Խորհրդարանը փետրվարի 8-ին գումարած հերթական նիտերի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը խմբակցության որոշմամբ համարվել է արտահերթ հարց:
Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշել է, որ օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում է կիրառվում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ:
Հիմնական զեկուցողը նշել է, որ գործող օրենքով խախտվում են քաղաքացիների իրավունքները: Ըստ նրա՝ ՀՀ Սահմանադրությամբ արգելվում է նույն արարքի համար կրկնակի պատասխանատվությունը: Գործող կարգավորումներով վարորդների համար միաժամանակ նախատեսվում է տուգանք դրամական միջոցների, նաեւ տուգանային միավորների մասով: Բոլոր վարորդներին տրվող 9 միավորն սպառվելու դեպքում առաջանում է վարորդական իրավունքի կասեցում: Գեղամ Մանուկյանի խոսքով՝ դա առանձին պատասխանատվության միջոց է, որը զուգահեռ կիրառվում է այլ պատասխանատվության միջոցների հետ՝ նույն արարքի համար:
Հարակից զեկուցող ՀՀ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը ներկայացրել է հանձնաժողովի դիրքորոշումը: Պատգամավորն անդրադարձել է վիճակագրական որոշ տվյալների, ըստ որոնց, բալային համակարգը դրական ազդեցություն է ունեցել Երեւան քաղաքում ՃՏՊ-ների նվազեցման հարցում:
Անդրադառնալով հեղինակների՝ օրենքի նախագծի հակասահմանադրական համարող պնդմանը, Արմեն Խաչատրյանը նշել է, որ այդ հարցը կարելի է վիճարկել միայն համապատասխան մարմնում՝ Սահմանադրական դատարանում: Նա կոչ է արել հեղինակներին հարցի սահմանադրականությունը վիճարկել հենց այնտեղ:
Կառավարության եզրակացությունը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Փոխոստիկանապետի խոսքով՝ գործող կարգավորումները լիովին համապատասխանում են ինչպես միջազգային իրավական սկզբունքներին, այնպես էլ ներպետական իրավակարգավորումներին:
Արա Ֆիդանյանն ընդգծել է, որ գործող կարգավորումներով նույն արարքի համար կրկնակի պատասխանատվություն նախատեսված չէ եւ առաջարկել է նախագծով քննարկվող՝ գործող օրենսգրքի հոդվածները թողնել անփոփոխ:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն իրենց ելույթներում նշել են, որ օրենքի նախագծով մատնանշած Սահմանադրության հոդվածը վերաբերում է «նույն արարքի համար կրկնակի չդատվելուն»: Իսկ բալային համակարգին վերաբերող կարգավորումներով իրավախախտումների համար կիրառվում է տուգանային միավոր: Գործող կարգավորումներով անձը ոչ թե պատասխանատվության է ենթարկվում նախորդ իրավախախտման համար, այլ այն դեպքում, երբ պարբերաբար կատարում է այնպիսի խախտումներ, որոնք հանրության համար վտանգ են ներկայացնում. արդյունքում անձը ենթարկվում է ավելի խիստ պատասխանատվության:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արծվիկ Մինասյանը: Նա նշել է, որ բալային համակարգում կան խնդիրներ, եւ ներկայացված նախագիծը միտված է այդ խնդիրները բարձրաձայնելուն եւ լուծելուն: Պատգամավորն ընդգծել է, որ իրենց խմբակցությունը դիմելու է նաեւ Սահմանադրական դատարան:
Եզրափակիչ ելույթներում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն ու ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը պատասխանել են հնչեցված հարցերին: