National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
28.11.2023
Էներգետիկան հիմքն է արդյունաբերական զարգացման, բարեկեցության, տնտեսական առաջընթացի, պետությունների անվտանգության եւ սուվերենության. Հակոբ Արշակյանը բացման խոսքով հանդես է եկել «Հայաստանի էներգետիկ շաբաթ 2023» միջոցառմանը
1 / 9

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 28-ին բացման խոսքով է հանդես եկել «Հայաստանի էներգետիկ շաբաթ 2023» միջոցառմանը:

Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, էներգետիկայի ոլորտի նկատմամբ առկա է մեծ հետաքրքրություն: Նրա խոսքով էներգետիկան արդյունաբերության զարգացման, մարդկանց բարեկեցության, տնտեսական առաջընթացի, պետությունների անվտանգության եւ սուվերենության հիմքն է:

ԱԺ փոխնախագահը, խոսելով 2021-2026 թվականների Կառավարության գործունեության ծրագրի առաջնահերթություններից, նշել է, որ էներգետիկայի ոլորտում քաղաքականությունն ուղղված է լինելու էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակի բարձրացմանը, էլեկտրաէներգիայի եւ գազի հուսալի ու որակյալ մատակարարման ապահովմանը:

«Մինչեւ 2040 թվականն էներգետիկ բնագավառի զարգացման ռազմավարությունն ուրվագծում է Հայաստանի տեսլականն էներգետիկայի զարգացման ոլորտում, որը խարսխված է ազատ մրցակցային եւ ոչ խտրական, ներառական ու դիվերսիֆիկացված էներգետիկ անկախության բարձր մակարդակով, մաքուր եւ էներգախնայող, թվայնացված եւ ինովացիոն, գիտելիքահեն եւ բարձր տեխնոլոգիատար, կանխատեսելի եւ թափանցիկ, հասանելի եւ արդարացի բոլորի համար սկզբունքների վրա»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը եւ հավելել, որ ռազմավարության շրջանակում իրագործված բարեփոխումների արդյունքում 2022 թվականին գործարկված էլեկտրոնային հարթակի օգնությամբ Հայաստանում էլեկտրաէներգիա սպառողին ընձեռվում է մատակարարին ինքնուրույն ընտրելու, պայմանագիր կնքելու եւ առեւտուր անելու հնարավորություն:

ԱԺ փոխխոսնակի գնահատմամբ սա էներգետիկայի շուկայի ազատականացման կարեւոր բարեփոխում է: Ստեղծվել են նոր հնարավորություններ ներդրողների եւ էլեկտրաէներգիա արտադրողների համար. այժմ շուկան ազատ է, ցանկացողները կարող են էլեկտրաէներգիա արտադրել, արտահանել եւ ներկրել Հայաստանից:

Հակոբ Արշակյանը նշել է, որ պետական մեկ այլ ծրագրով էլ հնարավոր է արտոնյալ պայմաններով (0-5 տոկոսով վարկեր ստանալ բանկերից) տեղադրել մինչեւ 10 մլն դրամ արժողությամբ անհատական արեւային համակարգեր: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը կարեւորել է հատկապես սահմանամերձ համայնքներում քաղաքացիների իրազեկման մակարդակի բարձրացումը:

Աջակցության ծրագրերին անդրադառնալով՝ ԱԺ փոխնախագահը նշել է. «Ինքնավար էլեկտրաարտադրողների, տնային տնտեսությունների, արեւային պանելների միջոցով էլեկտրաէներգիայի փոխանակում իրականացնելու վերաբերյալ բարեփոխումների արդյունքում եթե 2018 թվականին 784 համակարգ ունեինք, ապա այժմ 10.000-ից ավելի ինքնավար արտադրողներ կան: Դա, իհարկե, տպավորիչ ցուցանիշ է, բայց պետք է այս ուղղությամբ եւս աշխատել»:

ԱԺ փոխխոսնակի խոսքով Հայաստանի էլեկտրաէներգիայի ոլորտի կայուն զարգացման գրավականը վերականգնվող էներգետիկ ներուժի տնտեսապես հիմնավորված, արդյունավետ եւ պատասխանատու օգտագործումն է, ատոմային էներգետիկայի խաղաղ նպատակներով զարգացումը, էլեկտրաէներգետիկական համակարգի տարածաշրջանային ինտեգրումը, էներգակիրների մատակարարման ուղիների եւ ձեւերի տարատեսակումը, էներգաարդյունավետության եւ էներգախնայողության միջոցառումների ներդրումը, թվային էներգետիկ վերափոխումը: Սրան են ուղղված բոլոր քայլերը, ներառյալ օրենսդրական դաշտի բարելավումը, կանխատեսելի սակագնային քաղաքականությունը, ներդրողների հետ տարվող աշխատանքները: Հակոբ Արշակյանի համոզմամբ ստեղծվում է հարմարավետ միջավայր էներգետիկայի ոլորտում ներդրումների համար, ինչի արդյունքում էլ ավելի է բարձրանում երկրի էներգետիկ անվտանգության եւ անկախության մակարդակը: «Կայուն էներգետիկան տնտեսության զարգացման կարեւորագույն գրավականներից է` ուղղված մարդկանց կյանքի բարելավմանը եւ կենսամակարդակի բարձրացմանը»,- փաստել է Հակոբ Արշակյանը եւ հաջողություն մաղթել միջոցառման մասնակիցներին:

Ողջույնի խոսքով հանդես են եկել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն:

Երեւանում, Ծաղկաձորում, Գյումրիում եւ Դիլիջանում հինգ օրերի ընթացքում կքննարկվեն ոլորտի ձեռքբերումներն ու զարգացման հեռանկարները, էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման միտումները, ոլորտային բարեփոխումներն ու իրականացվող քաղաքականությունը, ստեղծված իրավական ու տնտեսական միջավայրը, համայնքների կայուն էներգետիկ զարգացմանը, կլիմայի փոփոխությանը վերաբերող հարցեր, ինստիտուցիոնալ բարեփոխումները, վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարները եւ ոլորտային այլ հարցեր:


28.11.2023
Դավիթ Առաքելյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի աշխատակազմի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի կողմից ստորագրված միջխորհրդարանական համագործակցության համաձայնագիրը լայն հնարավորություններ է ստեղծել զարգացնելու երկկողմ հարաբերությունները մեր պետությունների խորհրդարանների եւ աշխատակազմերի միջեւ: Ասվ...

28.11.2023
Խորհրդարանում բացվել է «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդես
Հայերի բռնի գաղթն Ադրբեջանից սկսվել է 1988 թվականի փետրվարի 27-ից` Սումգայիթի ջարդերով, շարունակվել է Բաքվում, ապա` Ադրբեջանի այլ քաղաքներում: Այն ժամանակ, չունենալով միջազգային հանրության պատշաճ գնահատականը, Ադրբեջանի իշխանության` հայերի հանդեպ վարած էթնոֆոբ եւ ագրեսիվ քաղաքականությունը շարունակվել...

28.11.2023
Խորհրդարանում հյուրընկալվել են Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի անդամները
Ողջունում եմ ձեզ Հայաստանի Ազգային ժողովում: Ուրախ եմ, որ եկել եք Հայաստան: Նման հանդիպումները նպաստում են զարգացնելու երկկողմ հարաբերությունները, հնարավորություն ընձեռում քննարկելու տարածաշրջանային հարցեր. ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 28-ին Լիտվայի ...

28.11.2023
Ակնկալում ենք Արեւմուտքի երկրների աջակցությունը ժողովրդավարությունն առավել դիմակայուն դարձնելու գործում. Ալեն Սիմոնյանը՝ Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կարեւորվել են Հայաստան-Լիտվա բարեկամական հարաբերությունները՝ հիմնված համանման պատմական փորձի վրա: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am