ՀՀ 2022 թ. պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների վերաբաշխումների անհրաժեշտությունը հաշվի առնելով՝ Կառավարությունն առաջարկում է օրենքով սահմանված 3 տոկոս սահմանաչափը դարձնել 5 տոկոս: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը՝ դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով ««ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ 2022 թ. պետբյուջեով այս տարվա ընթացքում կատարվել են շուրջ 140 մլրդ դրամ վերաբաշխումներ, որոնց համաձայն վերաբաշխումների բացառությունները կազմել են ավելի քան 77 մլրդ դրամ, որից՝ Կառավարության պահուստային ֆոնդից հատկացումները՝ 66 մլրդ դրամ, համավարակի եւ ռազմական նշանակության ծախսերին ուղղվել է համապատասխանաբար՝ 1.6 մլրդ դրամ եւ 9 մլրդ դրամ, գործուղումների եւ պատվիրակությունների ընդունելության գծով՝ 0.6 մլրդ դրամ: Արդյունքում վերաբաշխումները բացառումներից հետո կազմել են ավելի քան 62 մլրդ դրամ՝ հասնելով օրենքով սահմանված 3 տոկոս վերաբաշխումների շեմին:
Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ նաեւ հավելյալ վերաբաշխումներ են իրականացվել պաշտպանության, սոցիալական, գյուղատնտեսության, մշակույթի եւ այլ ոլորտներում, ինչպես նաեւ 5 մլրդ դրամ է հատկացվել Մանկական եվրատեսիլի կազմակերպման համար:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Գրիգորյանը, ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծը: