National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.12.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
02.12.2008
Քննարկվեց Հանրաքվեի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

Դեկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց աշխատանքը եւ քվեարկություններով ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը, որից հետո պատգամավորներն անդրադարձան նախորդ օրն սկսված «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» առաջին ընթերցմամբ քննարկվող օրինագծի շուրջ մտքերի փոխանակությանը:

Օրինագծի վերաբերյալ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացնող Արտակ Դավթյանն անդրադարձավ այն դրույթներին, որոնք իր կարծիքով  խմբագրման կարիք ունեն:

Մտքերի փոխանակությանը մասնակցեց ութ պատգամավոր: Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ինքը դեմ է քվեարկելու օրինագծին, որ  իր գնահատմամբ հակասահմանադրական է: Ըստ նրա` Սահմանադրությամբ ամրագրված որեւէ դրույթ իրավունք չի տալիս կառավարությանը հանրաքվե անցկացնել: Այս տեսակետն ունի նաեւ Տիգրան Թորոսյանը, ով եւս նշելով նախագծի իր կարծիքով` հակասահմանադրականությունը, գործընկերներին առաջարկեց օրինագծի նկատմամբ լինել բծախնդիր եւ պահանջկոտ, կառավարությանն էլ առաջարկեց ետ վերցնել օրինագիծը եւ գտնել հասարակության կարծիքի բացահայտման այլ տարբերակ: Ըստ նրա` արդարացված չէ նաեւ օրինագծի ընդունման հրատապությունը: Վարդան Խաչատրյանն էլ համամիտ չէր կառավարության տեսակետին, թե կան հարցեր, որոնց վերաբերյալ հասարակության վերաբերմունքի ճշտման համար անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել: Ըստ նրա, օրինագծով նախատեսված փոփոխություններն առնչվում են ԼՂՀ հիմնահարցի կարգավորման խնդրին եւ ենթադրում միջնորդավորված պատասխանատվություն, ինչն անընդունելի է: Վիկտոր Դալլաքյանի կարծիքով էլ պետք է ամրագրել դրույթ, որի համաձայն քաղաքացիները եւս իրավունք կունենան անցկացնելու հանրաքվե: Նա առաջարկեց հանել այն դրույթը, որով կառավարությունը պետք է հանրաքվեի դրվող հարցը եւ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը  նախապես համաձայնեցնի ՀՀ նախագահի հետ: Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով պատգամավորների կարծիքներին օրինագծի հակասահմանադրականության վերաբերյալ, հիշեցրեց, որ օրինագծի` Սահմանադրությանը համապատասխան լինելու  վերաբերյալ հստակ եւ սպառիչ պարզաբանումներ է տվել հիմնական զեկուցող Գեւորգ Դանիելյանը: Նշելով, որ օրինագիծը միանգամայն ընդունելի  է, Նաիրա Զոհրաբյանը մտահոգիչ համարեց միայն  հանրաքվեի դրվող հարցի իրավական հետեւանք չունենալու հանգամանքը: Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ անիմաստ է ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման առնչությամբ հանրաքվեի անցկացումը, քանի որ դա իրավական տեսանկյունից ոչինչ չի տալիս: Արծվիկ Մինասյանն առաջարկում է, որպեսզի չարժեզրկվի հանրաքվեի ինստիտուտը եւ բացառվեն շահարկումները, կարեւորագույն հարցերը քննարկել առանձին օրենքներով: Զարուհի Փոստանջյանն էլ համոզված էր, որ հասարակության կարծիքը ճշտելու համար նախ պետք է իրազեկել նրան: Իր ելույթը պատգամավորը հիմնականում կառուցեց ղարաբաղյան հարցի կարգավորման տեսանկյունից:     

Օրինագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումները ներկայացրին «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան», ՀՀԿ խմբակցությունները:

«Ժառանգության»  անունից Արմեն Մարտիրոսյանն իրազեկեց, որ խմբակցությունը դեմ է օրինագծին, քանի որ անընդունելի է համարում հանրաքվե անցկացնելու  կառավարությանը տրվող իրավունքը: Ըստ խմբակցության տեսակետի, քանի որ Սահմանադրությամբ ամրագրված է, որ ժողովուրդը հանրաքվեով իշխանություն է իրականացնում, ուստի այն անմիջական ազդեցություն պիտի ունենա, մինչդեռ օրինագծով ամրագրված հանրային կարծիքի ուսումնասիրությունը իրավական հետեւանք չի առաջացնում: Սրանից ելնելով էլ պատգամավորը նշեց, որ «օրենքն արդեն իսկ այս պարբերությամբ հակասության մեջ է Սահմանադրության հետ»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրեց Նաիրա Զոհրաբյանը: Նշելով, որ խմբակցությունը կողմ է քննարկվող օրինագծին, Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ գործընկերների ելույթին, նշելով, որ նրանցից ոմանք սահուն կերպով օրինագծի քննարկումները տեղափոխեցին այլ` ղարաբաղյան հիմնախնդրի  դաշտ: Այլ կերպ` մի սուվերեն պետության միջամտություն մեկ այլ սուվերեն պետության գործերին: Տիկին Զոհրաբյանը շեշտեց, որ կառավարության  նախաձեռնությունը բացառապես վերաբերում էր հանրային հնչեղություն ունեցող հարցերին, որոնք պետք է իրավունք ստանան  հանրաքվեի դրվելու: Պատգամավորը հիշեցրեց Շվեյցարիայի փորձը, որտեղ ցանկացած խնդիր դրվում է հանրաքվեի, եւ Շվեյցարիան էլ  համարվում է ամենաժողովրդավարական երկրներից մեկը:

ՀՀԿ-ի տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Անդրադառնալով օրինագծի դրույթների շուրջ ելույթներին, նա ասաց, որ մտադրված չէր այս հարցի կապակցությամբ ելույթ ունենալու, սակայն գործընկերներից ոմանց շահարկումները պարտադրում են ասել` մի  նսեմացրեք Լեռնային Ղարաբաղի հարցը: Ըստ խմբակցության ղեկավարի, սա շատ սովորական օրինագիծ է եւ Ղարաբաղի հարցը չի կարող այդ օրենքի շրջանակներում քննարկվել: Նա անհիմն համարեց նաեւ որոշ ելույթներում հնչած հակասահմանադրականության մասին տեսակետները: Պարոն Սահակյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը կողմ է  օրինագծին:

Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը պարզաբանումներ տվեց հնչած կարծիքների վերաբերյալ: 

ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը պատգամավորների քննարկմանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքից հանել այն դրույթը, որը սահմանափակում է ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերի եւ հաղորդումների հեռարձակման հնարավորությունը:  Գործող օրենքով հանրային հեռուստատեսությամբ կարող է հաղորդում հեռարձակվել շաբաթական մինչեւ մեկ ժամ սահմանագծով, ռադիոյով`  օրական մինչեւ մեկ ժամ սահմանագծով:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, տեղեկացներով, որ այն չի համապատասխանում իր կարծիքին: Հանձնաժողովի նախագահի համոզմամբ, չպետք է վերացնել սահմանափակումը, քանի որ սահմանափակումը վերացնելով,  հեռուստառադիոընկերությունները կարող են անսահմանափակ քանակությամբ հեռարձակել ռուսալեզու հաղորդումներ:  Պարոն Աշոտյանն առաջարկեց 1 ժամը դարձնել 2 ժամ: Ըստ նրա, այս տարբերակն օրերս քննարկվել է նաեւ ԵԽ փորձագետների հետ եւ արժանացել նրանց հավանությանը:
 
Առաջարկի եւ օրինագծի վերաբերյալ մտքերի փոխանակությանը մասնակցած պատգամավորների տեսակետները իրարամերժ էին: Մասնավորապես Նաիրա Զոհրաբյանը, ով նաեւ գլխադասային հանձնաժողովի նախագահի տեղակալն է, կարծում էր, որ ժամաքանակի սահմանումը նշանակում է միջամտություն հեռուստառադիոընկերությունների աշխատանքին: Ըստ նրա, անհրաժեշտ է խնդիրը քննարկել շահագրգիռ կազմակերպությունների հետ եւ  գալ ընդհանուր հայտարարի: Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի մտահոգությունը կիսում էր պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, ով իր տեսակետը ներկայացրեց  նաեւ որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ: Նշելով, որ Հայաստանի Հանրապետությունում հարգվում են ազգային փոքրամասնությունների բոլոր իրավունքները, պարոն Շարմազանովն առաջարկեց օրինագիծն ընդունել առաջին ընթերցմամբ, ապա ներկայացնել հստակ առաջարկներ: 

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Գեւորգ Դանիելյանն ընդունեց Արմեն Աշոտյանի մտահոգությունը եւ հավաստիացրեց, որ օրինագիծը կխմբագրվի: 

Խորհրդարանը քննարկեց նաեւ ՀՀ նախագահի կողմից ներկայացված «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգի մասին» արձանագրության մեջ լրացում կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը եւ «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետություններին ագրեսիայի սպառնալիքի առաջացման կամ ագրեսիայի գործողության կատարման դեպքում ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու  մեխանիզմի մասին» արձանագրությունը, որոնք ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը: ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակցությունները ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: 

Վերջին նիստի մեկ ժամը, ԱԺ կանոնակարգի համաձայն, տրամադրվեց պատգամավորների հայտարարություններին:


02.12.2008
Քննարկումներ ԱԺ մշտական հանձնաժողովում
Ազգային ժողովի  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի, հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանի, պատգամավորներ Անահիտ Բախշյանի ու Լիլիթ  Գալստյանի, ինչպես նաեւ Եվրախորհրդի անկախ փորձագետ Եվե Քուլտեր Սալամոնի ու Հայաստանում ԵԽ...

02.12.2008
Բուլղարիայի դեսպանն Ազգային ժողովում
Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպան Թոդոր Ստայկովին:Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց Բուլղարիայի Հանրապետության հետ բարեկամա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am