Փետրվարի 8-ին ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները, նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում հնարավորինս կբարձրացվի կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման եւ ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների, այդ թվում՝ կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումների խախտումների հետ կապված վարույթների իրականացման արդյունավետությունը:
Սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն չներկայացվելու պարագայում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնի ստուգայց իրականացնող պաշտոնատար անձը տեղում կկիրառի պատասխանատվության միջոցներ՝ օրենքով սահմանված կարգով: Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն ներկայացվելու պարագայում վարույթը կիրականացվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Առաջարկվող կարգավորումը կիրառվելու է միայն այն դեպքում, երբ առկա են լինելու խախտման ակնհայտ հիմքեր, որոնք տվյալ պահին չեն վիճարկվելու խախտումը թույլ տված անձի կողմից:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը: