Նոյեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամներին` պատվիրակության ղեկավար, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորությամբ, ովքեր Հայաստանում են ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 12-րդ նիստին մասնակցելու նպատակով:
ԱԺ նախագահը ողջունեց ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի անցկացումը Երեւանում եւ կարեւորեց Հայաստան -Եվրամիություն համագործակցությունը, որը վերջին տարիներին տարբեր ձեւաչափերով զգալիորեն ակտիվացել է: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ եվրաինտեգրումը Հայաստանի համար գերակա ուղղություններից է:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Միլան Ցաբրնոխը նշեց, որ իրենք առաջին անգամ են Երեւանում եւ հույս հայտնեց, որ կրկին կայցելեն Հայաստան: Նա ներկայացրեց ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 12-րդ նիստին քննարկվելիք հարցերի շրջանակը:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ ԼՂ հիմնախնդրին,առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ այլ հարցերի: Աժ նախագահը նշեց, որ Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է խաղաղ բանակցությունների միջոցով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ընդունվել է եվրոպական մի շարք կառույցների հավանությանն արժանացած եւ եվրոպական չափանիշներին համապատասխանող նոր Ընտրական օրենսգիրք, իշխանություններն ունեն անհրաժեշտ քաղաքական կամք եւ ամեն ինչ անելու են, որ 2012թ. մայիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններն անցնեն ազատ, արդար եւ թափանցիկ: