Նախատեսվում է ոլորտի իրավական կարգավորումները համապատասխանեցնել ԵԱՏՄ օրենսդրությանը` հնարավորություն ստեղծելով տվյալների հավաքագրման, վերլուծությունների, կանխատեսումների եւ զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման համար: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` ապրիլի 12-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը:
Ըստ նախարարի` առաջարկվում է օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման, պահպանման, փոխադրման, իրացման պահանջների հետ կապված պետական վերահսկողություն իրականացնելու համար սահմանել լիազորող նորմ, ինչպես նաեւ պատասխանատվություն` այդ արտադրանքի ապրանքային շարժի փուլերում այդ պահանջների խախտումների համար:
Նշվել է, որ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է օրգանական գյուղատնտեսության արտադրանքի սերտիֆիկացման դաշտի ընդլայնում, ոլորտում մրցակցային հնարավորությունների ստեղծում, սերտիֆիկացման գործընթացի դյուրացում եւ բարելավում, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսությունների ընդլայնում եւ արտադրության ծավալների աճ:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեն Մկրտչյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հետաքրքրվել է, թե ինչ է անում Էկոնոմիկայի նախարարությունը մեր քաղաքացիների իրավունքների ապահովման ուղղությամբ: Ըստ նրա` վերջերս լրատվամիջոցներից մեկի հրապարակումը վերաբերել է ժամկետանց հավկիթների իրացմանը:
Վահան Քերոբյանը փաստել է, որ Կառավարությունը ջանքերի զգալի մասն ուղղում է օրենքների կիրարկման ապահովմանը: Նշվել է, որ Սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ հետաքրքրվել են այդ հրապարակմամբ` արդյո՞ք ստանդարտներին համապատասխան են կատարվել հավկիթների ժամկետանց լինելու ուսումնասիրությունները: Առաջիկայում անդրադարձ կլինի այդ հարցին:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հավաստմամբ միջազգային մի շարք ինդեքսներով նվազել է մեր երկրի վարկանիշը:
Ի պատասխան` Վահան Քերոբյանը նշել է, որ միայն Ֆրեյզեր ինստիտուտի «Էքոնոմիք ֆրիդըմ» ինդեքսով մենք աշխարհում 11-րդ տեղում ենք: «Կարծում եմ, որ մեր աշխատանքը պետք է չափենք գլխավոր թվերով: 2022 թվականին գրանցվել է 12.6 տոկոս տնտեսական աճ, որը վերջին 15 տարվա ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է»,- ասել է Վահան Քերոբյանը եւ հավելել, որ մենք այժմ ապրում ենք լավագույն տնտեսական տարիները: