National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.6.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
07.06.2010
Ազգային ժողովն սկսեց գարնանային նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 7

Հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում սկսեց գարնանային նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի աշխատանքը:

ԱԺ պատգամավորները Ազգային ժողովի չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ քառօրյա նիստերի օրակարգի մասին ԱԺ որոշումները հաստատելուց հետո քվեարկությամբ ընդունեցին նախորդ նիստում քննարկված երկու օրինագծեր եւ վավերացրին երեք միջազգային պայմանագրեր:

Ազգային ժողովը ավարտեց նախորդ նիստում ընդհատված 2009 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը:

ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի վերաբերյալ ՀՀ Նախագահի առարկությունը եւ առաջարկությունը ներկայացրեց Ազգային ժողովում ՀՀ Նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսաղուլյանը:

Պարոն Իսաղուլյանը տեղեկացրեց, որ առաջարկությունը վերաբերում է օրենքի 1-ին հոդվածի «78-րդ հոդվածի 5-րդ կետը» բառերը հանելուն:

Գլխադասային` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հանձնաժողովի դրական տեսակետը ՀՀ Նախագահի առարկության վերաբերյալ պայմանավորեց այն հանգամանքով, որ ՀՀ նախագահը իրավունք ունի երկրորդ անգամ  առաջադրելու իր թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնի համար, եւ քանի որ նա օժտված է անձեռնմխելիությամբ, կարող է անհավասար վիճակ ստեղծվել նրա եւ ՀՀ նախագահի մյուս թեկնածուների միջեւ, ուստի գործող Նախագահն առաջարկում է անձեռնմխելիություն տալ  ՀՀ նախագահի թեկնածուներին:

Ազգային ժողովը քննարկեց նաեւ 2010 թվականի մայիսի 27-ին Երեւանում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Լինսի» հիմնադրամի միջեւ վերաձեւակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագիրը, որը ներկայացրեց ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

Բանախոսի գնահատմամբ` Հուշագրի նպատակն է Հայաստանում լրացուցիչ ծրագիր իրականացնելը, որն ուղղված է Հայաստանի ժողովրդի բարեկեցության ապահովմանը` կրթական հաստատությունների բարենորոգման եւ վերակառուցման միջոցով: Հուշագրի շրջանակներում հնարավոր կլինի իրականացնել նախագծման, վերանորոգման, վերակառուցման կամ կառուցման աշխատանքներ ՀՀ Լոռու եւ Շիրակի մարզերում գտնվող որոշ դպրոցներում, որոնք կհամալրվեն նաեւ անհրաժեշտ նոր գույքով` հուշագրով նախատեսված 12 մլն ԱՄՆ դոլար գումարի սահմաններում: Վերաձեւակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրի ամփոփման ժամկետ է նշանակված 2013 թ. փետրվարի 28-ը:

«Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական  կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»   օրինագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Բանախոսը նշեց, որ ՀՀ երկքաղաքացին ունի ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները եւ կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը` բացառությամբ միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի: Հետեւաբար, ՀՀ երկքաղաքացին նույն ՀՀ քաղաքացին է եւ օգտվում է կրթության  հավասար իրավունքից:

Գործող օրենսդրությամբ  երկքաղաքացիները  ՀՀ նախնական  (արհեստագործական), միջին եւ  բարձրագույն ուսումնական հաստատություններ են ընդունվելու ՀՀ քաղաքացիների համար սահմանված կանոններով: Սակայն երկքաղաքացիների պարագայում առաջանում են բազմաթիվ, մասնավորապես  հայերենի տիրապետման խնդիրներ: Օրենքների նախագծերով առաջարկվում է հնարավորություն տալ երկքաղաքացիներին քննություններին մասնակցել  նաեւ օտարերկրա քաղաքացիների համար սահմանված կարգով:

Ազգային ժողովը քննարկեց 2010 թվականի մարտի 16-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2009-2010 թվականների ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:

Համաձայնագրով նախատեսվում է սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով ֆինանսական եւ վարկային աջակցություն ցուցաբերել բնապահպանության, տնտեսության, էներգետիկայի եւ ժողովրդավարության ոլորտներին: Պարոն Արամյանը տեղեկացրեց, որ համաձայնագիրը շրջանակային է, եւ յուրաքանչյուր ոլորտի ամեն մի ծրագրի համար կնքվելու է առանձին համաձայնագիր:

Համաձայնագրով նախատեսված գումարները ուղղվելու են մասնավորապես հետեւյալ ծրագրերի իրագործմանը` «Բնապահպանական ծրագիր. արգելոցների աջակցության բաղադրիչ»` ֆինանսական աջակցություն 4 մլն եվրո, «Էներգետիկայի ծրագիր. վերականգնվող էներգետիկայի վարկավորման բաղադրիչ»` մինչեւ 18 մլն եվրո, ինչպես նաեւ 1,5 մլն եվրո գումարի չափով ֆինանսական օժանդակություն վերոհիշյալ ծրագրի հարակից միջոցառումների անցկացման եւ համակարգման նպատակով, «Ժողովրդավարության, համայնքային զարգացման, իրավական պետության ծրագիր. համայնքային ենթակառուցվածքների բաղադրիչ»` մինչեւ 40 մլն եվրո, «Էներգետիկայի ծրագիր. հիդրոէլեկտրակայանների Որոտան կասկադ բաղադրիչ»` մինչեւ 22 մլն եվրո: Համաձայնագրով նախատեսվում է նաեւ համատեղ, փոխադարձ համաձայնությամբ ընտրվող հասցեատեր, որին հնարավորություն կտրվի ստանալու վարկային գումարներ Վերականգնման վարկերի բանկից:

«Անկախ պետությունների համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի գործունեության եւ անձնակազմի ֆինանսական, տեխնիկական եւ թիկունքային ապահովման կարգի մասին» համաձայնագրի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի` հունիսի 8-ի նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am