Ազգային ժողովը փետրվարի 8-ին գումարված հերթական նիստերի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
Նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը: Փոխնախարարը հայտնել է, որ փաթեթով նախատեսվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի վերացումով ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական եւ վարչական պալատներ: Կարգավորվում են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատների կազմավորման եւ բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերը: Փաթեթով նաեւ նախատեսվում է դատավորների թեկնածուների եւ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման ճկուն մեխանիզմներ՝ առանց ժամկետների համալրման ենթակա քանակի սահմանափակման:
Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթը լրամշակվել է, հստակեցվել են անցումային դրույթները:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծերի փաթեթին դրական եզրակացություն է տվել: