National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.11.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
20.11.2008
Հայաստան-Գերմանիա բարեկամության պատգամավորական խմբի անդամների մամլո ասուլիսը


Հայաստան-Գերմանիա բարեկամության պատգամավորական խմբի անդամները նոյեմբերի 20-ի մամլո ասուլիսում մանրամասներ ներկայացրին նոյեմբերի 10-14-ը Գերմանիա կատարած այցից:

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Գերմանիա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արեւիկ Պետրոսյան.   Հայաստան-Գերմանիա պատգամավորական բարեկամության խումբը նոյեմբերի 10-14-ը գործուղվել էր Գերմանիա: Այցը իրականացվել է Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության պատգամավորական խմբի ղեկավարի հրավերով: Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբում ընդգրկված են ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ, նրանց մասնակցությամբ էլ  այցը տեղի ունեցավ: Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խումբը 2007 թ. հոկտեմբերին եղել է Հայաստանում: Այդ ժամանակահատվածում դեռեւս մեր խումբը ձեւավորված չէր: Չորրորդ գումարման Ազգային ժողովի գործունեության ժամանակահատվածում պատգամավորական բարեկամության խումբը առաջին անգամ է այցով եղել Գերմանիայում, այցն իրականացվել է խիստ հագեցած ծրագրով, հիմնական հարցադրումները եւ շեշտադրումները եղել են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շրջանակներում: Այցեր են տեղի ունեցել Պոտսդամում, Բրանդենբուրգում եւ Բեռլինում: Ուսումնասիրություններ, հարցադրումներ, զրույցներ իրականացվել են տարբեր հարթություններում, հանդիպումները են եղել  30-ից ավել հասարակական-քաղաքական գործիչների, պաշտոնատար անձանց հետ, մասնավորապես Բունդեստագի փոխնախագահի, Բունդեստագի Եվրամիության, արտաքին հարաբերությունների, մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովների ղեկավար կազմերի հետ, արտաքին գործերի նախարարության քաղաքական ղեկավարի հետ: Եղել են հանդիպումներ նաեւ տարբեր հիմնադրամների ներկայացուցիչների, պատգամավորների, Բունդեստագի ռազմական հանձնակատարի, ինչպես նաեւ երկրամասերի մակարդակով, մասնավորապես Բրանդենբուրգի մարզային խորհրդարանի նախագահի, տեղակալի, հանձնաժողովների նախագահների եւ համայնքային քաղաքական գործիչների հետ: Բոլոր այս հանդիպումների ընթացքում եւ հայկական, եւ գերմանական կողմերը շեշտադրել են ՀՀ-ԳԴՀ երկկողմ հարաբերությունների կարեւորությունը, որ տասնվեց տարվա կյանք ունեն` ժամանակահատված, որը թույլ է տալիս արձանագրելու, որ Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ առկա է թե քաղաքական, թե տնտեսական, թե գիտամշակութային, թե իրավական համապատասխան դաշտ: Հայաստանը  Գերմանիայի հետ հարաբերությունները կարեւորում է  երկու համատեքստում` միջպետական երկկողմ հարաբերություների եւ եվրոպական կառույցներին ինտեգրվելու, եվրոպական կառույցների հետ համագործակցելու: Մենք ներկայացրել ենք մեր գնահատականները եւ տեսակետները: 2004 թ. Հարավային Կովկասի երկրների հետ միասին Հայաստանը եւս ընդգրկվեց Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Հայաստանում բացվեց Եվրոպական հանձնաժողովի գրասենյակ: Նաեւ կարեւոր է Գերմանիայի մասնակցությունը` որպես Եվրամիության խոշոր դոնոր երկրներից մեկի աջակցությունը Հայաստանին 2006 թ. ստորագրված Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի իրականացման համատեքստում, ծրագիր, որն ընդգրկում է կյանքի բոլոր ոլորտները: Բոլոր հանդիպումների ընթացքում մենք ներկայացրել ենք մեր երախտագիտությունը Գերմանիայի Բունդեստագին` 1915 թ. ապրիլի 24-ի հայերի տեղահանությունների  եւ ջարդերի հետ կապված 2005 թ. ընդունած բանաձեւի առիթով: Պետք է նշեմ, որ, ճիշտ է, բանաձեւը ցեղասպանություն եզրույթը չի օգտագործել վերնագրում, բայց տեքստում այն կա, օգտագործված է բնաջնջում եզրույթը եւս:  Բունդեստագի պատգամավորական խումբը կարեւորել է ոչ այնքան այդ տեքստում իրավական ձեւակերպում տալը հայոց ցեղասպանությանը, որքան ասել Թուրքիային, որ պետք է  ընդունի իր պատմության մութ  էջերը, պետք է բացի սահմանները Հայաստանի հետ, դիվանագիտական հարաբերություններ հաստատի: Մեր բոլոր հանդիպումների ընթացքում Գերմանիայի քաղաքական-հասարակական  ղեկավարության եւ ներկայացուցիչների կողմից շեշտադրվել է Հարավային Կովկասում հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու եւ տարածաշրջանը հնարավորինս բարեկեցիկ տեսնելու մոտեցումները եւ ցանկությունները: Կոնկրետ  հարցադրումներ են ուղղվել, թե ի՞նչ մոտեցումներ ունենք հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման առնչությամբ, ինչպիսի՞ն են մեր մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով եւ ինչպե՞ս ենք տեսնում Հարավային Կովկասում զարգացումները: Հետաքրքրվել են եւ հարցադրումներ են ուղղել նաեւ ներքաղաքական իրավիճակի, մասնավորապես մարտի մեկի, ինչպես նաեւ մամուլի ազատության հետ կապված հարցերի շուրջ:

Օգտվելով առիթից` ես մեկ անգամ եւս պետք է իմ գործընկերներին  շնորհակալություն հայտնեմ` համախմբված աշխատանք իրականացնելու  եւ երկիրը ներկայացնելու համար: Նրանք ունեցել են հնարավորություն միասնական մոտեցումներ ներկայացնել, նաեւ արտահայտել իրենց եւ կուսակցական, եւ  անձնական մոտեցումները այս կամ այն հարցերի վերաբերյալ: Ունեցել են հարցադրումներ մեր գերմանական գործընկերները` ինչպե՞ս ենք մենք գնահատում Մոսկովյան հռչակագիրը: Բնականաբար, լսելով մեր մոտեցումները, լսելով մեր արձագանքները, հարցադրումների պատասխանները` իրենք նույնպես արտահայտում էին իրենց դիրքորոշումները:  Մեզ համար կարեւոր էր նաեւ այն, որ Բրանդենբուրգի երկրամասում եւ եւս 7 երկրամասերում,  դպրոցական ուսումնական ծրագրերում ընդգրկված է Հայոց ցեղասպանության թեման: Եվ մենք, եւ իրենք նույնպես կարեւորում էինք, որ թեման ընդգրկված է ուսումնակրթական ծրագրերում ոչ միայն զուտ ընդգծելու համար հայոց ցեղասպանության հանգամանքը, այլ այն, որ այդ դաստիարակչական մեթոդը աշխատելու է հետագայում նմանատիպ  ոճրագործությունները  բացառելու համար: Մեզ համար կարեւոր էր այցը գերմանացի հայտնի հրապարակախոս եւ հայանպաստ գործունեությամբ հայտնի Լեփսիուսի տուն-թանգարան: Ի դեպ նշեմ, որ Գերմանիայի հետ մեր դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ-ից, մենք  երկկողմ բարձրաստիճան հանդիպումներ ենք ունեցել հանրապետության նախագահի, վարչապետի, արտաքին գործերի նախարարի եւ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: Այդ ընթացքում ստորագրվել են մոտ 30 միջազգային համաձայնագրեր եւ երկկողմ բանակցային փուլում են գտնվում եւս չորսը: Գերմանիան իր ներդրումներով Հայաստանի տնտեսության մեջ համարվում է երկրորդ խոշորագույն դոնոր  երկիրը  ԱՄՆ-ից հետո, այս համագործակցության ժամանակահատվածում 265 միլիոն եվրո ներդրումներ է ունեցել  Հայաստանի տնտեսության մեջ եւ Գերմանիայի մասնակցությամբ 61 ձեռնարկություններ կան ՀՀ-ում: Ակտիվ համագործակցություն է ընթանում նաեւ կրթագիտական,  մշակութային ոլորտներում, կնքվել են համաձայնագրեր նաեւ Լեփսիուսի տուն-թանգարանի  կենտրոնի հետագա  զարգացումների մասով,   ուսուցիչների, դպրոցականների, ուսանողների կրթական  ծրագրերի առումով: Այդ հարաբերություններում եւս իր դերն ունի միջխորհրդարանական դիվանագիտությունը: Մենք  այցի  ընթացում ոչ միայն անդրադարձանք քաղաքական հարցադրումների, ճշտեցինք դիրքորոշումներ, փոխանակեցինք մտքեր, այլ նաեւ ուսումնասիրեցինք Բունդեստագի, Բունդեսրադի եւ երկրամասային մակարդակով խորհրդարանների  աշխատանքները, հանձնաժողովների գործունեության ոլորտները, ռազմական հանձնակատարի գործունեության ոլորտները, ինչպես նաեւ  հիմնադրամների աշխատանքները` ի՞նչ ծրագրեր են իրականացնում, ի՞նչ ակնկալիքներ կան: Մենք երկուստեք կարեւորեցինք այս համագործակցությունը եւ դիվանագիտական փոխհարաբերությունները, խորհրդարանական մակարդակով առաջարկություններ ներկայացրեցինք փորձի փոխանակման, փոխայցելությունների, համապատասխան ծրագրերի իրականացման, մասնավորապես օրենսդրության փորձաքննության եւ ուսումնասիրության, հիմնադրամների առումով, որը իմ գործընկերները ավելի մանրամասն կներկայացնեն: Մենք ունեցանք նաեւ հանդիպումներ առանձին պատգամավորների հետ, նրանք ներկայացրին իրենց անձնական տեսակետները քննարկված հարցերի շուրջ, ինչը խիստ կարեւոր է: Բոլոր հանդիպումների ընթացքում գերմանական կողմը` մեր գործընկերները,  ընդգծեցին Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները զարգացնելու կարեւորությունը, որ Հարավային Կովկասում իրենք Հայաստանն ուզում են տեսնել բարգավաճ, խաղաղ,  հակամարտությունները կարգավորված եւ պատրաստակամություն հայտնեցին իրենց օժանդակությունը բերել այս հարցերի իրականացման գործում:

Ըստ էության շեշտադրվել է Մոսկովյան հռչակագրի հարցը եւ հարցադրումներ ունենք տարբեր քաղաքական գործիչների կողմից` ինչպե՞ս եք ընդունում նոր ձեւաչափով Մոսկովյան հռչակագրի ընդունումը: Մեր պատասխանը եղել է այն, որ մենք սա չենք դիտարկում որպես նոր ձեւաչափ, Ռուսաստանի մասնակցությունը մենք գնահատում ենք որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի մոտեցում եւ բերել ենք մեր հիմնավորումները, թե ինչով ենք կարեւորում այս հռչակագիրը եւ ինչ ակնկալիքներ ունենք: Հիմնավորումներից միայն թվարկեմ մեկը, որ Ադրբեջանը  ստորագրություն դրեց մի փաստաթղթի տակ, որը ռազմատենչ բնույթ չունի  եւ ընդգծում է հարցի քաղաքական խաղաղ ճանապարհով լուծման ելքը: Մեր մոտեցումը հետեւյալն է` Ղարաբաղյան խնդրի կարգավորումը չի կարող տեղի ունենալ առանց  Ղարաբաղի մասնակցության:

Հայաստան-Գերմանիա բարեկամության պատգամավորական խմբի անդամ Ռաֆիկ Պետրոսյան. Բոլոր հանդիպումներում շոշափվում էր ցեղասպանության հարցը:  Գերմանիայի «Կանաչների» միության նախագահը նույնիսկ կասկած էր հայտնում, թե դեռ պետք է պարզել` ով է մեղավոր ցեղասպանության համար:  Ես կարծում եմ, որ կար տեղեկատվության պակաս, որովհետեւ Մարդու իրավունքների պաշտպանության եւ մարդասիրական օգնությունների  հանձնաժողովի փոխնախագահը հարցնում էր, թե ինչու՞ ադրբեջանական փախստականների հարցերը չեն լուծվում Հայաստանում: Ես ստիպված եղա մանրամասն բացատրել, որ ադրբեջանցիները ուռճացնում են փախստականների հարցերը, երկրորդն էլ`  նրանք ոչ թե մեկ միլիոն են, այլ ավելի  քիչ եւ որ նրանք հատուկ չեն լուծել իրենց հարցերը, որպեսզի միջազգային կազմակերպություններից կարողանան ավելի շատ գումարներ կորզել: Ադրբեջանական փախստականները ի տարբերություն հայ փախստականների հեռացել են` իրենց հետ տանելով իրենց գույքը կամ վաճառելով իրենց բնակարանները: Իմ կարծիքով այդ հարցը ընկալվեց նրանց կողմից:

Հայաստան-Գերմանիա բարեկամության պատգամավորական խմբի անդամ Արմեն Մելիքյան. Ես  ուզում եմ նշել մեր հանդիպումները հիմնադրամների ներկայացուցիչների հետ, մասնավորապես  Ֆրիդրիխ Էբերտի եւ Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամների ներկայացուցիչներ Կանի եւ Շուբերտի հետ: Այստեղ մի շարք հարցեր առաջացան: Նախ` մենք ցանկանում էինք, որ նրանք իրենց  ծրագրերը ֆինանսավորեին ոչ թե հակասությունները խորացնելով իշխանությունների եւ հասարակության միջեւ, այլ հասարակության համերաշխության արժեքների ամրապնդման ոլորտում: Ցանկություն հայտնվեց, որ ֆինանսավորումը հիմնադրամների կողմից լինի արվեստի, մշակույթի, առողջապահության բնագավառներում:  

Հայաստան-Գերմանիա բարեկամության պատգամավորական խմբի անդամ Արծվիկ Մինասյան. Մենք  30-ից ավելի հանդիպում ունեցանք այս չորս օրերի ընթացքում եւ գրեթե չի եղել մեկ հանդիպում, որտեղ արտաքին քաղաքական հարցեր չարծարծվեին:  Շնորհակալություն մեր գործընկերներին, որ կարողացան եւ որպես թիմ հանդես գալ, եւ որպես անհատ: Հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանին, որ շատ լավ ղեկավարեց աշխատանքները: 

Անցնեմ երկու հիմնական մոտեցումների` առաջինը կապված արտաքին քաղաքական հարթության մեջ Թուրքիայի դերակատարության մեծացմանը, որ շատ հաճախ ներկայացվում էր եւ առաջարկվում էր, որ մենք պետք է գերազանցապես ընտրենք թուրքական խաղաղության ճանապարհը: Բնականաբար, չմերժելով Թուրքիայի կողմից առաջարկվող խաղաղությունը` մենք չենք կարող այսօր Թուրքիային դիտել որպես խաղաղ բանակցությունների  կարգավորման այնպիսի մասնակից, որը չեզոք դիրք ունի եւ մտածում է երկարատեւ խաղաղություն հաստատելու մասին, այլ հարկ է, որպեսզի Թուրքիան, առաջին հերթին ընդունելով նաեւ գերմանական կողմի արդեն իսկ պատմական ճշմարտությունը ընդունելու փաստը եւ Հոլոքոստի եւ ցեղասպանության ճանաչման մասով, օրինակ վերցնի եւ ճանաչի այդ ցեղասպանությունը:  Եւ երկրորդ` օրինակ վերցնելով Գերմանիայից` Թուրքիան կարողանա իր անցյալին նայել ավելի պարզ, ավելի հասկանալի եւ  տարածաշրջանում խաղաղության երաշխավորման համար մեզ հետ լինի ավելի ընդունելի եւ գնահատելի: Երկրորդ կարեւոր դիտարկումն այդ առումով այն է, որ, ինչպես տիկին Պետրոսյանը նշեց,  Թուրքիայի կողմից առաջարկվող Կովկասյան պլատֆորմի շրջանակներում մենք, դրական գնահատելով նախաձեռնությունը, այնուամենայնիվ, այս պահին կարեւորում ենք, որ նրանում ընդգրկված չեն տարածաշրջանի բոլոր երկրները` ինչպես մեր հարեւան Իրանը, այնպես էլ շատ այլ  երկրներ, որոնք ունեն դրական դերակատարություն եւ քանի դեռ այս հարցերում չկա հստակություն,  այս պլատֆորմը չի կարող  դիտվել որպես անվտանգության  եւ խաղաղության հաստատման հստակ երաշխավորության գործողություն:

Ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում անվտանգությունը պետք է դիտվի Եվրոպայի անվտանգության բաղկացուցիչ մաս. առանց տարածաշրջանի եւ հատկապես Հայաստանի անվտանգության հստակ երաշխիքների գոյության չի կարող ոչ միայն տարածաշրջանը երկարատեւ խաղաղություն ունենալ, այլեւ Եվրոպան մշտապես կհայտնվի բավական խոցելի վիճակում: Գերմանական կողմին կոչ արեցինք, որպեսզի իր ազդեցությունը գործադրի ինչպես առանձին պետություն, որը պատմական անցյալով էական դերակատարություն է ունեցել տարածաշրջանում եւ նաեւ Եվրամիության համատեքստում ազդեցություն գործադրի  Թուրքիայի վրա Հայոց ցեղասպանության ճանաչման եւ առանց նախապայմանների սահմանները բացելու ուղղությամբ, այնպես նաեւ գերմանական կողմին առաջարկեցինք,  որպեսզի իր ջանքերը գործադրի Հայաստանում տնտեսական  ներդրումներ կատարելու  ուղղությամբ:

Հայաստան-Գերմանիա բարեկամության պատգամավորական խմբի անդամ Կարեն Ավագյան.   Գերմանական կողմը զարմացած էր մնացել, թե ինչպե՞ս կարող է բարեկամական խումբը նման  գրաֆիկով աշխատել եւ այդքան շատ  հանդիպումներ ունենալ: Ասեմ, որ բավականին մեծ գնահատականի է արժանացել ֆուտբոլային դիվանագիտությունը եւ եվրոպական գրեթե բոլոր կառույցներում այդ «ֆուտբոլային դիվանագիտություն» տերմինը ողջունվում է եւ կարելի է ասել քաղաքական տերմին է դարձել հենց Հայաստանի կողմից:

Հայաստան-Գերմանիա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արեւիկ Պետրոսյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին:


20.11.2008
Աշխատանքային հանդիպում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովում
Նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի եւ  էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցների գործունեության ոլորտի օրենսդրության փոփոխության նպատակով կազմված  աշխատանքային խմբի  անդրանիկ նիստը, որտեղ քննարկվեց ԱԺ ...

20.11.2008
Պարզաբանումներ ներկայացրին ՀՀ ոստիկանության պետի տեղակալները
Նոյեմբերի  20-ին տեղի ունեցավ 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստը` հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի նախագահությամբ: Նիստին հրավիրվել էին ոստիկանապետի տեղակալներ Հովհաննես Հունան...

20.11.2008
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը Հեռուստատեսության համաշխարհային օրվա առիթով
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Հեռուստատեսության համաշխարհային օրվա առիթով. «80 տարի առաջ  հեռուստատեսությունը հայտնվեց մարդկության կյանքում` ժամանակի մեջ դառնալով հաղորդակցության անկրկնելի ու փնտրված հնարավորություն:  1956-ի նոյեմբերի 29-ի առա...

20.11.2008
Վրաստանի դեսպանն Ազգային ժողովում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 20-ին  ընդունեց Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեին:Պարոն Աբրահամյանը բարձր գնահատեց երկու երկրների բարեկամական հարաբերությունները` իբրեւ ԱԺ նախագահ վերահաստատելով միջխորհրդարանական կապերն առավել սերտացնելու ու զարգացնելու պատրաստ...

20.11.2008
Հունաստանի դեսպանն Ազգային ժողովում
Նոյեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպան Իոանիս Կորինթիոսին:Փոխշահավետ եւ անհրաժեշտ համարելով հայ-հունական միջպետական հարաբերությունների զարգացումը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, ո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am