Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու ԱՊՀ ՄԽՎ 27-րդ լիագումար նիստի եւ հանձնաժողովների աշխատանքներին: Պատվիրակության կազմում են ԱՊՀ ՄԽՎ սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանը, ԱՊՀ ՄԽՎ տնտեսական եւ ֆինանսների հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ԱՊՀ ՄԽՎ միջազգային համագործակցության եւ քաղաքական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գրիգոր Ղոնջեյանը:
ԱՊՀ ՄԽՎ 27-րդ լիագումար նիստի շրջանակներում նոյեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա «ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության կատարելագործումը հակազդելու համար անվտանգության ներկա մարտահրավերներին ու սպառնալիքներին» թեմայով գիտագործնական կոնֆերանս:
Նոյեմբերի 16-ին Տավրիկյան պալատում նախատեսվում է նաեւ Կովկասյան քառյակի հանդիպում` Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի խորհրդարանների նախագահների մասնակցությամբ:
Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը Սանկտ Պետերբուրգից կմեկնի Սան Մարինո` մասնակցելու ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ ի թիվս այլ հարցերի կքննարկվի Հարավային Կովկասում կայունության պակտի հաստատման հարցը: