National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.10.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
22.10.2013
Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 9

Հոկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերն ու վավերացնելով 2008 թվականի նոյեմբերի 14-ին Քիշնեւում ստորագրված «Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի անօրինական պատրաստման եւ շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը՝ կից վերապահումով:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով պատգամավորները ողջունեցին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարանում հյուրընկալված եւ ԱԺ նիստին հետեւող «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաներին:

Այնուհետեւ ԱԺ-ն շարունակեց նախորդ օրն ընդհատված հարցի՝ «Զբաղվածության մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը: Գլխադասային՝ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը քննարկվող փաթեթի վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Նա տեղեկացրեց, որ հանրապետությունում գրանցված գործազուրկների թիվն այսօր 70 հազար է, մոտ 200 հազարի է հասնում չգրանցված գործազուրկների թիվը: Ըստ նրա, կառավարության ներկայացրած օրինագծերի փաթեթն ուղղված է փոփոխություններ իրականացնելու զբաղվածության ոլորտում եւ գործազուրկների համար ստեղծելու իրական աշխատատեղեր: Նա նկատեց, որ գործազրկության նպաստներն առաջիկայում ուղղվելու են հենց այդ նպատակին: Այն ընտանիքները, որոնք կհամապատասխանեն անապահովության սահմանված աստիճանին, կօգտվեն սոցիալական աջակցության ծրագրից եւ որոշակի ժամանակահատված կստանան 36000 դրամ ընտանեկան նպաստ: Հանձնաժողովի նախագահը հույս ունի, որ օրենքի ընդունումը հանգեցնելու է գործազրկության չափերի իրական նվազեցման:

Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները բարձրաձայնեցին իրենց դիրքորոշումներն ու կարծիքները փաթեթի եւ գործազրկության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ:

Վահրամ Բաղդասարյանը կարեւորեց միջին մասնագիտական կրթության ոլորտի զարգացումը, ինչը, ըստ նրա, կնպաստի գործազրկության չափերի նվազեցմանը: Նրա կարծիքով, գործազրկության նվազեցման համար անհրաժեշտ է ունենալ արդյունաբերության զարգացման ծրագիր եւ կատարել աշխատաշուկայում պահանջված մասնագիտության ընտրություն: Մհեր Շահգելդյանը, ողջունելով ներկայացված օրենսդրական փաթեթը, այնուամենայնիվ նկատեց, որ այն լրամշակման կարիք ունի. անհրաժեշտ է հստակեցնել հաշմանդամություն ունեցող անձանց համար սահմանված քվոտաների, իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ հոդվածները: Սուքիաս Ավետիսյանը եւս անհրաժեշտ համարեց մասնագիտության ճիշտ ընտրությունը, աշխատաշուկայի առաջարկ-պահանջարկին ուշադրություն դարձնելը: Նա կարեւորեց մարզերում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահովելու հարցը : Արծվիկ Մինասյանի կարծիքով, ներկայացված փաթեթով հնարավոր չէ առաջընթաց ապահովել զբաղվածության ոլորտում, քանի որ «Զբաղվածության մասին» օրենքի նախագծի բազմաթիվ հոդվածներ հռչակագրային բնույթի են: Նա դեմ արտահայտվեց գործազրկության համար տրվող նպաստի վերացման դրույթին: Չկիսելով գործընկերոջ բացասական դիրքորոշումն ու հոռետեսական կանխատեսումները, Մարգարիտ Եսայանն անհրաժեշտ համարեց «ժողովրդի միջից հանել նպաստ ստանալու հոգեբանությունը» եւ աշխատանքով արժանապատիվ ապրելու հոգեբանության ներարկումը: Պատգամավորի կարծիքով, փաթեթը լրամշակման եւ հստակեցման կարիք ունի: Հովհաննես Մարգարյանն անհրաժեշտ համարելով «Զբաղվածության մասին օրենքի նախագծի ընդունումը, ներկայացրեց իր դիտողություններն ու առաջարկները: Ըստ նրա, անհրաժեշտ է խրախուսել այն կազմակերպություններին, որոնք աշխատանքի կընդունեն հաշմանդամություն ունեցող անձանց, այլ ոչ թե պարտադիր քվոտաներ սահմանել նրանց համար: Էդմոն Մարուքյանը, բարձր գնահատելով փաթեթում ամրագրված գաղափարները, անհստակ գնահատեց նախատեսված ծրագրերն ու դրանց իրականացման մեխանիզմները: Ռուբիկ Հակոբյանը օրինագծերի փաթեթը համարեց դժվար կենսագործելի «ցանկությունների ժողովածու», որն ի զորու չէ լուծելու ոլորտում առկա խնդիրները: Պատգամավորը, ինչպես եւ նրա գործընկերներից շատերը, ներկայացրեց առաջարկներ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության բացասական դիրքորոշումը օրինագծերի վերաբերյալ ներկայացրեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա, չհամաձայնելով գործընկերների հնչեցրած որոշ մտքերի հետ, որոնք վերաբերում էին գործազրկության համար տրվող նպաստներին եւ դրանց հետեւանքներին, տեսակետ հայտնեց, ըստ որի, մեր երկրում գործազրկության թիվ մեկ խնդիրն աշխատատեղեր չլինելն է, եւ ոչ թե մասնագետների բացակայությունը: Նրա կարծիքով՝ ներկայացված փաթեթը չի կարող դրական ազդեցություն ունենալ ոլորտում եւ նվազեցնել գործազրկության չափերը:

Եզրափակիչ ելույթներում հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը եւ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն անդրադարձան ելույթներում հնչած տեսակետներին եւ տվեցին պարզաբանումներ:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը օրենսդիրների քննարկմանն առաջարկեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:

Օրենսդրական փաթեթի ընդունմամբ նախատեսվում է պետական պաշտոնյաների եւ ծառայողների համար ներդնել աշխատավարձերի միասնական սանդղակներ եւ, միեւնույն ժամանակ, համադրելի դարձնել տարբեր համակարգերում աշխատողների աշխատավարձի չափերը՝ աստիճանաբար վերացնելով դրանց միջեւ տարիների ընթացքում առաջացած չհիմնավորված անհամամասնությունները: Այդ ճշգրտման ընթացքում նախատեսվում է պահպանել գործող աշխատավարձերը. եթե աշխատողի՝ նոր համակարգով հաշվարկված պաշտոնային դրույքաչափը ցածր լինի գործող պաշտոնային դրույքաչափից, ապա պահպանվելու է գործող դրույքաչափը: Նախատեսվում է, որ այս մեխանիզմով 5 տարվա ընթացքում միասնական համակարգը կսկսի լիարժեք գործել, կվերանան առկա բոլոր տարբերությունները՝ նվազագույն աշխատավարձի աճին զուգընթաց փոփոխվող սանդղակի աճերով: Նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման աճին զուգընթաց, կբարձրանան նաեւ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձերը:

Աշխատավարձի բարձրացումից բացի՝ պետության կողմից տրամադրվող սոցիալական փաթեթը նախատեսվում է տրամադրել նաեւ պետական պաշտոն զբաղեցնող բոլոր անձանց:

Հիմնական զեկուցողին ուղղվեցին հարցեր, որոնք վերաբերում էին նվազագույն աշխատավարձի բարձրացման քաղաքականությանը, մասնավոր եւ պետական ոլորտի աշխատողների աշխատավարձերի դրույքաչափերի տարբերություններին, բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող քաղաքական, հայեցողական եւ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցներին եւ այլն:

Փաթեթի քննարկումը կշարունակվի ԱԺ հոկտեմբերի 23-ի նիստում:

Վերջին նիստի մեկ ժամը ԱԺ Կանոնակարգի համաձայն տրամադրվեց պատգամավորների հայտարարություններին:


22.10.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Լատվիայի խորհրդարանական պատվիրակությանը
Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Լատվիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահներ Անդրեյ Կլեմենտեւին, Ինեսե Լիբինա-Էգներեին եւ պատգամավոր Դանա Ռեյզնիեցե-Օզոլային: Ողջունելով Լատվիայի խորհրդարանական պատվիրակությանը եւ բարձր գնահատելով հայ-լատվիական հարաբերությունների բարձր մ...

22.10.2013
Բաց դաս` Ազգային ժողովում
Հոկտեմբերի 22-ին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան էին այցելել «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները: Նրանք նախ ներկա գտնվեցին Ազգային Ժողովի նիստին, ապա հանդիպում ունեցան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Ողջունելով կրթահամալիրի սաներին Ազգային ժողովում՝ խորհրդարանի ղեկավարը ներկայացրեց օրենսդ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am