Առաջարկվում է բարձրացնել շինարարության թույլտվությունների տրամադրման համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափերը, սահմանել տուրք նաեւ շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, նշել է, որ մինչ այս պահը սահմանված է տեղական տուրք միայն շինարարության թույլտվությունների տրամադրման համար, իսկ ժամկետների երկարացման համար նման տեղական տուրք սահմանված չէ:
Միեւնույն ժամանակ, առաջարկվում է տեղական տուրքի դրույքաչափի բարձրացումն անհատական բնակելի տների մասով կիրառել միայն Երեւան քաղաքի վարչական տարածքում, իսկ սահմանամերձ բնակավայրերում առհասարակ այս բարձրացումները չկիրառել` կարեւորելով տարածքների համաչափ զարգացումը:
Արման Պողոսյանի խոսքով քննարկման ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը 2 հիմնական նպատակ է հետապնդում: Առաջին` ձեւավորել այնպիսի միջավայր, որտեղ կառուցապատողներն իրենց տրված շինարարական թույլտվությունների ժամկետների պահպանման նկատմամբ կդրսեւորեն ավելի պատասխանատու եւ կարգապահական վարքագիծ, իսկ չդրսեւորելու պարագայում ստիպված կլինեն վճարել լրացուցիչ տեղական տուրքեր այն համայնքներին, որոնք տվել են այդ թույլտվությունները: Երկրորդ` պետական եւ համայնքային նշանակության որոշ գույքային միավորների համար սահմանել անշարժ գույքի հարկի վճարման պարտավորություն, դրանք այն գույքային միավորներն են, որոնք ներկայումս, ըստ Արման Պողոսյանի, անարդարացիորեն չեն հարկվում:
Փոխնախարարի տեղեկացմամբ նախագծերով առաջարկվում է նաեւ անշարժ գույքի հարկով հարկել պետական եւ համայնքային սեփականության հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինությունները, պետական եւ համայնքային սեփականության հողամասերի ու շինությունների անհատույց մշտական օգտագործողներին, ինչպես նաեւ կառուցապատման, վարձակալության իրավունքով տրամադրված պետական եւ համայնքային սեփականության հողամասերի մշտական օգտագործողներին, ստորգետնյա եւ վերգետնյա շենքերի, շինությունների կամ կառույցների մասով: