 13-ամյա տղան իր 8 հոգանոց ընտանիքը սարսափով բերել է Հայաստան: 55 ժամվա ընթացքում ոչ քնել են, ոչ՝ սնվել: Գոռը տեսել է պատերազմն իր բոլոր գույներով:

Ես պատմում եմ ձեզ ողջ մնացած մարդկանց պատմություններ, որպեսզի հասկանաք, որ հրադադարը պատերազմի ավարտը չէ: Հազարավոր մարդիկ, ովքեր տեսնում են ռումբերի հետեւանքները, այլեւս չեն կարող ապրել նախկինի պես: Ես ձեզ պատմեցի Կամոյի, Էլմիրայի, Գոռի պատմությունները... Նրանց անունները կարող են լինել Իվան, Տարաս, Սուլիման, Քամել, Զայդա, Աբդուլ, Ջոն, Էմիլի...

Պատերազմը մարդկային կյանքերի մասին է: Բոլորիս՝ քաղաքական գործիչների պարտքն է տեսնել այս մարդկանց տառապանքը, լսել նրանց հոգու ճիչը: Համայն մարդկությունն այսօր աղաղակում է խաղաղություն: Պետք չէ շարունակել խոսել հակամարտությունների ճիշտ կամ սխալ կողմերի մասին: Մենք պետք է ստիպենք աշխարհին դադարեցնել թնդանոթները, բռնությունը, ատելությունը: Ուշացած հարսանիքներ արվում են, եւ երեխաները, որ պետք է ծնվեն, քիչ են, բայց նրանք հավատում են, որ նավթն ու գազը, ի վերջո, իրենց կյանքից թանկ չեն: Այսօր խաղաղությունը հրամայական է:

Շնորհակալություն»,- նշել է պատգամավորը: