National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.11.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
20.11.2008
Պարզաբանումներ ներկայացրին ՀՀ ոստիկանության պետի տեղակալները

Նոյեմբերի  20-ին տեղի ունեցավ 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստը` հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի նախագահությամբ: Նիստին հրավիրվել էին ոստիկանապետի տեղակալներ Հովհաննես Հունանյանը, Արմեն Երիցյանը եւ ընդդիմության ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը ու Դավիթ Շահնազարյանը: 

Պարոն Նիկոյանը նշեց, որ հանձնաժողովի նիստին հրավիրել էին Լեւոն Զուրաբյանին եւ Դավիթ Շահնազարյանին` պարզաբանումներ տալու համար, սակայն նրանք մերժել են: Լեւոն  Զուրաբյանի կողմից տեղեկացրել են, որ այդ նույն ժամին մամուլի ասուլիս է տալիս, որին հրավիրում է մասնակցել նաեւ հանձնաժողովի անդամներին: Պարոն Նիկոյանը նշեց, որ եթե պարոն Զուրաբյանը թաքցնելու կամ պարզաբանումից խուսափելու նպատակ չէր հետապնդում,  ապա կարող էր գալ նիստին, իսկ ասուլիսը հետաձգեր: Նրա խոսքով`  հրավերը մնում է ուժի մեջ եւ եւս մեկ անգամ գրավոր կներկայացնեն: Այլապես ստացվում է, որ մինչեւ հիմա հանձնաժողովը դիմել է միայն ոստիկանության բարձրաստիճան ղեկավարներին, սակայն բոլորն էլ գիտեն, որ այնտեղ միայն ոստիկաններ չեն եղել:

 Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ  նամակով դիմել են ոստիկանությանը` պահանջելով, որպեսզի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ոստիկանության կողմից հատուկ միջոցների եւ հրազենի գործադրման յուրաքանչյուր դեպքով ներկայացված զեկուցագրերը եւ դրանցով կատարված ծառայողական քննության արդյունքների պատճենները տրամադրվեն հանձնաժողովին: Ոստիկանությունը պատասխան նամակում նշել է, որ դրանք նախաքննական մարմնի մոտ են, որից հետո երկրորդ նամակն էր ուղղվել, որոշակի բացասական շեշտադրումներով: Պարոն Նիկոյանի խոսքով փոխոստիկանապետ Գեւորգ  Մհերյանի պատասխանում նշած է. «Ի պատասխան ձեր գրությամբ արված հարցապնդմանը հայտնում եմ, որ ոստիկանությունը ցավում է նման պարզունակ հարցերով երրորդ անգամ դիմելու առթիվ»:  Պարոն Նիկոյանը եւ հանձնաժողովի անդամները իրենց վրդովմունքը արտահայտեցին փոխոստիկանապետի պատասխանի առնչությամբ, ով հանձնաժողովի հարցադրումներին  «պարզունակ» որակավորումն է տվել: Պարոն Նիկոյանը նշեց, որ եթե Գեւորգ Մհերյանը  այս ոճով է պատասխանելու, ապա ինքը  կխնդրի ոստիկանապետին, որ պարոն Մհերյանը  այլեւս չպատասխանի հանձնաժողովի նամակներին: 

Ոստիկանության պետի տեղակալներ Արմեն Երիցյանը եւ Հովհաննես Հունանյանը պարզաբանումներ տվեցին մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ոստիկանության գործողությունների վերաբերյալ: Նրանք  մանրամասն ներկայացրին  իրենց գլխավորած ստորաբաժանումների գործողությունները մարտի 1-2-ի ամբողջ  իրադարձությունների ընթացքում: Արմեն Երիցյանի խոսքով` առավոտյան ժամը 7-ի սահմաններում թատերական հրապարակում պետք է իրականացվեր տեղազննություն, քանի որ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ տեղում կա մեծ քանակությամբ զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր: Ոստիկանության աշխատակիցները դիմել են  ցուցարարներին, որ թույլ տան իրականացնել տեղազննությունը: Ցուցարարները չենթարկվելով օրինական պահանջներին` հարձակվեել են  նույնիսկ  անհատական պաշտպանության միջոցներ չունեցող ոստիկանների վրա: Իրենց  օգնության են եկել  պարեկապահակային ծառայության  գնդի ոստիկանները, ինչի արդյունքում մոտ 30 րոպեի ընթացքում կարողացել են  իրենց  առջեւ դրված խնդիրները լուծել եւ կատարել տեղազննություն: Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք- զինամթերք, թմրանյութ: Պարոն Երիցյանը նշեց, որ մինչեւ 18:00 իրենք  մնացել են  են թատերական հրապարակում, իսկ 18:30-ի սահմաններում տեղափոխվել են  Մաշտոցի պողոտա - Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկ, որտեղ պետք է շարունակեին ապահովել հասարակական կարգը: Օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ  Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դեսպանատների եւ քաղաքապետարանի շրջակայքում սկսվել են զանգվածային անկարգություններ, ծեծի են ենթարկվել ոստիկանության աշխատակիցներ, զենք են գողացել, բարիկադներ են ստեղծվել, հրկիզվել են մեքենաներ: Համաձայն տեղեկատվության` ցուցարարների մի մասը  պետք է գնար ՀՀ նախագահի նստավայր եւ Ազգային ժողով, մյուս մասը` դեպի քաղաքի կենտրոն: Ժամը 20:00-ի սահմաններում սկսվել է հարձակումը ոստիկանների վրա, վառելանյութով շշեր են գցվել աշխատակիցների վրա, հրկիզումներ են սկսվել Պռոշյան փողոցում: Մաշտոցի պողոտայում հրկիզվել են  մեքենաները. 30-40 րոպեով հսկողությունից դուրս էր եկել ճանապարհը, եւ ցուցարարները կարողացել են մտնել պողոտա:  Ցուցարարները սկսել են թալանը, ջարդարարությունը: Կրակոցներ են  նկատվել բարկադների հետեւից: Պարոն Երիցյանի խոսքով`  օրենքի համաձայն յուրաքանչյուր ոստիկան իրավունք ունի եւ պարտավոր է զենք կիրառել, երբ մարդու կյանքին եւ առողջությանը վտանգ է սպառնում: Այնտեղ զենք կիրառելու մասին ոչ մի հրաման չի եղել ոչ մեկի կողմից. ոստիկանության համակարգի աշխատակիցները եղել են անզեն, եղել են ոստիկանության զորքերի աշխատակիցներ, որոնք ունեցել են զենք: Փոխոստիկանապետը նշեց, որ ոստիկանության կենտրոնական ապարատից եղել են 173 հոգի, Երեւան քաղաքի բաժիններից` 350 հոգի, Արարատի մարզից` 80, Արագածոտնի մարզից` 133, Գեղարքունիքի` 150, Վայոց ձորի`  54 եւ Լոռու` 220: Ոստիկանության զորքերի թիվը եղել է  550 :
 
Փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանի խոսքով` բանակցությունները ընդդիմության ղեկավարները վարում էին ոչ թե իրավիճակը կարգավորելու, այլ ժամանակ շահելու եւ ցուցարարների թիվն ավելացնելու նպատակով: Նա նշեց, որ երբ 20-ի սահմաններում սկսվել է հարձակումը ոստիկանական ուժերի վրա, ցուցարարների կողմից ռումբեր են նետվել, հնչել են կրակոցներ, նրա բնութագրմամբ  «մարտական հարձակում» է սկսվել ոստիկանների վրա:  Նրա խոսքով` դեպքերից հետո, երբ մարտի 2-ի առավոտյան տեղազննումներ են իրականացվել ցուցարարների հավաքված տեղում մեծ քանակությամբ պարպուճներ են հայտնաբերվել:

Հանձնաժողովի անդամ Սարգիս Մուրադխանյանը («Ազգային միաբանություն») հանձնաժողովին ներկայացրեց «ԱՄ» կուսակցության հայտարարությունը, որով առաջարկվում է հանձնաժողովին  միջնորդություն ներկայացնել  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` ազատ արձակելու մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ կալանավորվածներին: Հանձնաժողովի անդամները նշեցին, որ իրենք իրավասու չեն իրենց ներկայացրած կուսակցությունների անունից որոշում կայացնելու: Եթե պարոն Մուրադխանյանը իր անունից` որպես հանձնաժողովի անդամ առաջարկ կներկայացնի,  այն անպայման կքննարկվի:



20.11.2008
Աշխատանքային հանդիպում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովում
Նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի եւ  էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցների գործունեության ոլորտի օրենսդրության փոփոխության նպատակով կազմված  աշխատանքային խմբի  անդրանիկ նիստը, որտեղ քննարկվեց ԱԺ ...

20.11.2008
Հայաստան-Գերմանիա բարեկամության պատգամավորական խմբի անդամների մամլո ասուլիսը
Հայաստան-Գերմանիա բարեկամության պատգամավորական խմբի անդամները նոյեմբերի 20-ի մամլո ասուլիսում մանրամասներ ներկայացրին նոյեմբերի 10-14-ը Գերմանիա կատարած այցից:ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Գերմանիա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արեւիկ Պետրոսյան.  Հայաստան-Գերմանիա պատգամավորական բարեկա...

20.11.2008
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը Հեռուստատեսության համաշխարհային օրվա առիթով
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Հեռուստատեսության համաշխարհային օրվա առիթով. «80 տարի առաջ  հեռուստատեսությունը հայտնվեց մարդկության կյանքում` ժամանակի մեջ դառնալով հաղորդակցության անկրկնելի ու փնտրված հնարավորություն:  1956-ի նոյեմբերի 29-ի առա...

20.11.2008
Վրաստանի դեսպանն Ազգային ժողովում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 20-ին  ընդունեց Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեին:Պարոն Աբրահամյանը բարձր գնահատեց երկու երկրների բարեկամական հարաբերությունները` իբրեւ ԱԺ նախագահ վերահաստատելով միջխորհրդարանական կապերն առավել սերտացնելու ու զարգացնելու պատրաստ...

20.11.2008
Հունաստանի դեսպանն Ազգային ժողովում
Նոյեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպան Իոանիս Կորինթիոսին:Փոխշահավետ եւ անհրաժեշտ համարելով հայ-հունական միջպետական հարաբերությունների զարգացումը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, ո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am