National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
18.11.2023
Պետք է հասկանալ, թե ինչպես ԵԱՀԿ-ն կարող է տարածաշրջանին երկարատեւ խաղաղություն բերող լուծումներ առաջարկել
1 / 19

Նոյեմբերի 18-ին Երեւանում կայացել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը:

Նիստում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհրդարանի նախագահի ելույթը՝ այստեղ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներին: Ելույթին կարող եք ծանոթանալ հղմամբ:

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի մասնակիցներին եւ հյուրերին ողջունել է նաեւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաուման: Կարեւորելով ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատման դերը` Պիա Կաուման անդրադարձել է վերջերս ԼՂ-ից բռնի տեղահանված հարյուր հազարավոր հայերին, նշել, որ ծանոթ է նրանց պատմություններին: ԵԱՀԿ ԽՎ նախագահը նշել է, որ արդարության գինը չպետք է լինի քաղաքացիների տանջանքների գնով:

«Կայուն խաղաղությունն ու անվտանգությունը պահանջում են վստահություն եւ փոխադարձություն: Քաղաքական առաջնորդները կրում են այդ ամենի պատասխանատվությունը»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը:

Պիա Կաումայի խոսքով պատմությունը կրկնվում է, եւ ԵԱՀԿ տարածաշրջանում ապրող ժողովուրդները պետք է հիշեն, թե ինչպես կես դար առաջ երկրները համախմբվեցին ատելության կործանարար մեխանիզմը կոտրելու համար:

«Աշնանային նստաշրջանը հիանալի հնարավորություն է` հասկանալու, թե ինչպես ԵԱՀԿ-ն կարող է առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք տարածաշրջանին երկարատեւ խաղաղություն կբերեն»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաուման եւ ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել պետական ինստիտուտների ամրապնդմանը, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պահպանմանը:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի պաշտոնական նիստի մեկնարկից հետո տեղի է ունեցել քաղաքական ուղղվածությամբ նիստը, որի ընթացքում բանախոսներն անդրադարձել են ԵԱՀԿ տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակին, ինչպես նաեւ մարտահրավերներին արձագանքելու հարցում խորհրդարանական վեհաժողովի դերակատարությանը:

Խոսելով բարդ քաղաքական մթնոլորտում կառույցի դերի մասին՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը նշել է, որ չնայած կազմակերպությունը մարտահրավերների է բախվում՝ ԵԱՀԿ-ն շարունակում է կատարել իր մանդատները եւ նշանակալից դեր խաղալ բոլորի համար անվտանգության ամրապնդման գործում:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանն անցել է կտրուկ փոփոխությունների միջով, որոնք նոր տեսլական են ձեւավորել միջազգային ասպարեզում նրա դերի մասով. նշել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նրա խոսքով ժողովրդավարացման գործընթացը շարունակաբար ամրապնդում է հայկական պետական ինստիտուտները եւ հայ հասարակությանը դարձնում ավելի դիմացկուն ներքին եւ արտաքին մարտահրավերների նկատմամբ: Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը:

Զեկուցողը նաեւ անդրադարձել է ԼՂ  բնիկ հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումներին: Նշվել է, որ Հայաստանը խաղաղություն է ցանկանում տարածաշրջանում եւ  հաստատակամորեն հավատարիմ է խաղաղության օրակարգին:

Նիստից հետո խորհրդարանականների միջեւ տեղի է ունեցել բաց քննարկում, որի ընթացքում եվրոպացի պատգամավորները, խոսելով ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգային հարցերի մասին, նշել են, որ անվտանգության միջոցների ձեռնարկումը մեծ նշանակություն ունի կառույցի համար: Ընդգծվել է, որ վերջին տարիներին աշխարհը փոխվել է, մարտահրավերները շատացել են, եւ կազմակերպությունը պետք է քայլեր ձեռնարկի դրանք կանխարգելելու համար: Խորհրդարանականները մտահոգություն են հայտնել եւ դատապարտել Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումը, աջակցություն հայտնել ագրեսիայից տուժածներին: Ելույթ ունեցողները նշել են, որ աջակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը: Կարեւորվել է Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը:

Եվրոպացի պատվիրակներն ընդգծել են, որ ագրեսիան ճիշտ ճանապարհ չէ, խոցելի է դարձել ժողովրդավարությունը: Նրանց խոսքով անհրաժեշտ է ճիշտ դիվանագիտություն եւ գործուն քայլերի ձեռնարկում: Նշվել է, որ ագրեսիա իրականացնող պետությունները պետք է պատասխանատվություն կրեն: Նշվել է նաեւ, որ Հայաստանի սուվերենությունը եւ տարածքային ամբողջականությունը վտանգի տակ են: Ելույթներ են եղել ուղղված ի պաշտպանություն Ադրբեջանում հայ բանտարկյալների:

Մասնակիցները ողջունել են եւ ընդունելի համարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն աշխատանքը կշարունակի նոյեմբերի 19-ին: