Փետրվարի 8-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը: Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրից բխող՝ առաջիկա տարիներին մեծ թվով բնակելի եւ հասարակական նշանակության հաստատությունների նոր մասնաշենքերի կառուցման համար բազմակի օգտագործման նախագծեր կիրառելու պահանջով: Այդ շինությունների շարքում ընդգրկված են նախադպրոցական, դպրոցական, առողջապահական, գյուղատնտեսական եւ այլ հաստատություններ:
Դավիթ Գրիգորյանի գնահատմամբ՝ բազմակի օգտագործման նախագծեր կիրառելը նպատակահարմար է, քանի որ դրանով կկրճատվեն շենքերի նախագծման ժամկետները եւ կատարվելիք ծախսերը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հայկ Ցիրունյանը: Պատգամավորը կարեւորել է նախագծի ընդունումը: