National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.12.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
22.12.2008
Կերկարաձգվի՞ զինվորական ծառայությունից խուսափողների մասին օրենքի կիրառման ժամկետը

Դեկտեմբերի 22-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցան «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի կիրարկումը եւ արդյունավետությունը» թեմայով խորհրդարանական լսումներ, որոնց մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախարարության, գլխավոր դատախազության, միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ների  ներկայացուցիչներ:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը նշեց, որ խորհրդարանական այս լսումների հիմք են դարձել  հանձնաժողովին, ՀՀ պաշտպանության նախարարությանն ու գլխավոր դատախազությանը հասցեագրված բազմաթիվ նամակները, որոնք առաջարկում են «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի կիրարկման ժամկետը երկարացնել, ինչպես նաեւ`  ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից օրենքի վերլուծությունն ու կիրառման արդյունավետության վերաբերյալ կարծիքները:

Պարոն Աղաբեկյանը տեղեկացրեց, որ օրենքի կարգավորման առարկան ընդգրկում է 1992 թ. աշնանային զորակոչից մինչեւ 2007 թ. հոկտեմբերի 31-ը չզորակոչված, զորակոչից խուսափած 27, իսկ պահեստազորի սպաների դեպքում 35 տարին լրացած կամ մինչեւ նշված տարիքը լրանալը «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած ՀՀ քաղաքացիների զինվորական ծառայության հետ կապված հարաբերությունները: Նա նկատեց, որ զորակոչից խուսափելու դրդապատճառները տարբեր են, որոնք լուրջ քննարկման ու գնահատականի կարիք ունեն: Մասնավորապես` ինչպե՞ս վարվել այն քաղաքացիների հետ, որոնք կցագրում չեն անցել, ստացել են այլ երկրի քաղաքացիություն, բայց ուզում են վերադառնալ ու ծառայել ՀՀ զինված ուժերում: Օրենքի կիրարկման ժամկետի երկարացումը կարող է նպաստել արտերկրում գտնվող ՀՀ այն քաղաքացիների վերադարձին, որոնք տարբեր պատճառներով չեն զորակոչվել կամ խուսափել են զինվորական ծառայությունից եւ ուզում են իրենց պարտքը կատարել հայրենիքի հանդեպ:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը ներկայացրեց օրենքի ընդունումից` 2004 թվականից հետո օրենքի կիրարկման վերաբերյալ տեղեկությունները` նշելով, որ մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 12-ը միջգերատեսչական հանձնաժողովը 72 նիստ է գումարել եւ քննել 4045 գործ: Օրենքով նախատեսված դրույքաչափերին համապատասխան` զորակոչից խուսափած քաղաքացիներից գանձվել է 2 մլրդ, 703 մլն 156 հազ. դրամ: Պարոն Նազարյանը տեղեկացրեց, որ օրենքի ընդունումից հետո նրա կիրարկման ժամկետի երկարացումն ու համաներումը որոշակի արդյունքներ են տվել եւ հնարավոր համարեց  ժամկետի նոր երկարացումը, ինչը հնարավորություն կտա օրենքը խախտած ՀՀ քաղաքացիներին վերադառնալ հայրենիք եւ զինվորական ծառայություն անցնել ՀՀ զինված ուժերում:

ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Սարգիս Մնացականյանը քննարկվող հիմնախնդրի կարգավորման առումով կարեւորեց իրավասու գերատեսչությունների համատեղ աշխատանքը` տեղեկացնելով, որ գլխավոր դատախազությունը թեեւ ամենօրյա աշխատանքային կապի մեջ է զինկոմիսարիատների հետ, այնուամենայնիվ դեռեւս մեծ է հաշվառումից խուսափողների թիվը: Հաճախ լրացուցիչ ստուգման արդյունքում պարզվում է, որ առողջական առումով ոչ պիտանի համարվող քաղաքացիները ենթակա են զորակոչի:

Անդրադառնալով զորակոչից խուսափած քաղաքացիների` ՀՀ զինված ուժերում ինքնակամ ծառայելու դեպքերին` պարոն Մնացականյանը տեղեկացրեց, որ վերջին զորակոչի ընթացքում 119 զորակոչիկ նման ցանկություն է հայտնել, իսկ ընդհանուր առմամբ  կամավորների թիվը տարեկան հասնում է 250-ի. նման դեպքերում ընտրված խափանման միջոցը փոխվում է: Նա առաջարկեց օրենքում փոփոխություն կատարելիս ուշադրություն դարձնել այն դեպքերին, երբ հարուցված քրեական գործի վաղեմության  10-ամյա ժամկետը լրացել է, եւ քաղաքացին սահմանված գումարը վճարելուց խուսափում է:

Փորձագետ Տիգրան Երանոսյանը, որը քննարկվող օրենքի վերլուծաբան հեղինակն էր, ներկաների ուշադրությունը հրավիրեց օրենքում առկա «հաշտեցման» իրավական մեխանիզմներին, ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտավորության բնույթին, առողջական, գիտամանկավարժական գործոններին, ընտանեկան դրությանը, օրենքի կիրառման ընթացքում հանդիպող ընթացակարգային  խոչընդոտներին, օրենքի կիրառման թափանցիկությանը եւ վերահսկողության ապահովմանը: Նրա գնահատմամբ` մեծ է օրենքի կարեւորությունը, ուստի օրենքի կիրարկման ժամկետների երկարաձգումը նույնպես կարեւորվում է:

«Ա. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Մերի Խաչատրյանը նշեց, որ փախստականը իրավունք ունի ծառայել զինված ուժերում, բայց պարտավոր չէ. այստեղ գործում է կամավորության սկզբունքը, այնինչ կան դեպքեր, երբ այս նորմը խախտվում է, ինչն անթույլատրելի է:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աշխատակից Կարել Հոֆստրան կարեւորեց օրենքի կիրարկման վերաբերյալ նման քննարկումները, ինչը թափանցիկություն է ապահովում եւ իրազեկման լավագույն ձեւերից մեկն է: Ինչ վերաբերում է օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությանը, դա երկրի իշխանությունների խնդիրն է:

Եզրափակիչ ելույթում հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանն արձանագրեց, որ բոլոր զեկուցողներն էլ անդրադարձան օրենքի կիրառման ժամկետը երկարացնելու անհրաժեշտությանը, եւ առաջարկեց, որ եթե ՀՀ պաշտպանության նախարարությունը օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա, ինքը կառաջարկի նաեւ բարձրացնել զինվորական ծառայությունից խուսափողների պատժի համար նախատեսված գումարի դրույքաչափերը` հավելելով, որ դա իր անձնական տեսակետն է: Նա կարեւորեց խորհրդարանական լսումները թափանցիկության, իրազեկման ու արդյունավետության տեսանկյունից եւ  խնդրեց օրենքում փոփոխություն կատարելու եւ նրա արդյունավետ կիրառման վերաբերյալ առաջարկները ներկայացնել գրավոր:


22.12.2008
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Հովհաննես Չեքիջյանին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Հովհաննես Չեքիջյանին` ծննդյան 80-ամյակի առիթով.«ՀԱՐԳԱՐԺԱՆ ՄԱԵՍՏՐՈ Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 80-ամյակի առիթով: Անգնահատելի է Ձեր ներդրումը Հայաստանի Հանրապետության մշակութային կյանքում, տասնամյակներ շարունակ Ձեր գլխավորած ակադեմի...

22.12.2008
Ֆրանսիայի դեսպանն Ազգային ժողովում
Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Սերժ Սմեսովին:ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, կարեւորելով Ֆրանսիայի խորհրդարանի հետ համագործակցության զարգացումը, նշեց, որ պաշտոնական այցով Հայաստան է հրավիրել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի...

22.12.2008
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Դեկտեմբերի 22-ին ԱԺ տնտեսական եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ քննարկեցին «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: ՀՀ մաքսային պետական կոմիտեի փոխնախագահ Ահարոն Չիլինգարյանը նշեց, որ հյուրանոցային տնտ...

22.12.2008
2008 թ. դեկտեմբերի 23-ին` Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում, ըստ որի` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` կառավարության նախաձեռնությամբ, 2008 թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 12-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան նախաձեռնողի սահմանած օրակարգով:Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am