National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.11.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
24.11.2008
Միջազգային համաժողով Սանկտ Պետերբուրգում

Նոյեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում  ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում հրավիրվեց միջազգային համաժողով`  միջազգային մարդասիրական իրավունքի թեմայով, որը նվիրված էր 1868 թ ընդունված` Սանկպետերբուրգյան Հռչակագրի 140-րդ տարեդարձին:  Վեհաժողովի աշխատանքներին մասնակցեց ՀՀ ԱԺ  փոխնախագահ Հրայր Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ  Գագիկ Մինասյանը, Ավետ Ադոնցը,    Արա Նռանյանը եւ Միքայել Մանուկյանը:

Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը համաժողովի մասնակիցներին փոխանցեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ուղերձը:  Իրենց զեկույցները ներկայացրին համաժողովի մասնակիցները: ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը կարեւորեց  Սանկտ-Պետերբուրգյան Հռչակագիրը, նշելով, որ այն արգելում է  պայթուցիկ եւ կրակվառող փամփուշտների օգտագործումը պատերազմական գործողությունների ժամանակ: Նա  համաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց Հռչակագրի այն դրույթի վրա, որով առաջարկվում է խաղաղ բնակչությանը զերծ պահել պատերազմական գործողություններից, մինչդեռ ներկա հակամարտությունների ժամանակ տուժում է խաղաղ բնակչությունը եւ շատ հաճախ դժվար է նույնիսկ մարդասիրական օգնություն ցուցաբերելը: 

ՍԾՏՀ ԽՎ ուղերձը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց ՍԾՏՀ ԽՎ էկոնոմիկայի, տնտեսական, տեխնոլոգիաների եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար,  ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի   հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա նշեց, որ ՍԾՏՀ ԽՎ գործունեությունը նպատակաուղղված է միջխորհրդարանական համագործակցությանը, ժողովրդավարության ամրապնդմանը,  Սեւծովյան տարածաշրջանում փոխգործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը:  ՍԾՏՀ ԽՎ-ը դիտարկում է տարածաշրջանային տնտեսական համագործակցության հիմնական ուղղությունները եւ մշակում  Սեւծովյան տարածաշրջանի` եվրոպական ու համաշխարհային տնտեսությանն առավել  ինտեգրմանն ուղղված հանձնարարականներ: ՍԾՏՀ ԽՎ 15-րդ տարեդարձի կապակցությամբ ընդունված  Հռչակագրում, վեհաժողովը մտահոգությամբ  նշում է, որ չլուծված հակամարտությունները խոչընդոտում են տարածաշրջանային եւ եվրոպական ինտեգրման գործընթացներին: 

«Մենք համոզված ենք, որ սահմանների վերաբացումն ու տնտեսական համագործակցությունը տարածաշրջանի երկրների միջեւ, կնպաստեն  ոչ միայն այդ պետությունների կայուն զարգացմանը, այլ նաեւ կձեւավորեն  բարենպաստ պայմաններ հակամարտությունների  լուծման համար»,-ասաց Գագիկ Մինասյանը: Նա նաեւ նշեց, որ վեհաժողովն ընդունել է  «Կազմակերպված հանցագործությունների եւ մարդկանց առեւտրի դեմ պայքարի», «Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում խորհրդարանների դերի վերաբերյալ» հանձնարարականները: «Կայունության եւ անվտանգության տարածաշրջանային բաղադրիչների մասին» հանձնարարականով  ՍԾՏՀ ԽՎ իր հաստատակամությունն է արտահայտում խաղաղության ամրապնդմանը, Սեւծովյան տարածաշրջանի կայունությանն  ու անվտանգությանը: Վեհաժողովը կարեւորում է   ժողովրդավարության, օրենքի գերակայության,  արդարադատության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պահպանման, արդյունավետ պետական կառավարման, համերաշխության, փոխվստահության եւ միջազգային իրավունքի նորմերի կիրառմամբ,  տարածաշրջանային եւ միջազգային խաղաղության պահպանման ճանապարհով անվտանգության դեմ մարտահրավերների դիմակայումը: Այս համատեքստում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակը կարեւորեց  1868 թ. Պետերբուրգյան Հռչակագիրը, նշելով, որ այն   ներկա  միջազգային հումանիտար իրավունքի հիմնարար փաստաթղթերից է դարձել: Գագիկ Մինասյանն ընդգծեց, որ  երկու վեհաժողովների ընդհանուր սկզբունքներն ու նպատակները պետք է այսուհետ եւս ուղղված լինեն արդյունավետ համագործակցությանը, խաղաղության, կայունության պահպանմանն ու ժողովուրդների բարգավաճմանը: 

ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը անդրադառնալով համաժողովի աշխատանքներին նշեց, որ Սանկտ-Պետերբուրգյան Հռչակագիրը  կոչ է ուղղված բոլոր երկրների ներկայացուցիչներին եւ հանրությանը:  Պատերազմ վարելու միջոցները փոխվել են, ստեղծվել է բնակչության զանգվածային բնաջնջման զենք եւ անհրաժեշտ է թույլ չտալ, որ ռազմական գործողությունների ժամանակ կիրառվեն այնպիսի զենքեր, որոնք կարող են վնասել խաղաղ բնակչությանը:
Համաժողովի մասնակիցներն ընդունեցին Հռչակագիր, որով կոչ է  արվում պետություններին եւ իրենց զինված ուժերին պահպանել 140 տարի առաջ ընդունված փաստաթղթի ոգին, առաջնորդվել Հռչակագրի հիմնարար  սկզբունքներով եւ նպատակներով,  զարգացնել նրա մարդասիրական արժեքները:
  
Օրվա երկրորդ կեսին աշխատանքը սկսեց  Հավաքական  անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը, որին մասնակցեց ԱԺ  փոխնախագահ Հրայր Կարապետյանը: Ի թիվս այլ հարցերի խորհուրդը քննարկեց  Հարավկովկասյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի մասին  հաշվետվությունը, որի առնչությամբ ելույթ ունենալով  ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը նշեց, որ հաշվետվությունը հիմնականում համապատասխանում է իրականությանը: Անդրադառնալով հայ - թուրքական հարաբերություններին  Հրայր Կարապետյանը նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքիայի նախագահի Հայաստան կատարած այցից հետո  հարաբերությունների բարելավում չի նկատվում:  Շարունակվում է շրջափակումը, եւ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը Թուրքիայի համար նախապայման է մնում սահմանների վերաբացման համար:

Հայ խորհրդարանականները մասնակցեցին ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների նիստերին: Մշակույթի, տեղեկատվության, զբոսաշրջության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատգամավոր Ավետ Ադոնցը: Քննարկվել են էթնոմշակույթ ունեցող  քաղաքացիների հասարակական միավորումներին, ինտելեկտուալ սեփականությանը, ֆիզիկական կուլտուրային եւ սպորտին,  մշակութային ժառանգության  օբյեկտներին առնչվող  մոդելային օրենքների եւ ԱՊՀ անդամ երկրների տեղեկատվական օրենսգրքի հետ կապված հարցեր:

ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի նիստին: Քննարկվել են մեկ տասնյակից ավելի հարցեր:  Ինչպես նշեց ԱԺ պատգամավորը, կարեւորվել է միջազգային կառույցներում  քննարկվող հարցերի վերաբերյալ քվեարկությունների ժամանակ ՀԱՊԿ ԽՎ անդամ երկրների ներկայացուցիչների կողմից  մեկ միասնական դիրքորոշում ցուցաբերելու հարցը:     Արա Նռանյանը մասնակցել է նաեւ ԱՊՀ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվել է նաեւ  ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջարկը` Եվրոպայում անվտանգության համակարգի մասին  նոր պայմանագրի կնքման անհրաժեշտության վերաբերյալ եւ Չեխիայում ու Լեհաստանում ԱՄՆ-ի կողմից հակահրթիռային անվտանգության համակարգի տեղադրմանն առնչվող հարցերը:

ԱՊՀ ՄԽՎ իրավական հարցերի ահնձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցել է ԱԺ պատգամավոր  Միքայել Մանուկյանը:  Քննարկվել են կառույցի անդամ երկրների համար «Առեւտրի մասին» մոդելային  օրենսգրքին,  «Սեփականության իրավունքի պաշտպանության մասին» մոդելային օրենքին վերաբերող հարցեր: Հանձնաժողովականները ասնդրադարձել են նաեւ մոդելային օրենքների քվեարկությանն առնչվող փաստաթղթի վերաբերյալ կատարված աշխատանքներին:  

Սանկտ Պետերբուրգում ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը եւ պատվիրակության անդամները հանդիպեցին հայ համայնքի ներկայացուցիչների հետ:   Սանկտ Պետերբուրգի հայ համայնքն ունի 290-ամյա պատմություն: 1770 թ. կայսրուհի Ելիզավետա  Երկրորդի հրամանագրով կոմս Լազարեւին արտոնվում է կառուցել եկեղեցիներ, որոնցից առաջինն օծվում է 1780 թ.: Սուրբ Կատերինա եկեղեցին, որը գտնվում է Նեւսկի պողոտայում, հայ համայնքին է վերադարձվել 1992 թվականին: Տեղի հոգեւոր հովվի եւ այսօրվա բարերարների ջանքերով այն վերանորոգվել  եւ իր դռներն է բացել բոլորի համար: Հավատի, հույսի եւ սիրո տաճարը Սանկտ Պետերբուրգի կարեւոր հուշակոթողներից է:  Վերանորոգվում են նաեւ եկեղեցպատկան շենքերը: Ս. Կատերինայի հարեւանությամբ գործում է «Հյուրատունը», որն ունի 22 հարմարավետ սենյակ: Այստեղ իջեւանում են  տարբեր երկրներից ժամանած հոգեւորական այրերը: Հայ առաքելական եկեղեցու ուսումնական թեմում գործում է կիրակնօրյա դպրոցը: Ավելի քան 100 հայ երեխաներ գրել-կարդալ են սովորում: Դասավանդվում են հայոց լեզու եւ գրականություն, հայ ժողովրդի պատմություն, հայրենի բնություն, հայագիտություն: Այստեղ կա գրադարան, գործում են պարի խումբն ու «Հայեցի ձայներ» երգչախումբը: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը կարեւորեց հայ համայնքի դերը եւ  հայապահպանությանն ուղղված աշխատանքները: «Սա կարեւոր գործոն է ազգային ինքնությունը պահպանելու համար»,- ասաց ԱԺ փոխնախագահը:  Վերանորոգումից հետո կգործի նաեւ հայ եկեղեցու վարչական շենքը, կլինի խորհրդատվությունների սենյակ, կբացվի հայ համայնքին եւ տեղի հայ եկեղեցիների պատմությանը նվիրված ցուցահանդես: Պատվիրակության անդամները եղան նաեւ Սուրբ Հարություն եկեղեցում եւ թիվ 259 գիմնազիայում:   
ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը հույս հայտնեց, որ Սանկտ Պետերբուրգում բնակվող մեր հայրենակիցները ամեն ջանք կգործադրեն այսուհետ եւս ազգային ավանդույթները, մշակույթը պահպանելու համար եւ իրենց ներդրումը կունենան  Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կապերի ամրապնդմանը:


24.11.2008
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
Նոյեմբերի 24-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդարանական լսումների քննարկման թեման «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն էր: Խորհրդարանական լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, գործադիր իշխ...

24.11.2008
ԱԺ արտահերթ նիստ` նոյեմբերի 26-ին, ժամը 12-ին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում` ըստ որի ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2008 թ. նոյեմբերի 26-ին, ժամը 12-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով. ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ  ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ1. «Պա...

24.11.2008
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի թողարկման 15-ամյակի առիթով
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ուղերձով շնորհավորել է ՀՀ դրամի թողարկման 15-ամյակի կապակցությամբ.«Պետականության վերականգնումից ու պետականության խորհրդանիշների` դրոշի, զինանշանի, օրհներգի, հաստատումից հետո Հայաստանի Հանրապետության տնտեսական անկախության հաստատման վճռական ու կարեւոր քայլերից էր անցում...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am