Առաջարկվում է հարկային արտոնության տեսքով պետական աջակցության տրամադրումը երկարացնել եւս 1 տարով՝ մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: Այս մասին ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը՝ ներկայացնելով Կառավարության հեղինակած ««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
2015 թ. ուժի մեջ մտած օրենքով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ, մասնավորապես, շահութահարկի 0 տոկոս դրույքաչափի եւ եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառմամբ:
Նախարարությունը, հաշվի առնելով ոլորտի զարգացման գերակայությունները եւ տվյալ պահին ոլորտին պետական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, մշակելու եւ Կառավարության քննարկմանն է ներկայացնելու աջակցության նոր ծրագրեր:
Նախագիծը քննարկվել եւ ընդունվել է ԱԺ դեկտեմբերի 9-ի արտահերթ նիստում՝ առաջին ընթերցմամբ: