National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
01.11.2023
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ներկայացրել է 2024 թ. բյուջետային հատկացումները եւ իրականացվելիք միջոցառումները
1 / 5

Նոյեմբերի 1-ին ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվող հատկացումների վերաբերյալ նախնական քննարկումները:

«ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովում» ծախսային ծրագրի  բյուջետային հայտը 2024 թվականին կազմել է 7,2 մլրդ դրամ, որը 1,5 տոկոսով ավելի է 2023 թվականի  հաստատված բյուջեից: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը՝ ներկայացնելով գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթով օրենսդիր մարմնի համար նախատեսված ֆինանսական հատկացումներն ու իրականացվելիք միջոցառումները:

«ՀՀ Ազգային ժողովի գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական եւ ներկայացուցչական ծառայություններ» միջոցառման համար նախատեսված է 6,1 մլրդ դրամ, աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստման համար՝ 1,3 մլն  դրամ, Ազգային ժողովի դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման գծով՝ 50,6 մլն  դրամ, միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարների գծով՝ 123,9 մլն դրամ, «Աջակցություն կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին» միջոցառման համար նախատեսվում է հատկացնել  520,7 մլն  դրամ: Ազգային ժողովի տեխնիկական հագեցվածության բարելավմանը կուղղվի 175,7 մլն դրամ, որը 38 տոկոսով ավելի է 2023 թվականի բյուջետային հատկացումից, իսկ շենքային պայմանների բարելավմանը կտրամադրվի 191,5 մլն դրամ:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը նկատել է, որ 2024 թվականի բյուջետային հայտում «Ազգային ժողովի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման ֆինանսավորման աճը պայմանավորված է տեխնիկական սարքավորումների արդիականացման անհրաժեշտությամբ: «ՀՀ Ազգային ժողովի շենքային պայմանների բարելավում» միջոցառման շրջանակում եւս ֆինանսավորման միջոցների աճ կա: Դավիթ Առաքելյանի խոսքով ԱԺ շենքերի, էլեկտրական հաղորդագծերի ցանցի, հեռախոսային, ինտերնետ արտաքին հեռախոսակապի նորոգման անհրաժեշտություն կա, ցանցն արդիականացման կարիք ունի, եւ հատկացումները կուղղվեն այդ խնդրի կարգավորմանը:

Նշվել է, որ 2024 թվականին Հայաստանում անցկացվելու է Միջխորհրդարանական միության (IPU) երիտասարդ պատգամավորների գլոբալ ֆորումը, որի համար եւս գումար է հատկացվել:

Անդրադառնալով միջազգային գործընկերների հետ համագործակցությանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այն շարունակական կլինի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP), Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI), Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI), Կանադայի խորհրդարանական կենտրոնի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ:

Խոսելով Ազգային ժողովի դերի բարձրացմանն ուղղված միջոցառման շրջանակում կատարվող քայլերից՝ Դավիթ Առաքելյանն անդրադարձել է հաջողությամբ իրականացված «Ամառային դպրոց» ծրագրին: Նա տեղեկացրել է, որ 2024 թվականին նախատեսվում է ոչ միայն շարունակել «Ամառային դպրոց» ծրագիրը, այլեւ ի թիվս այլ միջոցառումների՝ անցկացնել «Ժողովրդավարության օր» եւ «Պառլամենտարիզմի օր» խորագրերով միջոցառումները:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հետաքրքրվել է ՄԱԶԾ-ի շրջանակում իրականացվող ծրագրերի շարունակության եւ ԱԺ-ի կողմից համաֆինանսավորման խնդրով: Դավիթ Առաքելյանը պարզաբանել է, որ ՄԱԶԾ գործընկերների հետ այդ մասով այժմ քննարկումներ են ընթանում: Կարեւորվել է միջազգային գործընկերների հետ համագործակցության շարունակականությունը, որն ուղղված է ԱԺ կարողությունների զարգացմանը: ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը տեղեկացրել է, որ ՄԱԶԾ-ի հետ այս պահին ի թիվս այլ միջոցառումների՝ իրականացվում է ԱԺ պաշտոնական կայքը վերափոխելու ծրագիրը, որի արդյունքում այն կդառնա ավելի ժամանակակից եւ ներառական:

Պատգամավորներ Ալխաս Ղազարյանը եւ Միքայել Թումասյանը հետաքրքրվել են բարեկամական խմբերի եւ միջխորհրդարանական հանձնաժողովների թվի հնարավոր փոփոխությամբ ու վերափոխմամբ: