National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.11.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
27.11.2006
Ազգային ժողովի արտահերթ նիստը

Ազգային ժողովի նոյեմբերի 27-ին գումարված արտահերթ նիստում ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ քառօրյայի ընթացքում քննարկված 21 օրինագծեր եւ վավերացրին 4 միջազգային պայմանագրեր:

Քննարկվեց«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող ՀՀ օրենքների կիրարկմանարդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» օրինագիծը, որը ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանի տեղեկացմամբ` առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է, սակայն քվեարկությանը համապատասխան քանակով պատգամավորներ չմասնակցելու պատճառով օրինագիծը տապալվել է, ուստի նորից է ներկայացվում: Նա հիշեցրեց, որ նախագծի ընդունմամբ հնարավորություն կտրվի 2007 թվականից օրենսդրական հիմքերի վրա դնել համայնքի բյուջեի եկամուտների կորուստների չափերի եւ դրանց փոխհատուցման գումարների հաշվարկման գործընթացը:

«Երեխայի իրավունքների մասին»  ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը: Համաձայն ներկայացված փոփոխության` մինչեւ 16 տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է: Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը եւ պայմանները սահմանվում են օրենքով, այն է`  ժամանակավոր աշխատանքի կարող են ընդունվել ծնողներից մեկի կամ հոգաբարձուի, խնամակալության եւ հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությամբ, եթե դա չի խանգարում նրանց ուսուցման գործընթացին:

ԱԺ պատգամավորները քննարկեցին «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները: Առաջին օրենքի փոփոխությունը ամենամսյա դրամական օգնություն է նախատեսում վետերանների եւ հաշմանդամ վետերանների համար` կենցաղսպասարկման ծառայության վարձերը վճարելու եւ տրանսպորտից օգտվելու նպատակով:  Երկրորդ օրինագծի նպատակն է մարտական գործողությունների մասնակից շարքային կազմի զինծառայողների կենսաթոշակներին տրվող հավելումները 20 տոկոսով բարձրացնել, զինծառայողների եւ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների որոշ արտոնությունների դիմաց վճարվող դրամական օգնության չափը սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ` ամեն անգամ օրենքում փոփոխություն չկատարելու համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի տեղեկացմամբ` առաջարկում են տրանսպորտային միջոցների եւ դրանց կցորդների տեխնիկական զննությունը եւ տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման իրականացումը համարել լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեության տեսակ, սահմանում են լիցենզիաներ տալու համարբազային տուրքի 5000-ապատիկի չափով, տրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննություն անցնելու վերաբերյալ լիցենզառուներին համապատասխան փաստաթուղթ տալու համար բազայինտուրքի 250 տոկոսի չափով, տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման համար բազային տուրքի 100-ապատիկի չափով պետական տուրքի գանձումներ: Օրինագծով  վերացվում է օդի աղտոտման համար գանձվող տուրքը:

Լիցենզավորումն ու լիցենզիայի պայմանների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնելու է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը մրցութային եղանակով:

«ՀՀ վերահսկիչ պալատի մասին» օրինագիծը եւ դրա հետ կապված այլ օրենքներում կատարված անհրաժեշտ փոփոխությունները , ըստ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Սուրեն Կարայանի, բխում են Սահմանադրության պահանջներից.ՀՀ վերահսկիչ պալատը բյուջետային միջոցների եւ պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ արտաքին պետական վերահսկողություն իրականացնող անկախ պետական մարմին պետք է լինի: Փոխնախարարը ներկայացրեց Վերահսկիչ պալատի օրինագծով սահմանված կառուցվածքը, հիմնական խնդիրները, գործառույթները, իրավասությունները, վերահսկողության ձեւերը, իրականացման կարգը եւ պայմանները:

Գլխադասային` ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը` նշելով, որ օրինագծի հեղինակները հնարավորին չափ փորձել են իրավասություններին եւ պարտավորություններին վերաբերող համապատասխան դրույթներով պահպանել Վերահսկիչ պալատի անկախության սահմանադրական պահանջը, որի երաշխիքն է նաեւ կոլեգիալությունը: Պարոն Մինասյանի գնահատմամբ` չի կարելի բացառել խնդրի լուծման ավելի արդյունավետ տարբերակներ, ուստի դիմեց իր գործընկերներին` գրավոր ներկայացնել իրենց առաջարկությունները:

ԱԺ պատգամավորներ Հրայր Կարապետյանն ու Հովհաննես Մարգարյանը, իրենց ելույթներում ընդունելով, որ ակնհայտ ընդլայնված են Վերահսկիչ մարմնին տրված լիազորությունները, առաջարկեցին հստակություն մտցնել Վերահսկիչ պալատի գործունեության իրականացման մեխանիզմների, աշխատակիցների գործունեության կարգի մեջ, անկախ վերահսկող մարմնին տալ նաեւ բյուջետային մուտքերն ու ելքերը վերահսկելու իրավասություն:

Քննարկվեցին նաեւ  «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Չարենցավանի հաստոցաշինական գործարան»  բաց բաժնետիրական ընկերությանը հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով արտոնություններ տալու մասին», «Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, ՀՀ մի շարք օրենքներ եւ ՀՀ Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին», «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ 2007-2009 թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ - դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին», «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների մասին»,  «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրինագծերը եւ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ֆինանսավորման համաձայնագիրը վավերացնելու մասին (Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագիր)  միջազգային պայմանագիրը:

«Լիցենզավորման մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի` նոյեմբերի 28-ի արտահերթ նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am