Նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի,
երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի եւ էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցների գործունեության ոլորտի օրենսդրության փոփոխության նպատակով կազմված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որտեղ քննարկվեց ԱԺ մշտական հանձնաժողովի անդամների հեղինակած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են ՀՀ Սահմանադրությամբ եւ ԵԽԽՎ 1609 բանաձեւով առաջարկվող դրույթներով:
Աշխատանքային խմբում ընդգրկված են շահագրգիռ միջազգային եւ տեղական կառույցների փորձագետներ, ոլորտի մասնագետներ:
Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն անդրադառնալով նախագծի ստեղծման պատմությանը, նշեց, որ ստացվել են կառավարության, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ԵԽ փորձագիտական եզրակացությունները եւ դիտողությունները, որոնք հաշվի առնելով օրինագծի համահեղինակները լրամշակել են այն: Դրույթ առ դրույթ ներկայացնելով օրինագիծը, պարոն Աշոտյանն աշխատանքային խմբի անդամներին առաջարկեց ցուցաբերել զուտ փորձագիտական վերաբերմունք եւ դիտողությունները գրավոր ներկայացնել հանձնաժողովին: