National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.10.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
04.10.2012
Խորհրդարանն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 7

Հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Ազգային ժողովի պատգամավորները քննարկեցին նախորդ  օրն ընդհատված Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարման  մասին տարեկան հաշվետվությունը:

Հարակից ելույթով հանդես եկավ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

 Նրա խոսքով ` 2011 թվականին ` հետճգնաժամային երկրորդ տարում, շարունակվեց տնտեսության վերականգնման գործընթացը, որն էլ արձանագրեց էական բարելավումներ: Ակնառու են  արդյունաբերության 15,9 %, գյուղատնտեսության 13,7%, ծառայությունների  3,7%  աճերը: Շինարարության ոլորտի անկումը հաշվետու տարում  կազմել է 12,3 %: ՀՀ 2011 թվականի պետական բյուջեն եկամուտների մասով կազմել է 880, 9 մլրդ դրամ, ծախսերի մասով` 986, 59 մլրդ դրամ, իսկ պակասուրդ եղել է 105,7 մլրդ դրամ: Հարկային եկամուտների կազմում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որի արդյունքում ուղղակի հարկերի տեսակարար կշիռն ավելացել է:

Գագիկ Մինասյանի խոսքով` 2011-ին պահպանվեցին եւ զարգացան 2010-ի դրական միտումներն ու ձեռքբերումները: Բարձրացավ մակրոտնտեսական կայունության մակարդակը, խորացավ տնտեսության դիվերսիֆիկացիայի աստիճանը, ապահովվեցին տնտեսական աճի եւ գնաճի սահմանված ցուցանիշները:2011-ի պետական բյուջեն ապահովեց պետության հիմնական գործառույթների իրականացումը:

Հարակից զեկույցով հանդես եկավ նաեւ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնածողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նա առաջարկեց նախատեսել պահանջ, ըստ որի` բյուջեի կատարման  հաշվետվության ժամանակ հանձնաժողովների նիստերին մասնակցեն նաեւ Վերահսկիչ պալատի ներկայացուցիչները: Եվ քանի որ կառվարությունը բյուջեի վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակը մեկ ներկայացնում է ընթացիկ հաշվետվություն, օրենքով ամրագրել, որ Ազգային ժողովը կազմակերպի ընթացիկ քննարկում:

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրեց Աղվան Վարդանյանը: Խմբակցության քարտուղարն առաջարկում է բյուջեի կատարման հաշվետվության քննակման նոր մոտեցումներ որդեգրել, որպեսզի հասարակության համար առավել ընկալելի լինեն բյուջետային ցուցանիշները եւ հասարակությունը կարողանա գնահատել կառավարության գործունեությունը:

ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Ընդդիմադիր պատգամավորը քննադատեց կառավարության 2011-ի գործունեությունը` նշելով, որ այդ տարի միջին աշխատավարձն աճել է 5.9%-ով, մինչդեռ գներն աճել են 7.7%-ով, ուստի քաղաքացիները 1.8%-ով  ավելի վատ են ապրել:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը 2011 թվականը  ընդհանուր առմամբ գնահատեց որպես տնտեսության համար հաջողված տարի: Նախարարի խոսքով` 2011-ին տնտեսությունը դարձել է ավելի տրամաբանական եւ բալանսավորված: Տեղի են ունեցել ծավալային եւ կառուցվածքային փոփոխություններ, աճել է արտահանման ծավալը:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի խոսքով` ԱՊՀ շրջանակում միակ ընդլայնողական քաղաքականություն վարող երկիրը եղել է Հայաստանը: Չնայած 2011-ը գնաճային էր, կային բացթողումներ ու թերություններ, այնուհանդերձ բոլոր ծրագրերն իրականացվել են:

 Խորհրդարանը 70 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց  2011 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց նաեւ 2011 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին արձանագրությունը:

Այնուհետեւ խորհրդարանը քննարկեց  ՀՀ կառավարության  ներկայացրած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախագծով սահմանվում է պետական տուրքի  արտոնություն  ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնց մշտական բնակության վայրում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: Նախագծի ընդունումը նպատակ ունի կարգավորել Հայաստանի Հանրապետությունում մուտքի արտոնագրի ժամկետը երկարաձգելու կամ կացության կարգավիճակ ստանալու համար սահմանված պետական գույքի գանձումից ազատելու խնդիրը: Նախարարը նշեց, որ սիրիահայերի խնդիրները նախագահի ուշադրության կենտրոնում են, եւ կառավարության առաջարկը պայմանավորված է Հանրապետության նախագահի հստակ հանձնարարականով:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Բաբուխանյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի եզրակացությունը օրինագծի վերաբերյալ դրական է:

 Օրինագծի վերաբերյալ իրենց դրական դիրքորոշումը ներկայացրին ԱԺ նախագահի տեղակալ  Էդուարդ Շարմազանովը եւ պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Նշելով այս դժվարին իրավիճակում օրինագծի կարեւորությունը մեր սիրիահայ հայրենակիցների համար` պատգամավորները նաեւ տեղեկացրին, որ ԱԺ  «ՀՀԿ» եւ «Օրինաց երկիր» խմբակցութունների  անդամներն  իրենց ֆինանսական օժանդակությունն են ցուցաբերում  սիրիահայերի աջակցման նպատակով ստեղծված ֆոնդին:

  ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը պատգամավորների քննարկմանն առաջարկեց ՀՀ նախագահի ներկայացրած 2011 թվականի սեպտեմբերի 3-ին Դուշանբեում ստորագրված «Օդանավի զավթման /առեւանգման/  մասին տեղեկություն ստանալու դեպքում ԱՊՀ  մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության ուժերի հերթապահների գործողությունների կազմակերպման մասին» համաձայնագիրը, որը նպատակ ունի  օդանավի զավթման դեպքում սահմանել հակաօդային պաշտպանության  ուժերի համագործակցության  ձեւերը:

 Համաձայնագրի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

  Խորհրդարանը քննարկեց նաեւ ՀՀ նախագահի ներկայացրած 2011 թվականի սեպտեմբերի 3-ին Դուշանբեում ստորագրված «1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում ԱՊՀ մասնակից պետությունների ժողովուրդների արիության եւ հերոսության հիշատակը հավերժացնելու մասին» համաձայնագիրը, որը, ինչպես արտահայտվեց հիմնական զեկուցող Արա Նազարյանը, հետապնդում է մարդասիրական նպատակներ եւ ուղղված  է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակի հավերժացման համար իրականացվող համատեղ միջոցառումների  աջակցմանը:  Այս համաձայնագրի վերաբերյալ եւս ԱԺ գլխադասային` արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր: Այն ներկայացրեց հանձնաժողովի անդամ Սամվել Ֆարմանյանը:

 ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց  «ՀԵռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2011 թվականի գործունեության մասին» հաղորդումը: Գրիգոր Ամալյանն տեղեկացրեց, որ հաշվետու տարում հանրապետությունում  գործել է 94  հեռուստաընկերություն եւ 20 ռադիոընկերություն: Հանձնաժողովն իր վերահսկողական գործառույթն իրականացնելու նպատակով կատարել է հանրապետական եւ մայրաքաղաքային սփռում իրականացնող հեռուստառադիոընկերությունների ծրագրերի 2040 եւ տարածքային սփռում իրականացնող հեռուստառադիոընկերությունների  ծրագրերի 1233 օրերի ուղղակի դիտարկումներ: Հանձնաժողովը «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի դրույթները խախտելու համար  նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով տուգանել է  «Արմենիա Թի-Վի» հեռուստաընկերությանը:

 ՀՀ քաղաքացիներից եւ կազմակերպություններից ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն ստացել եւ ուսումնասիրել է 31 դիմում-բողոք, որոնք վերաբերել են հեռուստառադիոընկերությունների հաղորդումների անորակ լինելուն, լեզվի անաղարտության խնդրին, անբարեխիղճ գովազդ հեռարձակելուն եւ այլն:  Մեկ բողոք վիճարկվել է դատական կարգով:

 Ի պատասխան պատգամավորների հարցադրումներին` Գրիգոր Ամալյանը տեղեկացրեց, որ գովազդի տեւողությունը չպետք է գերազանցի օրենքով նախատեսված 14 րոպեն, այնինչ, բացի գովազդից, կան նաեւ այլ տիպի ընդհատումներ, որոնց ժամանակը սահմանելու համար անհրաժեշտ է օրենքում համապատասխան փոփոխություն կատարել:

Գլխադասային` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ հարցը քննարկվել է հանձնաժողովում եւ ընդունվել է ի գիտություն:

Քննարկվող հարցի եւ հեռուստաեթերում տիրող իրավիճակի մասին տեղի ունեցավ նաեւ մտքերի փոխանակություն: Ելույթ ունեցող պատգամավորները հիմնականում մտահոգություն հայտնեցին կուսակցական հեռուստաալիքների գոյության, հեռուստահաղորդումների բովանդակային ու տեխնիկական թերությունների, հեռուստահաղորդումների ընտրության չափանիշների, եթերը հեղեղած անբովանդակ հեռուստասերիալների, մայրենի լեզվի աղավաղումների համար:

Հանրային հեռուստառադիոընկերության 2010 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը ներկայացրեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Նա անդրադարձավ 2010 թվականին հանրային հեռուստաընկերության կազմում ընդգրկված  Հ1, Արարատ եւ արբանյակային ալիքների, ինչպես նաեւ ռադիոընկերության տեխնիկական եւ ծրագրային բարեփոխումներին` տեղեկացնելով, որ Հանրային հեռուստառադիոընկերությունն առաջատար դիրքերում է եղել եւ ապահովել միջինացված ամենամեծ լսարանը:

Հարցի քննարկումն ընդհատվեց քառօրյա նիստերի` ԱԺ կանոնակարգով  նախատեսված ժամանակն սպառվելու պատճառով: Հանրային հեռուստառադիոընկերության 2010 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդման քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի հաջորդ քառօրյայում:


04.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգեւատրեց մանկավարժների
Ուսուցչի օրվա առթիվ կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար, ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ, հանրապետության դպրոցների մի խումբ ուսուցիչներ եւ ոլորտի առաջատար մասնագետներ արժանացել են Ազգային ժողովի պատվո մեդալների, ԱԺ պատվոգրերի ու Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրերի: Հոկտեմբերի 4-ին պարգե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am