««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն:
Ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի` Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գործունեությունը համաձայն անցումային ժամանակացույցի: Նախարարության ենթակա մարմիններ են լինելու ՀՀ ոստիկանությունը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը:
Նշվել է, որ Ոստիկանության պետը եւ Փրկարար ծառայության տնօրենը հանդիսանալու են ՆԳ նախարարի տեղակալներ: Ենթակա 3 մարմինների ղեկավարները շարունակելու են իրականացնել իրենց ծառայությունների ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ քաղաքական պատասխանատուն լինելու է ՆԳ նախարարը:
Արփինե Սարգսյանը նշել է, որ ՆԳ նախարարության ենթակայությանն են հանձնվելու նաեւ «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» եւ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ները: Ենթակա մարմինների ղեկավարներին պաշտոնի նշանակելու եւ այդ պաշտոնից ազատելու է ՀՀ վարչապետը` Ներքին գործերի նախարարի առաջարկությամբ:
Կարեւորվել է ոստիկանական ոլորտում կրթական համակարգի բարեփոխումը:
Փոխնախարարի հավաստմամբ օրենսդրական նախաձեռնությունը ենթադրում է նաեւ ոստիկանության ոլորտի նկատմամբ խորհրդարանական եւ քաղաքացիական հասարակության վերահսկողություն, ինչն ընդունված է զարգացած ժողովրդավարական երկրներում:
Պատգամավորների հարցերը հիմնականում առնչվել են բնագավառում բարեփոխումների գործընթացին եւ առկա խնդիրների լուծմանը:
Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է Կառավարության եւ ոստիկանության բնագավառում բարեփոխումների ծրագրերով: Պատգամավորը գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:
Մտքերի փոխանակության ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ընդգծել են ՆԳՆ մարմինների եւ աշխատակիցների պատասխանատվության բարձրացման կարեւորությունը, շեշտադրել համակարգի բարեփոխումների շարունակականությունը:
Ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավորների` 2020 թ. սկսած ավելացել է մեր երկրում հանցագործությունների թիվը: Հիմնականում անդրադարձ են կատարել ընդդիմության հանրահավաքների ընթացքում իրավապահ մարմինների գործողություններին:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արտահերթ ելույթում ի պատասխան ընդդիմադիր պատգամավորների` հանցագործություն է համարել մարտի 1-ի եւ այլ դեպքերը, որոնք տեղի են ունեցել նախորդ իշխանությունների կառավարման շրջանում:
«Մեկուկես ամիս եւ ավելի դուք եւ ձեր գործընկերները փողոցներում էլ գրկեցիք, հարվածեցիք, հրեցիք, վիրավորեցիք ոստիկաններին, ինչ հնարավոր է արեցիք: Ամեն անգամ, երբ ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառվի, լինելու է համարժեք պատասխան, թող ոչ մեկը չկասկածի, որովհետեւ ի տարբերություն նախկին ոչ հաճելի երեւույթների` այսօր իշխանությունն ընտրված եւ օրինական իշխանություն է: Ես շնորհակալություն եմ հայտնում ոստիկանությանը բոլոր գործողությունների համար»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նշել է, որ բարեփոխումների նպատակը պետք է լինի արդյունավետ կառավարումը: Նա նույնպես շեշտադրել է ՆԳՆ-ի գործունեության նկատմամբ խորհրդարանական եւ քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը: Սեյրան Օհանյանը նաեւ ներկայացրել է բովանդակային առաջարկություններ, վիճահարույց համարել կոչումների շնորհման վերաբերյալ դրույթը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, անդրադառնալով նախագծի արդյունավետությանը, նշել է, որ ներդրվում է զսպումների եւ հակակշիռների մեխանիզմ: Նրա խոսքով՝ կա մի կարեւոր հանգամանք. նախկինում ՆԳՆ-ն գործել է նախագահական համակարգում, իսկ ստեղծվելիք Ներքին գործերի նախարարությունը կգործի խորհրդարանական կառավարման համակարգում, որտեղ զսպումների ու հակակշիռների մեխանիզմը նախարարության նկատմամբ այդ վերահսկողությունն իրականացնելու ավելի լայն հնարավորություններ է տալու, թույլ չի տալու, որ այն քաղաքականացվի: Ըստ նրա` ՆԳՆ-ն հիմնված է լինելու ժողովրդավարական արժեքների վրա:
Հայկ Կոնջորյանն ընդդիմադիր գործընկերներին համատեղ աշխատանքի կոչ է արել:
Օրենսդրական փաթեթը քննարկվել է դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ նիստում: