Նախագծի նպատակն է ՀՀ համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների՝ սեւ եւ գունավոր մետաղների եւ դրանցից արտադրվող արտադրատեսակների համար ստեղծել արտաքին առեւտրի, առավել երկար արտադրական շղթաների, սեւ եւ գունավոր մետաղների վերամշակման խորացմանը նպաստող բարենպաստ պայմաններ: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 29-ի հերթական նիստում ասել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Զեկուցողի խոսքով ՀՀ կառավարության մի շարք որոշումներով արգելվել է սեւ եւ գունավոր մետաղների թափոնի արտահանումը, ինչը խթան է հանդիսացել տեղում սեւ ու գունավոր մետաղների ջարդոնը վերամշակելու համար:
«Հաշվի առնելով, որ «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածի 2-6-րդ մասերում ներառված ապրանքների համար նախատեսված պետական տուրքը վերադարձման ենթակա չէ, նախագծով առաջարկվում է նույն պահանջը սահմանել նաեւ առաջարկվող ապրանքների արտահանման համար»,- ասել է Նարեկ Տերյանը:
Փոխնախարարը կարեւոր է համարել այն փաստը, որ Կառավարության ձեռնարկած միջոցների արդյունքում 2022-2023 թվականներին կատարվել են ներդրումներ մետալուրգիական արդյունաբերության մեջ: Մասնավորապես, նշվել է, որ ընդլայնվում է Չարենցավանի »Ձուլակենտրոն» ընկերության արտադրանքի տեսականին, ավելացվում են «Ասկե գրուպ» ընկերության հզորությունները, կառուցվում է «Տաշիր գրուպ» ընկերության կողմից նոր մետալուրգիական եւ լարերի, իսկ օգտագործելով այդ լարերը՝ նաեւ տրանսֆորմատորների արտադրության գործարան: Նարեկ Տերյանը նշել է նաեւ, որ թվարկված ընկերությունները նախատեսում են ավելի խորացնել մետաղի մշակումը՝ ստացվող ձուլվածքներից արտադրելով երկաթյա պրոֆիլներ, որոնք ներկայում ամբողջությամբ ներմուծվում են: Ըստ Կառավարության կանխատեսումների՝ ընդհանուր ներդրումները կկազմեն մինչեւ 100 մլն դոլար, ինչի արդյունքում կստեղծվի 550-750 աշխատատեղ, մետաղների ջարդոնի սպառման տարեկան քանակը կկազմի 250 հազար տոննա:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը վերահաստատել է, որ նախագծի հիմնական նպատակն է ՀՀ տեղական ընկերություններին աշխատելու համար ապահովել հումքով, որը կերկարացնի արտադրական ժամանակաշրջանը: Հանձնաժողովի փոխնախագահը հիշեցրել է, որ նախագիծը քննարկվել է նաեւ տնտեսվարողների հետ:
«Քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ ընկերությունները, որոնք ներդրումային ծրագրեր ունեն ու ուզում են պատրաստի ապրանք թողարկել, նրանց համար «cashback»-ի նման մեխանիզմ կկիրառվի»,- ասել է Բաբկեն Թունյանն ու տեղեկացրել, որ մինչեւ նախագծի երկրորդ ընթերցումը պետք է հասկանալ, թե ինչպես պետք է հաշվվի պետական տուրքը:
Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել նախագծին: