National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.11.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
24.11.2008
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
Նոյեմբերի 24-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդարանական լսումների քննարկման թեման «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն էր: Խորհրդարանական լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, գործադիր իշխանության, պետական կառավարման հիմնարկների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ այլք:
 
Բացելով խորհրդարանական լսումները` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը 2008 թ. հունվարին ներկայացրել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, հանձնաժողովում օրինագծի կապակցությամբ կազմակերպվել են քննարկումներ եւ որոշվել է կազմակերպել խորհրդարանական լսումներ` համարելով, որ հանրային կարծիքը կարեւոր է նման օրենք ընդունելու համար:

Հիմնական զեկուցող, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ  եւ լրացումներ  կատարելու մասին» օրենքի ընդունումը պայմանավորեց տնտեսական հանցագործությունների դեմ պայքարում իրականացվող քրեաիրավական քաղաքականության փոփոխման անհրաժեշտությամբ: Ըստ նրա` փոփոխությունները միտված են ապահովել արարքի եւ պատժի համաչափությունը, հարկային  վարչարարության խստացման արդյունավետությունը եւ հասարակական հարաբերությունների զարգացմանը համընթաց հիմնախնդիրների լուծումը: Պարոն Սարգսյանը, ներկայացնելով 2004-2007 թթ. եւ 2008 թ. 10 ամիսների վիճակագրական տվյալները, տեղեկացրեց, որ «ՀՀ քրեական օրենսգրքի» 188 եւ 212 հոդվածներով գրանցված հանցագործությունների քրեաբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2004 թ-ին գրանցվել է նշված հանցագործությունների 192 դեպք, 2005 թ.` 189, 2006 թ.` 204, 2007 թ.` 176, իսկ 2008թ-ի 10 ամիսների ընթացքում գրանցվել  է  282 դեպք: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ներկայացրեց տնտեսական հանցագործությունների շարժընթացը 2004-2008 թթ. ընթացքում` 2004 թ. գրանցվել է ապօրինի ձեռնարկատիրության 23 դեպք, 2005 թ` 23 դեպք,  2007 թ` 16 դեպք,  2008 թ. 10 ամիսների ընթացքում` 48 դեպք: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տնտեսական հանցագործությունների մեջ տեսակարար կշիռ ունեն գանձվող հարկերը եւ տուրքերը կամ այլ պարտադիր վճարումներից խուսափելը: Նշվեց, որ քրեական օրենսգրքի փոփոխություններն առաջարկվում են քրեական օրենսգրքի 72 հոդվածի 2-րդ մասի հիման վրա, քրեական օրենսգրքի 189 հոդվածի 5-րդ մասով եւ 205 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարած անձանց կողմից պատճառված վնասը եւ հափշտակված արժեքն ու տուգանքը հատուցելու հիմքով քրեական պատասխանատվությունից նրանց ազատելը բացառելու  նպատակով, քանի որ նպատակահարմար չէ պետական բյուջե հարկերը վճարելուց  խուսափող, պետությանը դիտավորությամբ խոշոր չափերի` 15 մլն դրամից ավելի վնաս պատճառող ծանր հանցանք կատարած անձանց համար նախատեսել զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն, ինչը չի նպաստի նշված հանցատեսակի  կանխարգելմանը:
 
Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ 2003 թ. ընդունված «ՀՀ Քրեական օրենսգիրքը» հետագայում փոփոխության է ենթարկվել եւ 189 հոդվածի 5-րդ մասով  քրեական պատասխանատվությունից ազատվել են 205 հոդվածով հանցագործություն կատարած անձինք, եթե հատուցում են պետությանը պատճառած վնասը: 2005 թ-ին փոփոխության ենթարկվեց Քրեական օրենսգիրքը. 205 հոդվածը բաժանվեց 2 մասի, 189 հոդվածի 5-րդ մասում փոփոխություն չկատարվեց, այսինքն` հնարավորություն տրվեց 15 մլն դրամից ավել պետության նկատմամբ պարտավորություն ունեցող անձանց եւս քրեական պատասխանատվությունից ազատել: Հակասություն ստեղծվեց օրենսգրքի 72 հոդվածի  հետ, քանի որ ՀՀ օրենսդրության 37 հոդվածը թույլ չի տալիս ծանր հանցագործություն կատարելու դեպքում անձին ազատել քրեական պատասխանատվությունից:
 
Պարոն Սարգսյանի համոզմամբ` ՀՀ  սոցիալ-տնտեսական զարգացման եւ առաջընթացի շահերը պահանջում են բարձրացնել հարկային վարչարարության խստացման, տնտեսական հանցագործությունների համար սահմանված պատիժների կանխարգելման արդյունավետությունը:

Հիմնական զեկուցողին ուղղված հարցերը վերաբերում էին սպառողների շահերի պաշտպանությանը, պատժամիջոցների խստացման արդյունավետությանը, Քրեական օրենսգրքի 190 հոդվածի փոփոխության անհրաժեշտությանը, մանր ու միջին բիզնեսի գործունեությանը եւ այլն:

Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտակ Դավթյանի կարծիքով` դժվար կլինի հստակեցնել քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակում կատարվող հանցագործությունների սահմանը, օրինակ` բեռնափոխադրումների ոլորտում, երբ փոխվում է բեռնափոխադրման չափը, եւ եկամուտը ձեւափոխվում է, դառնում է քրեորեն հետապնդելի եւ ստացվում է, որ քաղաքացիաիրավական հարաբերություններով կարգավորվող հարցը տեղափոխվում է քրեորեն հետապնդելի ոլորտ, ինչը մեծացնում է հանցագործությունների ցանկը: Ըստ պարոն Դավթյանի` օրենսդրական նախաձեռնությունը հակասում է գործող մի շարք օրենքների: Արտակ Դավթյանը ողջունում է տուգանքների մեծացումը: Նրա համոզմամբ` պետք է նշել, թե հանրապետությունում ստվերայնության ի՞նչ մակարդակ կա եւ փոփոխությունները ի՞նչ արդյունք կտան ստվերի դեմ պայքարում: Նշված վիճակագրական տվյալների համաձայն` 205 հոդվածով սահմանված հանցագործությունների աճ է գրանցվել, բայց դատարան ուղարկված գործերի քննությունն այլ պատկեր է ներկայացնում. եթե 2004 թ. գրանցվել է 50 հանցագործություն, դատարան ուղարկվել է 18-ը, 2007 թ.` 59 հանցագործությունից դատարան է ուղարկվել 12-ը: Հիմնավորումը պետք է պարզաբաներ, թե դա ինչո՞վ է պայմանավորված:

Արտակ Դավթյանը պատիժների սահմանմանը դեմ չէ, բայց, ըստ նրա, պետք է հասկանալ պատժամիջոցների խստացման տրամաբանությունը: Նա կարծում է, որ հիմնավորման մեջ հարկային վարչարարության խստացման արդյունավետության տեսակետից պետական եկամուտների կոմիտեն հիմնավորումներ պետք է ներկայացներ: Պարոն Դավթյանը գտնում է, որ օրենսդրական նախաձեռնությունը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Նրա համոզմամբ` օրինագիծը կշահի, եթե ներկայացվեն գործող օրենսդրության թերություններն ու բացթողումները, որոնք պետք է վերանան օրինագծի ընդունումից հետո:

Հաջորդ հարակից զեկուցողը արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության փոխնախագահ Քրիստ Փիլոսյանն էր: Նա նշեց, որ գովելի է կառավարության մտահոգությունը տնտեսական դաշտում կարգուկանոն սահմանելու տեսանկյունից` հավելելով, որ արդյունաբերողների եւ գործարարների միության վերաբերմունքը բացասական է նախագծի ընդունման վերաբերյալ: Խոսելով պատժամիջոցների խստացումից` պարոն Փիլոսյանը առավել կարեւորեց պատժի անխուսափելիությունը, քան խստացումը: Նա նշեց, որ հավասար տնտեսական դաշտի կայացման հարցում քիչ են դրական տեղաշարժերը: Քրիստ Փիլոսյանը համոզված է, որ բավարար լիազորություններ ունեն եւ հարկային մարմինները, եւ դատախազությունը` միջամտելու եւ կանխարգելիչ դեր կատարելու հանցագործությունների վերացման ճանապարհին: Ըստ հարակից զեկուցողի` օրինագծի ընդունումը ժամանակավրեպ է: Անդրադառնալով համաշխարհային տնտեսական ճգնաժամին` նա նշեց, որ յուրաքանչյուր արտադրող ու արտահանող զգում է ճգնաժամի ազդեցությունը եւ նման պայմաններում օրինագծի ընդունումը անհասկանալի է,  մեկ քայլ ետ է կառավարության ազատական սկզբունքներից: Պարոն Փիլոսյանը համոզված է, որ պետք է գնալ կոնկրետ ծրագրերի կատարման, հարկային բեռի թեթեւացման, գործադիր իշխանության տարբեր ենթակառույցների աշխատանքի արդյունավետության բարձրացման ճանապարհով:
 
ԱԺ օրենսդրության վերլուծության վարչության քրեական եւ վարչական իրավունքի բաժնի վարիչ Արա Երեմյանն անդրադարձավ «ՀՀ քրեական օրենսգրքի» 190 հոդվածում «հանցավոր» բառը «անօրինական» բառով փոխարինելու կառավարության առաջարկին: Ըստ առաջարկի` գործող «Քրեական օրենսգրքով» քրեորեն հետապնդելի չհամարվող ցանկացած արարք, որը գտնվում է վարչաիրավական կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների տիրույթում, համարվելու է քրեորեն հետապնդելի:   Դա հակասում է քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասին, ըստ որի հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը թեեւ ձեւականորեն պարունակում է որեւէ արարքի հատկանիշներ, սակայն նվազ կարեւորության պատճառով հասարակական վտանգ չի ներկայացնում: Արա Երեմյանը համոզված է, որ անօրինական ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար պետք է պայքարել վարչաիրավական կամ քաղաքացիաիրավական ակտերով, գործընթացի քրեականացումը կնշանակի փոխել տնտեսական հարաբերություններին վերաբերող քրեական քաղաքականությունը: «Հանցավոր» բառը «անօրինական» բառով փոխարինելը կարող է հանգեցնել քրեական քաղաքականության կտրուկ փոփոխությունների, որը ընդունված չէ ԵԽ անդամ պետություններից որեւէ մեկում, դա, ըստ պարոն Երեմյանի, հետքայլ է, որը կարող է խոչընդոտել գույքային բնականոն գործունեությանը:

Հարցի վերաբերյալ ելույթ ունենալով` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Օսիկյանը ներկայացրեց պետեկամուտների կոմիտեի վիճակագրական տվյալները հարկային հանցագործությունների ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով պատասխանատվության խստացման անհրաժեշտությանը, նշեց, որ գիտական հստակ մոտեցումներ հայտնի չեն, սակայն բացի վիճակագրությունից պետք է լինի համեմատական վերլուծություն օրենսգրքի տարբեր հոդվածների միջեւ: Խոսելով կեղծ ձեռնարկատիրությունից եւ հարկերից խուսափելուց, միջազգային փորձի ուսումնասիրությունից` նա ընդգծեց, որ առաջարկվող փոփոխությունները ոչ բոլոր հոդվածներով են համոզիչ: Տուգանքների եւ ազատազրկման մասով, ըստ հանձնաժողովի նախագահի, օրինագիծը մի կողմից կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, մյուս կողմից դատարանին հնարավորություն է տալիս ավելի ճկուն գործել: Նա կողմնակից է, որ առանձնապես մեծ վտանգ  չներկայացնող հանցագործությունների համար կիրառվի տուգանք եւ ազատազրկում: Ըստ պարոն Հարությունյանի` տուգանքն արդյունավետ ազդում է այն անձի վրա, ում նյութական կարողություններն այնքան էլ մեծ չեն: Նրա համար դա է լուրջ պատիժ, իսկ ազատազրկումն արդյունավետ է ազդում այն անձի վրա, ում համար նյութականը խնդիր չէ: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը չի կարծում, որ եթե խոսքը վերաբերում է դիտավորյալ կատարված կեղծիքներին, ապա պետք է ֆիսկալ քաղաքականություն իրականացնել եւ նախատեսել քրեական պատասխանատվությունից ազատում: Հաճախ քրեական պատասխանատվության են ենթարկվում կազմակերպության ղեկավարները, գլխավոր հաշվապահները, բայց ոչ կազմակերպությունը: Դավիթ Հարությունյանը փաստեց, որ հարկային դաշտում առկա են հակասություններ, ինչը ամենավտանգավոր արգելքն է ձեռնարկատիրության զարգացման համար: Նա գտնում է, որ իրավական տեսանկյունից վտանգավոր է «հանցավոր» բառի փոխարինումը «անօրինական» բառով, որովհետեւ տարօրինակ իրավիճակ է ստեղծվում` անօրինական բազմաթիվ արարքների համար պատասխանատվություն չի նախատեսվում:

Եզրափակիչ ելույթում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտակ Դավթյանը կարեւորեց հարկային օրենսդրության բովանդակային կիրառումը: Նրա կարծիքով` հանրային հնչեղության նախագծերը պետք է քննարկվեն եւ առաջարկների հիման վրա հղկվեն ու կատարելագործվեն:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ քննարկումների եւ առաջարկությունների համար` փաստելով, որ նախագիծը վերանայման կարիք ունի: Նա նշեց, որ հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքում,  հաշվի առնելով նաեւ եվրոպական երկրների փորձը` օրինագիծը կլրամշակվի:
 
Քննարկումների ընթացքում պատգամավորները եւ շահագրգիռ այլ անձինք հարցադրումների եւ ելույթների տեսքով բարձրացրին մի շարք հարցեր, որոնք հետագայում կօգնեն կատարելագործել օրենքը: Եղան նաեւ գործնական առաջարկներ, ինչը հանձնաժողովը հաշվի կառնի իր հետագա աշխատանքներում:

Ամփոփելով խորհրդարանական լսումները` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը կարեւորեց օրինագծի շուրջ հանրային  քննարկումների կազմակերպումը:

24.11.2008
Միջազգային համաժողով Սանկտ Պետերբուրգում
Նոյեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում  ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում հրավիրվեց միջազգային համաժողով`  միջազգային մարդասիրական իրավունքի թեմայով, որը նվիրված էր 1868 թ ընդունված` Սանկպետերբուրգյան Հռչակագրի 140-րդ տարեդարձին:  Վեհաժողովի աշխատանքներին մասնակցեց ՀՀ ԱԺ  փոխնա...

24.11.2008
ԱԺ արտահերթ նիստ` նոյեմբերի 26-ին, ժամը 12-ին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում` ըստ որի ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2008 թ. նոյեմբերի 26-ին, ժամը 12-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով. ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ  ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ1. «Պա...

24.11.2008
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի թողարկման 15-ամյակի առիթով
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ուղերձով շնորհավորել է ՀՀ դրամի թողարկման 15-ամյակի կապակցությամբ.«Պետականության վերականգնումից ու պետականության խորհրդանիշների` դրոշի, զինանշանի, օրհներգի, հաստատումից հետո Հայաստանի Հանրապետության տնտեսական անկախության հաստատման վճռական ու կարեւոր քայլերից էր անցում...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am