National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.11.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
15.11.2006
Ավարտվեցին «2007 թ. պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկումները

Ազգային ժողովի նոյեմբերի 15-ի նիստում ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին «Գործատուների միությունների մասին»,  «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ու «Մի շարք օրենքներ եւ ՀՀ Գերագույն Խորհրդի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» օրինագծերը եւ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների մասին», «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթները: Պատգամավորները վավերացրին նաեւ «ՀՀ-ի եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի նախապատրաստման կանխավճար» Q 5380 նամակ-համաձայնագիր» պայմանագիրը: 67 կողմ, 3 ձեռնպահ եւ 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց հասարակական հնչեղություն ստացած «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին», «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը:

Այնուհետեւ շարունակվեց   «2007 թ. պետական բյուջեի մասին» օրինագծի վերաբերյալ մտքերի փոխանակությունը: Արամ Գասպարի Սարգսյանի համոզմամբ` ստվերային տնտեսության դեմ պայքարը կկրկնապատկի պետական բյուջեի եկամուտները: Հեղինե Բիշարյանի կարծիքով էլ երաժշտական դպրոցների, սպորտդպրոցների, մանկապարտեզների եւ միջին մասնագիտական հիմնարկների մանկավարժների աշխատավարձը առնվազն պետք է հավասարեցվի հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձին: Պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը գտնում է, որ բյուջեն պետք է վերացնի սոցիալական բեւեռացումը երկրում, մինչդեռ 2007 թ. պետական բյուջեում դրա խորացման միտում կա: Թաթուլ Մանասերյանն արձանագրեց, որ հանրապետությունում ստվերը կազմում է 90-95 տոկոս: Նրան հետաքրքրում էր, թե ինչպիսի՞ վերահսկող մեխանիզմներ են կիրառվում ստվերը կրճատելու համար:

Կառավարության անդամներին տրված ելույթի իրավունքով առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը ներկայացրեց ոլորտի համար նախատեսված ծախսային հոդվածները: Առողջապահության բնագավառի ծախսերը կազմում են 46639.6 մլն դրամ: Հիվանդանոցային բուժօգնության գծով նախատեսվում է 16848.9 մլն. դրամ: Հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող բուժհաստատություններում մեկ հիվանդի մեկ օրվա բուժման միջինացված արժեքը նախատեսվում է 10200 դրամ` 2006 թ. պետական բյուջեով հաստատված 9000 դրամի դիմաց կամ աճը կազմում է 13.3 տոկոս: Բժշկական անձնակազմի աշխատողների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը նախատեսվում է հասցնել մինչեւ 42.6 հազ. դրամի, իսկ միջին բուժանձնակազմի աշխատողների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը` մինչեւ 33.3 հազ. դրամի: Առաջնային բուժօգնության գծով 2007 թվականին նախատեսվում է 16766.3 մլն դրամ` 2006 թվականի պետական բյուջեով հաստատված 14344.6 մլն դրամի դիմաց:

«Ազգային միաբանություն» խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը: Նա բյուջեն գնահատում է երկրի առջեւ կանգնած մարտահրավերների դեմ պայքարի տեսանկյունից: Վերոնշյալ մարտահրավերներն են` ժողովրդագրության ասպարեզում ազգաբնակչության աճի տեմպերի անկումը, վերջին տարիներին ամուսնալուծությունների աճը, 2006 թ. ինը ամիսների ընթացքում արդյունաբերության, էներգետիկայի, արտահանման եւ բեռնափոխադրումների ծավալների կրճատումը, ԼՂ հիմնահարցի լուծման ձախողումը: Խմբակցության ղեկավարի համոզմամբ` հնացել են բյուջեի նախագծի կազմավորման սկզբունքները: Արտաշես Գեղամյանը գտնում է, որ ՀՆԱ-ում բյուջեի տեսակարար կշիռը դարձնելով 22-25 տոկոս` ստացված 150 մլրդ դրամ հավելավճարը կարելի է ուղղել նշված մարտահրավերների կանխմանը:

ՕԵԿ խմբակցության տեսակետն էլ բարձրաձայնեց խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը: Նա գտնում է, որ պետական բյուջեով երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար գումարներ պետք է հատկացնել: Տիկին Բիշարյանը կարեւորեց առաջնային բուժօգնությունըպետական պատվերի շրջանակներում իրականացնելը, բազային կենսթոշակների ավելացումը, բյուջեում ավանդների փոխհատուցմանը հատկացվող գումարի բարձրացումը եւ փոխհատուցման գործընթացի թափանցիկությունը:

«Գործարար» պատգամավորական խում բը ողջունում է «2007 թ. պետական բյուջեի մասին» օրինագիծը եւ պատրաստակամ է աջակցելու դրա կատարմանը: Խմբակցության քարտուղար Մեխակ Մխիթարյանի կարծիքով` բյուջեի նախագիծը քաղաքական փաստաթուղթ է: Պարոն Մխիթարյանը եկամուտների հավաքագրման հարցում բարձր գնահատեց մաքսային եւ հարկային մարմինների աշխատանքը:

ՀՅԴ խմբակցության տեսակետը բարձրաձայնեց խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը` փաստելով, որ ՀՀ կառավարությունը ներկայացրել է բյուջեի նախագիծ` հիմքում ունենալով միջնաժամկետ զարգացման, աղքատության հաղթահարման եւ հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրերը: Նա գտնում է, որ վաղ է հայտարարել, թե 2007-ի բյուջեն ապահովելու է սոցիալական պետության կայացումը: Ըստ պարոն Կարապետյանի` ի տարբերություն կենսաթոշակների ավելացման ողջունելի է ուսուցիչների, բժիշկների, քաղծառայողների, գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացումը: Նա գտնում է, որ ստվերային տնտեսության դեմ պայքարը արդյունավետ չէ. պայքարը պետք է ծավալել խոշոր հարկատուների շրջանում:

«Արդարություն» խմբակցության տեսակետը բյուջեի նախագծի վերաբերյալ բացասական էր, որը ներկայացրեց խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Նա նախագիծը որակեց գոյատեւման եւ սպառողական բյուջե: Կարեւորելով կոռուպցիայի դեմ պայքարը` պարոն Հարությունյանը հիշեցրեց, որ միջազգային կազմակերպությունների տվյալներով Հայաստանը դասվում է ամենակոռումպացված երկրների շարքում: Խմբակցության քարտուղարը փաստեց, որ դոլար-դրամ տատանումները բացասաբար են անդրադառնում տեղական արտահանողի վրա: Նա կարեւորեց ապահովագրական ինստիտուտի կայացումը եւ հասարակության կոնսոլիդացումը:

«Ժողպատգամավոր» խմբի տեսակետն էլ ներկայացրեց Մկրտիչ Մինասյանը` տեղեկացնելով, որ 2007 թ. պետական բյուջեի մակրոտնտեսական վերլուծությամբ եկամուտների եւ ծախսերի գծով համաչափ զարգացում է արձանագրվել: Բյուջեն, ըստ պարոն Մկրտչյանի, իրատեսական է եւ սոցիալական ուղղվածություն ունի: Նշվեց, որ «Ժողպատգամավոր» խումբը բարձր է գնահատում համայնքային բյուջեների ավելացման միտումը` կարեւորելով մարզերում փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը: Տեղեկացվեց, որ խումբը կողմ է քվեարկելու նախագծին:

ՀՀԿ խմբակցության տեսակետը բյուջեի նախագծի վերաբերյալ դրական էր. այս մասին տեղեկացրեց խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ բյուջեի նախագծով գումարներ են հատկացվել աղետի գոտու վերականգ նման համար: Պարոն Սահակյանը խոսեց բյուջեի սոցիալական ուղղվածությունից:

Եզրափակիչ ելույթում ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, անդրադառնալովկառավարության վեց տարիների աշխատանքին, տեղեկացրեց, որ այդ ընթացքում բյուջեն ապահովել է ցածր սղաճ եւ երկնիշ տնտեսական աճ: Նախարարի գնահատմամբ` նման տնտեսական աճով մի քանի տարի անց Հայաստանը կդասվի միջին զարգացած եվրոպական երկրների շարքում:

Պատգամավորները քննարկեցին նաեւ «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի ստեղծման մասին» պայմանագիրը եւ երկրորդ ընթերցման ընթացակարգով` «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող ՀՀ օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» օրենքի նախագիծը:

Ըստ ԱԺ կանոնակարգի` վերջին նիստը նվիրված էր պատգամավորներ-կառավարություն հարցուպատասխանին:

Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի նոյեմբերի 16-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am