National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.12.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
26.12.2008
Ավարտվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը

Դեկտեմբերի 26-ին ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքները սկսելով` պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Եւեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենսդրական փաթեթները:

Այնուհետեւ շարունակվեց նախորդ օրն ընդհատված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ ելույթ ունեցան ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանը եւ Արծվիկ Մինասյանը: Նրանք անդրադարձան ձեռնարկատիրական գործունեության սահմանման, համատեղ գործունեության պայմանագրի առանձնահատկություններին, ձեռնարկատիրական գործունեության փլիլիսոփայությանը, գյուղացիական տնտեսությունների միավորմանը, Հայաստանում կոոպերացիայի ամբողջական մեխանիզմի ներդրմանը:

«Ժառանգության» տեսակետը ներկայացնելով` Լարիսա Ալավերդյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում օրինագիծը բարեփոխվել է, վտանգավոր կետերը հանվել են, հաշվի են առնվել պատգամավորների առաջարկները: Ըստ նրա` անհրաժեշտ է ընդունել տարընթերցումների հնարավորություն չընձեռող օրենք: Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է մինչ օրինագիծն ուժի մեջ մտնելը քաղաքացիներին ծանոթացնել նախագծի դրույթներին եւ առանձնահատկություններին: «Ժառանգությունը» ձեռնպահ է քվեարկելու օրինագծին:
 
ՀՀԿ տեսակետը ներկայացրեց խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը: Նա ընդգծեց, որ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է եւ տնտեսական գործունեության ազատությունը, եւ ձեռնարկատիրական գործունեության ազատությունը: Ըստ նրա` նախագծով կառավարությունը արտոնություններ է սահմանում տնտեսական գործունեության համար: Նա տեղեկացրեց, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու նախագծի ընդունմանը:

Եզրափակիչ ելույթում արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն անդրադարձավ պատգամավորների հարցադրումներին եւ առաջարկներին` հավաստելով, որ նախագիծը ոչ թե քաղաքացիների իրավունքները սահմանափակող, այլ իրավունքներ վերապահող օրինագիծ է:
 
Երկրորդ ընթերցման ընթացակարգով օրենսդիրը քննարկեց «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության նախագիծը: Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը տեղեկացրեց, որ պատգամավորների առաջարկների հիման վրա նախագիծը հստակեցվել է: Նշվեց, որ չեն ընդունվել պատգամավորների` ԱԺ-ին հանրաքվե անցկացնելու իրավունք վերապահելուն միտված առաջարկները. պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունի կառավարությունը` ՀՀ նախագահի հետ համաձայեցնելով:

Հարցի առնչությամբ ելույթ ունեցող պատգամավորների կարծիքով` օրինագծով նախատեսվող փոփոխությունները հակասում են ՀՀ Սահմանադրությանը: Ստյոպա Սաֆարյանը գտնում է, որ նախագծում սահմանված չեն պետական կյանքի կարեւորագույն հարցերը, ինչը հնարավորություն կընձեռի վարչապետին ցանկացած հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնել եւ զգալի գումարներ ծախսել: Նա կոչ արեց քաղաքական եւ իրավական նկատառումներով դեմ քվեարկել նախագծին: Լիլիթ Գալստյանը նշեց, որ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է իրավական հետեւանք ունեցող հանրաքվեների անցկացում, մինչդեռ պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ անցկացվող հանրաքվեն իրավական հետեւանք չունի: Նա առաջարկեց տարընթերցումներից խուսափելու համար օրինագծի վերնագրում ավելացնել «հասարակական կարծիքի ուսումնասիրության մասին» արտահայտությունը: Արմեն Մարտիրոսյանը, մեջբերելով հանրաքվեին վերաբերող ՀՀ Սահմանադրության դրույթները, փաստեց, որ հանրաքվե անցկացնելու հարցում սահմանափակված են կառավարության լիազորությունները: Նա եւս դեմ է նախագծի ընդունմանը: Լարիսա Ալավերդյանն առաջարկում է նոր օրենք, որով խորհրդարանը կառավարությանը հնարավորություն կտա անցկացնել կամընտիր հանրաքվեներ` հասարակական կարծիքի վերհանման համար:

«Ժառանգության» տեսակետը ներկայացնող Ստյոպա Սաֆարյանը գտնում է, որ անհրաժեշտ է հստակեցնել օրինագծով նախատեսվող ընթացակարգերը, ձեւակերպումների բնույթը, այլապես անընդունելի կլինի օրինագծի ընդունումը: «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու նախագծին:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Համահայկական բանկի մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ oրենքում լրացում կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում պատգամավորների առաջարկների հիման վրա օրինագծում ամրագրվել է, որ Համահայկական բանկը բաժնետիրական ընկերություն է, հանվել է 7-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը, հստակեցվել է հիմնադրամների կազմում ՀՀ-ի մասնակցության կարգը:
 
«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ պատգամավորների հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրեց համահեղինակ Արա Նռանյանը: Օրինագծի երրորդ հոդվածը քննարկվեց առաջին ընթերցմամբ: Տեղեկացվեց, որ ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի առաջարկով` գինենյութից ստացված կոնյակի սպիրտը ազատվել է ակցիզային հարկից: Ըստ Արա Նռանյանի` դա կխթանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը գյուղերում: Նրա գնահատմամբ` նախագիծն ունի տեղական արտադրողին օրենսդրորեն պաշտպանելու, տեղական արտադրության ծավալները մեծացնելու նպատակ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Ալեքսան Պետրոսյանը: Կառավարության եզրակացությունը ներկայացնելով` ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանն իրազեկեց, որ կառավարությունն առաջարկում է ներմուծողների եւ արտադրողների ակցիզային դրույքաչափերի կտրուկ փոփոխություններ չկիրառել:

Հարցի կապակցությամբ ելույթ ունենալով` ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանն ընդգծեց, որ չի կարող էթիլային սպիրտի համար դրույքաչափը ավելի փոքր լինել, քան օղու արտադրության համար: Արծվիկ Մինասյանը, ողջունելով նախագծի ընդունումը, տեղեկացրեց, որ կողմ է քվեարկելու օրինագծին: Նա կարեւորեց ակցիզային հարկով պաշտպանիչ գործողությունների իրականացումը` հավելելով, որ նման քաղաքականություն պետք է վարել նաեւ տեղական արտադրության այլ ապրանքատեսակների գծով: Կարեն Ճշմարիտյանը ճիշտ չի համարում այլ ապրանքատեսակների համար եւս ակցիզային հարկի կիրառումը, որը, ըստ նրա, հակասում է կառավարության վարած տնտեսական քաղաքականությանը: Պարոն Ճշմարիտյանի համոզմամբ` տեղական արտադրությունը կարելի է խթանել գյուղատնտեսության ոլորտի բարեփոխումներով, ոլորտում սուբսիդիաների ավելացմամբ: Վարդան Բոստանջյանը, կարեւորելով օրինագծի ընդունումը, նշեց, որ նպատակն աջակցելն է տեղական արտադրողին ու տեղական արտադրությունը խթանելը:

Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը եւս կարեւորեց օրինագծի ընդունումը: Ըստ նրա` կարող է վտանգվել ծանր իրավիճակում գտնվող տեղական արտադրությունը: Նա խոսեց տեղական արտադրության սոցիալական խնդիրներից. չժխտելով, որ ներմուծողները եւս պետական բյուջեին օգուտ են տալիս` պարոն Կարապետյանն ընդգծեց, որ վերջիններս, սակայն, աշխատատեղեր չեն ստեղծում, սոցիալական խնդիրները լուծում են տեղական արտադրողները: Ըստ ԱԺ փոխնախագահի` օրենսդրական նախաձեռնությունը պետք է շարունակական լինի, որպեսզի տեղական արտադրությունը մրցունակ դառնա ներմուծված արտադրանքի նկատմամբ: Նա վստահ է, որ նման նախաձեռնություններով հնարավոր կլինի դաշտը կարգավորել եւ խթանել տեղական արտադրությունը:

«Ժառանգության»  տեսակետը ներկայացնելով` խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը եւս կարեւորեց տեղական արտադրողի շահերի պաշտպանությունը: Նա հավատացած է, որ ազատ մրցակցության պայմաններում է միայն հնարավոր տնտեսության զարգացումը` եւ ներկրումը, եւ տեղական արտադրությունը:
 
Ամփոփիչ ելույթում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսան Պետրոսյանը հավաստիացրեց, որ տեղական արտադրության զարգացումն ունի նաեւ ազգային անվտանգության խնդիր:

ԱԺ պատգամավոր, օրինագծի համահեղինակ Արա Նռանյանը եզրափակիչ ելույթում տեղեկացրեց, որ կառավարության առաջարկների հիման վրա հեղինակները որոշել են գարեջրի ներմուծման համար ակցիզային հարկի դրույքաչափը սահմանել 120 դրամ, խմորման ենթարկված այլ ըմպելիքների համար` 200 դրամ, էթիլային սպիրտի համար` 700 դրամ: Մնացած տոկոսադրույքները մնում են անփոփոխ: 

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերը, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթները, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան կից օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, ինչպես նաեւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթները:

Երրորդ ընթերցմամբ ընդունելու համար պատգամավորների քննարկմանը ներկայացվեցին «Եւեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» եւ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» նախագծերի փաթեթները:
 
Պատգամավորները քննարկեցին նաեւ «2007 թ. հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների զինման համար հատուկ տեխնիկայի եւ հատուկ միջոցների մատակարարումների արտոնյալ պայմանների մասին», «2007 թ. հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում ռազմատնտեսական համագործակցության ընթացքում ստացված եւ օգտագործվող մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների փոխադարձ պաշտպանության մասին», «2008 թ. սեպտեմբերի 15-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Դանիայի Թագավորության կառավարության միջեւ զարգացման համագործակցության մասին» համաձայնագրերը, «2008 թ. հունիսի 13-ին Բրյուսելում եւ 2008 թ. օգոստոսի 8-ին Երեւանում ստորագրված ՀՀ եւ Եվրոպական համայնքի հանձնաժողովի միջեւ «Պարենային ապահովության ծրագիր» 2007/019-124 ֆինանսական համաձայնագիրը եւ «2008 թ. նոյեմբերի 18-ին Երեւանում ստորագրված ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ վարկային պայմանագիրը:

«Համահայկական բանկի մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթները երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո կազմակերպվեցին նախագծերի երրորդ ընթերցմամբ քննարկումները:

Նստաշրջանի ավարտին ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին քննարկված բոլոր օրինագծերը եւ վավերացրին ՀՀ միջազգային պայմանագրերը` սպառելով օրակարգի բոլոր հարցերը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, հայտարարելով նստաշրջանի ավարտը, շնորհավորեց ԱԺ պատգամավորների Ամանորը եւ Սուրբ ծնունդը` ցանկանալով 2009 թ-ին համատեղ ուժերով խորհրդարանի դերի բարձրացում: 


26.12.2008
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Նորքի տարեցների տուն-ինտերնատում
Դեկտեմբերի 26-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Նորքի տարեցների տուն-ինտերնատ,  ծանոթացավ այնտեղ բնակվող 230 տարեցների պայմաններին, շնորհավորեց նրանց Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթեց առողջություն եւ բարեկեցություն. «Ես այսօր ձեզ մոտ եմ եկել որպես հյուր եւ որպես ԱԺ նախագահ: Ձեր բոլոր խնդիր...

26.12.2008
Տարեմուտի ընդունելություն Ազգային ժողովում
Դեկտեմբերի 26-ին Ոսկեզօծ դահլիճում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տարեմուտի ընդունելության էր հրավիրել խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին եւ լրատվամիջոցների ղեկավարներին: Դիմելով նրանց` ԱԺ նախագահն ասաց. «Այսօր Ազգային ժողովի Ոսկեզօծ սրահում հավաքվելու նպատակը տարեմուտը միասին նշելն է: Ուզում ե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am