National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.12.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
04.12.2008
Ավարտվեց Ազգային ժողովի չորրորդ գումարման չորրորդ նստաշրջանը
Դեկտեմբերի 4-ի Ազգային ժողովի նիստում պատգամավորները քվեարկությամբ վավերացրին «2007 թ. հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված «2002 թ. հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության իրավական կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը, «1992 թ. մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրում լրացումներ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը, «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին», «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների միջեւ ռազմատնտեսական համագործակցության բնագավառում գովազդային-ցուցահանդեսային գործունեության ոլորտում փոխգործակցության մասին», «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կառավարման համակարգի ստեղծման մասին» համաձայնագրերը: Առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ պատգամավորներ Ռաֆիկ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի, Մխիթար Մնացականյանի ներկայացրած «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը խորհրդարանի հաստատմանը ներկայացրեց «ՀՀ Վերահսկիչ պալատի 2009 թ. գործունեության տարեկան ծրագիրը»: Նա, ներկայացնելով ծրագրի բովանդակությունը եւ վերահսկողության ոլորտները, տեղեկացրեց, որ գործունեության ծրագիրը կազմելիս խորհրդակցել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Նշվեց, որ ՎՊ-ի 2009 թ. գործունեության տարեկան ծրագրով նախատեսվում է եզրակացություն ներկայացնել «ՀՀ 2008 թ. պետական բյուջեի կատարման մասին» կառավարության հաշվետվության վերաբերյալ, ՀՀ Կենտրոնական բանկի 2008 թ. տարեկան հաշվետվության վերաբերյալ, պետական գույքի մասնավորեցման ընթացիկ տարվա ծրագրի կատարման մասին կառավարության հաշվետվության վերաբերյալ: Ծրագրով 2009 թ. վերահսկողություն է իրականացվելու պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման եւ բյուջետային մուտքերի ապահովման, պետական սեփականության կառավարման եւ օգտագործման կտրվածքով ՀՀ նախարարություններում, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, քաղաքացիական ծառայության խորհրդում, տնտեսական մրցակցության պաշպանության պետական հանձնաժողովում, կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում, պետական եկամուտների կոմիտեում, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում, Երեւանի եւ այլ քաղաքապետարաններում: Ուսումնասիրվելու են նաեւ «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից պետության կարիքների համար գնումների կատարումը, համայնքների կողմից բյուջետային միջոցների օգտագործումը, համայնքային բյուջեի մուտքերի ապահովումը, համայնքային սեփականության կառավարումը եւ օգտագործումը: Պարոն Զաքարյանն իրազեկեց, որ օտարերկրյա պետությունների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային միջոցների օգտագործում կտրվածքով նախատեսվել է հինգ վարկային ծրագրերի վերահսկողություն` երմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող ՀՀ Լոռու մարզի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագիրը, երմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող` ՀՀ Շիրակի մարզի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագիրը, Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող Համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման ծրագիրը, Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող Էլեկտրահաղորդման գծերի եւ բաշխիչ ցանցերի վերականգնման ծրագիրը, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագիրը: Տեղեկացվեց, որ տարբեր ծրագրերի կատարման կտրվածքով շարունակվելու են ուսումնասիրվել առողջապահության, բնապահպանության, գյուղատնտեսության, տրանսպորտի եւ կապի, քաղաքաշինության նախարարություններին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործումը:
 
Պատասխանելով պատգամավորների հարցադրումներին` ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց վերահսկողության ձեւերի եւ վերահսկողության մարմինների ընտրության կարգը, վերահսկողության ժամկետները, արտաբյուջետային ծախսերի ստուգումը, մարզպետարանների ստուգման ուղղությունները:

Հարակից զեկույցում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացնելով` Գագիկ Մինասյանն ընդգծեց, որ բյուջեի նախագծի ծրագրային բյուջետավորման սկզբունքով կազմելը առավել արդյունավետ կդարձնի Վերահսկիչ պալատի վերահսկողությունը: Նա կոչ արեց գործընկերներին կողմ քվեարկել ծրագրի հաստատմանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը արտահերթ ելույթում նշեց. «Առավոտյան այս հարցը մենք քննարկել ենք Վերահսկիչ պալատի նախագահի հետ, քննարկել ենք նաեւ հանձնաժողովի նախագահի հետ: Եվ մենք տրամադրված ենք պարզեցում մտցնել ծրագրի մեջ: Ստուգումների վերաբերյալ մամուլում բազմաթիվ քննարկումներ, դիտարկումներ, պարզաբանումներ ու մեղադրանքներ են հնչել նախկինում: Ուստի` ուզում եմ նաեւ քննարկել այն  խնդիրները, որոնք հնարավորություն կտան պարզեցնել ծրագիրը: Իմ կարծիքով` Վերահսկիչ պալատի նախագահը տրամադրված է, որ պալատի կողմից իրականացվող գործողությունները եւ  գործառույթները լինեն պարզ եւ թափանցիկ, բոլորի համար տեսանելի եւ հասկանալի: Ուղղակի մենք չկարողացանք 2009 թ. ծրագրում դա  իրականացնել ժամանակի սղության պատճառով, բայց ես համոզված եմ, որ 2009 թ. ավարտին, երբ Աժ-ն կհաստատի հաջորդ տարվա ծրագիրը,  ուղղությունները կլինեն ավելի հստակ: Ծրագրում հստակ ուղղություններ ամրագրելը շատ  կարեւոր է: Ի՞նչ է դա նշանակում. ենթադրենք ծրագրում գրված է առողջապահության նախարարություն կամ քաղաքաշինության նախարարություն:  ՎՊ-ին մնում է լայն ընտրության լիազորություն, որպեսզի  ինքը որոշի, թե ինչ ուղղություններ է ստուգում: Ենթադրենք նախարարությունում կա 60 ծրագիր: Պարզ է բոլորիս, որ այդ 60 ծրագրի ստուգումը Վերահսկիչ պալատն իր այսօրվա աշխատակազմով նույնիսկ ‎ֆիզիկապես  չի կարող իրականացնել: Եվ, իհարկե, ոչ միայն երկու, երեք, այլ տասնյակ նախարարություններ եւ գերատեսչություններ են ընդգրկված այդ ծրագրում: Ես առաջարկել եմ, եւ ՎՊ նախագահը համաձայնել է ուղղությունները նույնպես ամրագրել ծրագրում:  Ես ուզում եմ, որ մենք խոսենք նաեւ քաղաքական ենթատեքստի մասին. լինում են ստուգումներ, որոնք համընկնում են տարբեր ստուգող կազմակերպությունների կողմից: Ենթադրենք` որեւէ  գերատեսչություն ստուգվում է երեք կազմակերպությունների կողմից: Դա անընդունելի է: Բազմաթիվ խոսակցություններ կան, որ ստուգողներն իրենց ստուգումներն իրականացնում են ելնելով անձնական հարաբերություններից: Ես դա ուզում եմ բացառել, որովհետեւ  որեւէ ստուգող կազմակերպության ղեկավար չի կարող իր գործողություններն իրականացնել` ելնելով անձնական հարաբերություններից: Դա մեր երկրի, հասարակության համար շատ վտանգավոր է: Նման մարդիկ իրավունք չունեն նման պաշտոններում աշխատել: Ընդհանրապես այս թեման, կարծում եմ, մենք պետք է քննարկենք, որովհետեւ տարբեր դիտարկումներ, տարբեր վերլուծություններ եղան, որոնք վերածվեցին անձնական հարաբերությունների քննարկման: Ես դա ուզում եմ բացառել, նման դեպքեր չեն  եղել, ուղղակի թյուրըմբռնումներ են եղել, եւ ես համոզված եմ, որ իրականացվող գործողությունները բխում են մեր պետության շահերից: Մենք պարտավոր ենք մեր պետական բյուջեի ծախսերը վերահսկել: Եվ մենք պարտավոր չենք որեւէ մեկի թույլատրել, որ  պետական բյուջեի գրպանը մտի: Դա պետք է բացառել: Ազգային ժողովի դիրքորոշումը պետք է լինի միասնական, բոլոր խնդիրների քննարկման հիմքում պետք է լինի թափանցիկություն եւ ազնվություն: Հայտարարություններ, քննադատություններ, իմ կարծիքով, պետք է լինեն, բայց առողջ, ճիշտ հիմքերի վրա դրված եւ ոչ թե ստուգման արդյունքները կապելով անձնական հարաբերությունների հետ: Եվ եւս մեկ անգամ ուզում եմ ամրագրենք, որ որեւէ ստուգող կազմակերպության ղեկավար, աշխատակից, որը կդրսեւորի իր  գործառույթները որեւէ  անձնական հարց լուծելու նպատակով, դա  վտանգավոր է մեր երկրի, մեր հասարակության համար: Ես կոչ եմ անում մեր գործընկերներին, որ հաստատենք  այս ծրագիրը, բայց նաեւ Վերահսկիչ պալատի նախագահի առջեւ դնենք խնդիր, որ 2009 թվականի ծրագիրը, որը պետք է բերվի եւ հաստատվի 2010 թվականի համար, լինի ավելի թափանցիկ, ավելի անվանական եւ գերատեսչության ղեկավարների կողմից չլինեն դժգոհություններ: Նաեւ կոռուպցիոն ռիսկերը մենք կարող ենք կրճատել: Ենթադրենք հարց է առաջանում, ինչու ենք այս ծրագիրը ստուգում կամ այն մյուս ծրագիրը: Նման հարցերը կանխելու համար Վերահսկիչ  պալատը, կրկնում եմ, պիտի հստակ ուղղություններ ամրագրի  ծրագրի մեջ, որպեսզի  նման խոսակցություններից հեռու  մնանք: Ես եւս մեկ անգամ կոչ եմ անում մեր գործընկերներին հաստատել այս ծրագիրը»:

Վերահսկիչ պալատի 2009 թ. գործունեության ծրագրի առնչությամբ ելույթ ունենալով` Անահիտ Բախշյանը նշեց, որ հավակնոտ են ՎՊ-ի 2009 թ. ծրագրերը: Նա հուսով է, որ «2009 թ. պետական բյուջեի մասին» օրենքում տեղ գտած բոլոր ծրագրերը ՎՊ-ն կուսումնասիրի, եւ հասարակությունը կիմանա, թե ինչպե՞ս եւ ի՞նչ չափով են իրականացվել դրանք: Ըստ նրա` Վերահսկիչ պալատը հասարակության վստահության մեծացման կարիքն ունի: Հովհաննես Մարգարյանը կարեւորեց սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՎՊ-ին ոչ միայն պետական բյուջեի, այլեւ համայնքային բյուջեների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հնարավորության ընձեռումը: Արծրունի Աղաջանյանի համոզմամբ` Վերահսկիչ պալատի թափանցիկ ու տեսանելի գործունեությունից շահում են եւ պետությունը, եւ հասարակությունը:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Սամվել Նիկոյանը: Խմբակցության քարտուղարը գտնում է, որ պետք է ՎՊ-ի գործունեությունը դառնա առավել հասցեական եւ առիթ չտա տարաբնույթ մեկնաբանությունների: Պարոն Նիկոյանին հետաքրքրում էր, թե արդյո՞ք մեծ չեն 2009 թ-ի ՎՊ-ի վերահսկողության ոլորտները, ինչը, ըստ նրա, կարող է հանգեցնել մասնագիտական թերացումների: Պարոն Նիկոյանի կարծիքով` գործունեության ծրագրում պետք է մատնանշվեն եւ հաստատվեն նաեւ վերահսկողության ձեւերը, Վերահսկիչ պալատը վերջնական եզրակացությունը ներկայացնելուց առաջ պետք է իրականացնի համակողմանի եւ հերքման առիթ չթողնող ուսումնասիրություններ:
 
Կարեւորելով քննարկվող ծրագիրը` եզրափակիչ ելույթում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղեկացրեց, որ գալիք տարվանից ՎՊ ծրագրերն առավել թափանցիկ դարձնելու պայմանավորվածություն կա: Նրա գնահատմամբ` եկող տարվանից ՎՊ-ի գործունեության հաշվետվությունը քննարկելիս առավել բարձր մակարդակի վերահսկողություն է հնարավոր, որը թույլ կտա արձանագրել, որ ՎՊ-ն վերահսկում է պետական բյուջեի ‎ֆինանսական եւ ոչ ֆինանսական միջոցները:
 
Եզրափակիչ ելույթում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, անդրադառնալով պատգամավորների ելույթներին եւ առաջարկներին, փաստեց, որ մինչ վերջնական եզրակացություն ներկայացնելը, ՎՊ-ի ուսումնասիրությունները եւ ստուգվող մարմնի առարկությունները քննարկվում են ՎՊ խորհրդի նիստում: Պարոն Զաքարյանը նշեց, որ վերահսկողության ձեւերի արձանագրումը կսահմանափակի ՎՊ գործառույթները ու օգտավետ չէ, քանի որ դիտարկման փուլում հնարավոր չէ իմանալ, թե ո՞ր ձեւն է նախընտրելի:
 
«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցման ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը: 1995 թ. ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով առանց սահմանների նկարագրությունների հաստատվել  են միայն ՀՀ համայնքների, Երեւանի տարածքում գտնվող բնակավայրերի եւ թաղային  համայնքների  ցանկերը: 1996 թ.  օրենքի  5-րդ հավելվածով հաստատվել են Երեւանի տարածքում գտնվող բնակավայրերի եւ թաղային համայնքների սահմանների նկարագրերը, որտեղ հստակ չեն նկարագրվել քաղաքի արտաքին սահմանները,    քաղաքի  սահմանանիշերի  տեղադրման արդյունքում  թույլ են տրվել անճշտություններ: Արարատի մարզի ետափնյա համայնքի 55 հա  գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված եւ տնամերձ հողամասեր, Կոտայքի մարզի  Առինջ համայնքի տնամերձ հողամասերից  շուրջ 73 հա, Պռոշյան համայնքի հողերից 18 հա գյուղատնտեսական նշանակության հողամասերը ընդգրկվել են քաղաքի սահմաններում: Առանց հիմնավորման Պռոշյան եւ Քասախ համայնքների հողերից  Երեւան-Աշտարակ մայրուղու  երկայնքով 50 մ լայնությամբ  տարածքը եւս անցել է քաղաքին: Նախագծով սահմանակից համայնքների հետ փոխադարձ համաձայնությամբ ճշտվել են քաղաքի արտաքին սահմանները, նշված հողամասերը վերադարձվել են համայնքներին: Ջրվեժ համայնքին են փոխանցվել քաղաքի սահմաններում գտնվող 141 հա գյուղատնտեսական նշանակության հողեր, քաղաքին սահմանակից 18 համայնքների  անցել է 393.3 հա հողատարածք, Երեւանի վարչական սահմաններում է ընդգրկվել  Քասախ համայնքի տարածքում գտնվող Դավիթաշենի գերեզմանոցի զբաղեցրած 10.1 հա եւ գյուղատնտեսական նշանակության 11.5 հա հողատարածքը: Պարոն Վարդանյանը տեղեկացրեց, որ նախագիծը քննարկվել եւ հավանության է արժանացել ՀՀ մարզերի  եւ համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարման հանձնաժողովի նիստում:

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
Text box
օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցման ընթացակարգով ներկայացրեց ԱԺ պատգամավոր, օրինագծի համահեղինակ Արա Նռանյանը: Նշվեց, որ նախագծի ընդունումը բխում է հայրենական արտադրանքի ծավալների մեծացման, մրցունակության բարձրացման  անհրաժեշտությունից: Հայրենական տնտեսության զարգացման վերջին ժամանակահատվածում դրամի արժեւորման պայմաններում դժվարացել է արտահանման գործընթացը եւ մեծացել են ներկրվող, նաեւ անորակ ապրանքների  ծավալները, տեղական արտադրանքի մրցունակությունն ընկել է, ինչը բացասական ազդեցություն ունի տնտեսության զարգացման վրա: Այդ են վկայում Մաքսային պետական կոմիտեի, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության  ներկայացրած պաշտոնական տվյալները, ըստ որոնց 2004-2007 թթ. ընթացքում ներկրման ծավալները մեծացել են մի քանի անգամ, իսկ տեղական արտադրանքինը մնացել են անփոփոխ: Պարոն Նռանյանը տեղեկացրեց, որ բարձրացնելով որոշ ապրանքատեսակների ակցիզային հարկի դրույքաչափերը` հայրենական արտադրանքը կդառնա առավել մրցունակ, կխթանվի արտադրության ծավալների մեծացումը, կմեղմվի դրամի արժեւորման բացասական ազդեցությունը տեղական արտադրանքի մրցունակության վրա, պետական բյուջե կմուտքագրվեն լրացուցիչ գումարներ:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսան Պետրոսյանը հավաստեց, որ օրինագծի ընդունումը գյուղատնտեսության ոլորտում միջին բիզնեսի զարգացման առաջին քայլն է: Պարոն Պետրոսյանն առաջարկեց նախագծի հեղինակներին վերանայել գինենյութի եւ կոնյակի սպիրտի համար նախատեսված ակցիզային դրույքաչափերը:
 
Հարցի վերաբերյալ ելույթ ունենալով` ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը կարեւորեց տեղական արտադրողի շահերի պաշտպանությանն առնչվող օրինագծի ընդունումը: ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանն էլ անդրադարձավ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում տեղական արտադրողին պաշտպանելու ձեւերի ճիշտ ընտրությանը:

Երկրորդ ընթերցմամբ պատգամավորները քննարկեցին «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Այնուհետեւ պատգամավորները քվեարկությամբ հաստատեցին «ՀՀ Վերահսկիչ պալատի 2009 թ. գործունեության տարեկան ծրագիրը», առաջին ընթերցմամբ ընդունեցին «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ` «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից հողի հարկ վճարողներին հարկային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀԿ խմբակցության պատգամավորների հեղինակած օրենքի նախագիծն առաջին ընթերցման ներկայացրեց օրինագծի համահեղինակ Արման Սահակյանը: Նշվեց, որ  նախագծի ընդունումը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտի հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Օրինագծով առաջարկվում է գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից  հողի հարկ  վճարողներին ազատել հողի հարկի գծով կուտակված տույժերից եւ տուգանքներից: Ըստ պարոն Սահակյանի` օրինագծի ընդունումը կբարձրացնի ոլորտի մրցունակությունը, կնպաստի գյուղացիների կենսակերպի բարելավմանը, գյուղացիական տնտեսությունների զարգացմանը: Նրա կարծիքով` կայացման փուլում   գտնվող գյուղատնտեսության ոլորտին անհրաժեշտ է պետական աջակցությունը:

Հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նկատեց, որ օրենսդրական նախաձեռնությունը նախատեսում է գյուղացիների սոցիալական խնդիրների լուծում: Տեղեկացվեց, որ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից հողի հարկ վճարողների տուգանքը կազմում է 250 մլն դրամ: Նշվեց, որ հանձնաժողովը պատրաստ է առաջինից երկրորդ ընթերցում աշխատել առաջարկների քննարկման եւ օրինագծի կատարելագործման ուղղությամբ:
 
ԱԺ պատգամավորները եւս հարցի առնչությամբ ելույթներ ունեցան: Ստյոպա Սաֆարյանը գտնում է, որ արտոնությունները կարող են հասարակության շրջանում ստեղծել սոցիալական անարդարության տպավորություն: Ըստ պատգամավորի` գյուղատնտեսության ոլորտի խնդիրների համալիր լուծում է անհրաժեշտ: Վարդան Խաչատրյանը եւս անդրադաձավ սոցիալական արդարության խնդրին: Նրա կարծիքով` տույժ ու տուգանքներից ազատելիս պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերել մեծ ու փոքր հողատարածք ունեցող գյուղացիների նկատմամբ: Չժխտելով, որ գյուղացիները գտնվում են ծանր վիճակում եւ կա արտոնությունների անհրաժեշտություն` Զարուհի Փոստանջյանը մտահոգված էր խոշոր սեփականատերերի հարկերից խուսափելու եւ այդ պատճառով համայնքային բյուջեների վնասների հարցով: Համաներում շնորհելը, ըստ տիկին Փոստանջյանի, օգտավետ քայլ է, եթե լինի վիճակագրություն հարկեր չվճարողների վերաբերյալ: Ռաֆիկ Գրիգորյանը հիշեցրեց, որ հարկերից խուսափել են հիմնականում բարձր լեռնային, լեռնային եւ սահմանամերձ գյուղերի սոցիալապես անապահով բնակիչները: Նա` իբրեւ օրինագծի համահեղինակ, նշեց, որ հեղինակային խումբը պատրաստ է առաջինից երկրորդ ընթերցում` առաջարկների հիման վրա կատարելագործել նախագիծը: Լարիսա Ալավերդյանին մտահոգում է, թե արդյո՞ք գյուղացիներին պարտքերից ազատելը չի հանդիսանա հետագայում հարկերից խուսափելու պրակտիկա: 

ՀՀ օրհներգի հնչյունների ներքո Ազգային ժողովի չորրորդ գումարման  չորրորդ նստաշրջանը փակվեց:

04.12.2008
Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը Երեւանում
Դեկտեմբերի 5-ին Ազգային ժողովում աշխատանքները կսկսի Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը: Նիստի օրակարգում երկու երկրների խորհրդարանների պատգամավորների մասնակցության հարցն է Սպիտակի երկրաշարժի 20-ամյա տարելիցի միջոցառումներին: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ Ա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am