ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 21-ին երկրորդ անգամ հրավիրված արտահերթ նիստում քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ««ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Կառավարությանը հնարավորություն կընձեռվի 2023 թվականի պետական բյուջեի շրջանակներում իրականացնել եւս 3 տոկոս՝ 77.7 մլրդ դրամի վերաբաշխումներ:
Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ Ազգային ժողովի նոյեմբերի 21-ի արտահերթ նիստում՝ օրենքով սահմանված կարգով նախագծի քննարկումն ընդմիջվելուց հետո գրավոր առաջարկներ չեն ներկայացվել:
Նախարարը պատգամավորների հարցադրումներին ի պատասխան իրազեկել է, որ այս տարի բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու համար կհատկացվի շուրջ 50 մլրդ դրամ:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին՝ արդյո՞ք 3 տոկոս վերաբաշխումը բավարար է մեր հայրենակիցների կարիքները հոգալու համար՝ ի պատասխան նշվել է, որ նախատեսված գումարը հնարավորություն կտա լուծել առկա խնդիրները:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվել է, թե ո՞ր ծրագրերից են վերցնելու այդ գումարները:
Վահե Հովհաննիսյանը փաստել է, որ այս պահին գործընկերների կողմից իրականացվում է կարիքների գույքագրում: Նշվել է նաեւ, մեր հայրենակիցների կեցության կարիքներին կուղղվի 10 մլրդ դրամ: Հատկացումներ կլինեն կրթության եւ առողջապահության գծով: